«Կոտորվեցին» վատ պայմաններում

17/05/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Ազգային ժողովն իր գարնանային նստաշրջանի նախավերջին քառօրյան սկսեց կառավարության նիստերի դահլիճում, որը շատ անհարմար էր բոլոր առումներով:

Նախ՝ կին պատգամավորներին եւ ընդհանրապես՝ կանանց համար բավականին դժվար էր հաղթահարել շենքի մուտքից մինչեւ դահլիճ հասնելու ճանապարհը: Այն բավականին սղլիկ էր, եւ սպորտային կարողություն էր պետք այդ հատակի վրա առնվազն առանց սայթաքելու քայլելու համար: Կանայք առնվազն մի քանի անգամ մի կերպ խուսափում էին ընկնելուց կամ աստիճաններից գլորվելուց: Իսկ դահլիճում արդեն աշխատանքային պայմաններ գրեթե չկային: Իհարկե, քվեարկելու համար անհրաժեշտ կոճակներն աշխատում էին, բայց օրինագծերի համար նորմալ քննարկում կազմակերպելն անհնար էր: Նախ՝ ելույթ ունեցողների ձայնն արձագանքում էր, եւ խոսքը վերածվում էր աղմուկի, ինչը որոշ դեպքերում անհասկանալի էր դառնում: Բացի այդ՝ սեղաններն էին շատ փոքր, ու անհնար էր ինչ-որ բան գրել: Պատգամավորները դժգոհում էին, որ իրենք չեն կարողանում նշումներ անել: Փոքր էր նաեւ քվեարկությունները պատկերող էկրանը, դրա փոխարեն՝ պարզապես տեղադրված էր ԱԺ միջանցքներից հանված մի հեռուստացույց: Այդպիսով ոչ միայն լրագրողների, այլեւ այդ էկրանին մոտ նստած պատգամավորների համար անհնար էր հետեւել քվեարկության պատկերին: Բացի այդ, ոչ միայն պատգամավորները, այլ խմբակցություններն այդտեղ առանձին աշխատելու հնարավորություն չունեին: Նրանք դժգոհում էին, որ գոնե 5 խմբակցություններին կարելի էր մեկական սենյակ տալ, որպեսզի այնտեղ աշխատելու հնարավորություն ունենային: ՀՀԿ կուսակցության գրասենյակը շատ մոտ է` անմիջապես դիմացի մայթին, եւ հանրապետականներն իրենց աշխատանքը կարող էին կազմակերպել այնտեղ: Շատ մոտ էր նաեւ ՀՅԴ Գերագույն մարմնի շենքը, եւ դաշնակցականների համար էլ էր հեշտ, սակայն մյուս երեք` ՕԵԿ, ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցություններն ընդհանրապես աշխատանքային պայմաններ չունեին: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանն իր հետ բերած օրինագծերի եւ փաստաթղթերի կապոցը դրել էր միջանցքի սեղաններից մեկի վրա եւ կատակում էր, թե՝ «սա մեր խմբակցությունն է»: Սակայն այդ դահլիճն ուներ նաեւ դրական խորհուրդ` այդտեղ է գումարվել եւ մոտ 20 տարի անցկացվել նորանկախ Հայաստանի առաջին Գերագույն խորհուրդը: ՀՀԿ խմբակցության 3 պատգամավորներ` Գագիկ Աբրահամյանը, Վոլոդյա Բադալյանը եւ Ռաֆիկ Պետրոսյանը եղել են նաեւ ԳԽ պատգամավորներ: Վերջինս դժգոհեց, որ այդ դահլիճում «հնադարյան մեթոդներով» են աշխատում: ԲՀԿ-ից Արամ Սաֆարյանն ասաց, թե կարելի էր գոնե միջանցքում տարածքներ առանձնացնել խմբակցությունների համար եւ կապով ապահովել:

«Իրոք պայմաններն անթույլատրելի են, եւ նման պայմաններում աշխատելն ուղղակի անհասկանալի է: Տվյալ պարագայում ուղղակի անհնարին է նստել փոքրիկ սեղանիկի վրա եւ աշխատել: Ես կարծում եմ, որ սա ընդամենը կինոցուցադրման դահլիճ է, եւ ԱԺ նիստերն այս դահլիճում չի կարելի անել: Առանց այն էլ ԱԺ-ն չի փայլում իր օրենսդրական գործունեությամբ, իսկ այս պայմանները կարող են էապես բացասաբար անդրադառնալ ԱԺ օրինաստեղծ աշխատանքների վրա: Ես կարծում եմ, որ քիչ հետո դահլիճում ընդհանրապես մարդ չի մնա»,- դժգոհեց Վիկտոր Դալլաքյանը:

Եվ իսկապես, քվեարկությունների ավարտից հետո դահլիճը միանգամից դատարկվեց: Իսկ առաջին ընդմիջումից հետո այնտեղ ընդամենը մի քանի պատգամավոր էր մնացել: Նույնիսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ներկայությունը պատգամավորներին դահլիճ չէր բերում: Հավանաբար այդ վիճակը կանխատեսել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ իր օգնականներին հրահանգել էր ներկա-բացակա անել: Եվ աղջիկները ամեն ընդմիջումից հետո պարտաճանաչ կերպով «պտիչկա» էին դնում դահլիճում գտնվող մի քանի հանրապետականների անունների դիմաց: Իսկ Գ.Սահակյանը պարբերաբար մոտենում եւ հարցնում էր, թե ինչ վիճակ է: Գ.Սահակյանը մեզ հետ զրույցում, սակայն, ներկա-բացակա անելը համարեց երկրորդական եւ ասաց, թե դահլիճում է պատգամավորների 30 տոկոսը` իր խոսքերով՝ 25 պատգամավորներ՝ ՀՀԿ-ից եւ 20 պատգամավորներ՝ այլ խմբակցություններից: Դահլիճում այդ պահին մոտ 20 պատգամավոր կար, որոնց մի մասը քիչ հետո հեռացավ: Եվ մի քանի օրենքների քննարկումն անցավ ընդամենը մի քանի պատգամավորների մասնակցությամբ: Բայց սա դեռ երեկվա դահլիճի պատճառած միակ «օրենսդրական անհարմարությունը» չէր: Պատգամավորները երեկ ցավով խոստովանում էին, որ Գերագույն խորհուրդը թեեւ գործում էր պատերազմական իրավիճակում, բայց անկախ Հայաստանի պառլամենտարիզմի պատմության մեջ անգերազանցելի մնաց: Դրան հաջորդող 4 խորհրդարաններն իրենց որակով զիջել են ոչ միայն ԳԽ-ին, այլ նաեւ միմյանց` հաջորդն իր նախորդից վատն է եղել: