Իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է

27/09/2005 Կամո ՄԱՅԻԼՅԱՆ

Դեռեւս 1949թ. Չինաստանը, որի հիմնական ռազմական պոտենցիալը ցամաքային էր,
սերտ հարաբերությունների մեջ մտավ Ռուսաստանի հետ` հաշվի առնելով
Ռուսաստանի ծովային պոտենցիալը (անգամ առաջնորդների անձնական
հարաբերություններն էին բարձր մակարդակի վրա, եւ անգամ Ստալինի 70-ամյակին
նվիրված նիստում Ստալինի աջ կողմում նստած է եղել Մաո Ցզեդունը):
Չինաստանը շարունակեց իր արտաքին քաղաքականությունը համապատասխանեցնել
Սովետական Միության արտաքին քաղաքականության հետ մինչեւ 1959թ.:
Այնուհետեւ, Չինաստանի ռազմական պոտենցիալի զարգացման հետ զուգահեռ,
փոխվեց նաեւ արտաքին քաղաքականության ուղղվածությունը, այնուհետեւ` գրեթե
միշտ, Սովետական Միության, այնուհետեւ` Ռուսաստանի Դաշնության եւ
Չինաստանի միջեւ հարաբերություններն այսպիսի բարձր մակարդակի վրա չեն
եղել: Եվ այժմ այս երկու երկրներն իրականացնում են բարձր մակարդակի
համատեղ զորավարժություններ եւ հայտարարում, որ այլեւս Ռուսաստանի եւ
Չինաստանի միջեւ չկան տարածքային տարաձայնություններ, եւ որ այս երկու
երկրների եւ՛ տնտեսական, եւ՛ քաղաքական հարաբերությունները գտնվում են
ամենաբարձր մակարդակի վրա: Ի դեպ, որոշ վերլուծաբաններ պնդում են, որ այս
տնտեսական հարաբերությունները չինական կողմից Ռուսաստանի համար առաջիկա 10
տարում կապահովեն մոտ 80 մլրդ ԱՄՆ դոլար եկամուտ:

Համենայն դեպս, ակնհայտ է, որ այս համագործակցությունն ուղղված է ընդդեմ
ԱՄՆ-ի, ավելի կոնկրետ` ընդդեմ ԱՄՆ-ի ձգտմանը` աշխարհում զբաղեցնել
դոմինանտի դիրք:

Դեռեւս շատ վաղուց գերմանացի գիտնական եւ աշխարհաքաղաքականագետ Կառլ
Խաուսխոֆերը (1869-1946), որն իր աշխատությունների հիմքում միշտ հաշվի էր
առնում «ծովային ուժերի՝ ընդդեմ ցամաքի կոնցեպցիան», իր
աշխատություններում նշել է, որ 40-ականների սկզբին աշխարհում կազմավորվել
են երկու մեծ աշխարհաքաղաքական բլոկներ` պանամերիկյան եւ արեւելաասիական:
Այս բլոկների կայացումն ամբողջովին փոխեց աշխարհի «ուժային դաշտը», որով
եւ պայմանավորված է այն փաստը, որ ժամանակին Սովետական Միությունը
«լայնության ստրատեգիայից» անցավ «տաք ծովերի ստրատեգիային»: Նա նաեւ
ժամանակին շատ դիպուկ կանխատեսել է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ձգտումներն
Արեւմուտք-Արեւելք գծով եւ նշել է, որ այս աշխարհաքաղաքական էքսպանսիան
իրագործելու դեպքում լուրջ վտանգի հիմքեր կստեղծվեն ամբողջ աշխարհի համար,
քանի որ այսպիսով ԱՄՆ-ը կարող է ամբողջ աշխարհը ստրկացնել իրեն:
Խաուսխոֆերի կարծիքով, Արեւելյան Ասիան պետք է ամրացնի իր սեփական
քաղաքական եւ մշակութային հիմքերը, որպեսզի առաջ քաշի իր քաղաքական
սկզբունքները, ինչը եւ փորձում են այսօր անել Ռուսաստանը եւ Չինաստանը,
իհարկե, որոշ թերացումներով ու շեղումներով: Հետագա
աշխարհաքաղաքականության ձեւավորումը կախված է այս պայքարի արդյունքներից:
Բայց ցանկացած ելքի դեպքում ԱՄՆ-ը պաշտպանված կլինի նախկին անգլիական
գաղութների կողմից եւ միշտ կարող է հիմնվել տրոպիկական Ամերիկայի վրա, որն
իրենց հսկողության տակ է: Ինչեւէ:

Այս աշխարհաքաղաքագետը դեռեւս շատ վաղուց ասել էր, որ ԱՄՆ-ը վարում է
«անակոնդայի քաղաքականություն» այս երկրների հանդեպ, այսինքն` իր զոհին
շնչահեղձ է անում՝ աստիճանաբար խեղդելով իր օղակի մեջ: Այս ձեւակերպումը
մեր օրերում տիպիկ է Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ վարած քաղաքականության համար:

Գաղտնիք չէ նաեւ, որ ԱՄՆ-ը վաղուց արդեն հատուկ ուշադրության է
արժանացնում Ռուսաստանին աշխարհաքաղաքականորեն հարող դիրք ունեցող
պետություններին:

Ըստ ամերիկյան թերթում մի քանի տարի առաջ հրապարակված մի հայտնի քաղաքական
վերլուծաբանի եւ փորձագետի հոդվածի, թվարկվում էին այն ԱՊՀ երկրները,
որտեղ իր կարծիքով հեղափոխություններ կլինեին (դա նախքան եղած
հեղափոխություններն էր, ընդ որում, ըստ իր նշած հերթականության, Վրաստանից
հետո Ադրբեջանն էր), իսկ Հայաստանի մասին նշված էր, որ սա մի երկիր է, որը
երբեք հեղափոխություն չի ունեցել եւ որը դեռ երկար կմնա այսպիսի վիճակում:
Այս ամենը մտածելու տեղիք է տալիս, հատկապես` տարածաշրջանում ծավալված
ներկայիս լարված աշխարհաքաղաքական դաշտի պայմաններում: Եվ շատ հնարավոր է,
որ մեզ մոտ էլ կգա մի ժամանակ, երբ «վերեւինները չեն կարողանա կառավարել
հին ձեւով, իսկ ներքեւինները չեն ուզենա ապրել հին ձեւով»: Մնում է միայն
հուսալ, որ մեզ մոտ դա կլինի միայն ղարաբաղյան հարցի կարգավորումից հետո: