Օգնենք կառուցապատողներին՝ երիտասարդների հաշվին

17/05/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Մի քանի ամիս առաջ մեկնարկած «Մատչելի բնակարան` երիտասարդ ընտանիքներին» ծրագիրն, ըստ ամենայնի, իրեն չի արդարացնում։ Այս տարվա հունվարի 29-ին հաստատված ծրագրի շրջանակներում այս պահի դրությամբ բնակարան է ձեռք բերել ընդամենը 20 երիտասարդ ընտանիք, եւս 60 հայտ գտնվում է բանկերի կողմից քննարկման փուլում։

Իր շուրջը բարձրացրած մեծ աղմուկի համեմատ՝ սա բավականին փոքր թիվ է։ Հայտատուների քանակը, իհարկե, չի նշանակում, որ Հայաստանում բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքները քիչ են։ Խնդիրը պարզապես այն է, որ ծրագրի պայմանները չէին լուծում բնակարանի խնդիր ունեցող երիտասարդ ընտանիքի հիմնական խնդիրները, օրինակ՝ 30% պարտադիր կանխավճարի վճարումը։ Հիշեցնենք, որ 3 միլիարդ դրամ արժողությամբ ծրագիրը երիտասարդ ընտանիքներին հնարավորություն է տալիս համեմատաբար մատչելի պայմաններով՝ տարեկան միջինը 9%-ով, հիպոթեքային վարկեր ստանալ։ Երեւանում վարկի առավելագույն գումարը 16 միլիոն դրամ է։ Սակայն խնդիրը բարդանում է նրանով, որ ընտանիքը ինքնուրույն պետք է մուծի բնակարանի արժեքի 30%-ը, եւ բացի այդ՝ ընտանիքի ամսական եկամուտը (փաստաթղթերով հիմնավորված) պետք է լինի նվազագույնը շուրջ 350 հազար դրամ։ Ավելացնենք նաեւ, որ այս ծրագրով սահմանվել էր երիտասարդության հետաքրքիր մի չափանիշ. ծրագրին կարող էին մասնակցել այն ընտանիքները, որոնցում ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը, եւ ամուսիններից ոչ ոք 35 տարեկանից մեծ չէ։ Այժմ որոշել են փոքր-ինչ մեղմացնել պայմանները։ Ինչպես լրագրողներին հայտնել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը, ծրագիրն այսուհետ առավել մեղմ պայմաններ կառաջարկի, որոնք վերաբերում են տարիքային սահմանափակմանը, առաջին վարձավճարին ու վարկի հատկացման ժամկետին։ «Իրագործման փուլում ծրագիրը որոշակի խոչընդոտների հանդիպեց, եւ ՀՀ կառավարությունը պատրաստակամություն հայտնեց որոշ շտկումներ կատարել եւ դարձնել այն առավել մատչելի»,- ասել է փոխնախարարը՝ միաժամանակ հավելելով, որ պետությունը, այնուամենայնիվ, չի կարող տարբեր առաջարկներ հրամայականի կարգով պարտադրել անշարժ գույքի եւ ֆինանսական շուկաներում, քանի որ շուկայական տնտեսության պայմաններում դա սխալ քայլ կլիներ: Մի խոսքով, կարելի է կարծել, թե մեր լիբերալ, շուկայական սկզբունքներին հավատարիմ գործող կառավարությունը ամեն ինչ անում է՝ երիտասարդների կյանքը թեթեւացնելու համար։ Ավելին կաներ, սակայն շուկայական տնտեսությունում պետության միջամտությունը ճիշտ չէր հասկացվի։ Այս պայմաններում հարց է ծագում՝ իսկ ի՞նչ է, մասնավորապես, անում պետությունը այս ծրագրով։ Մի առիթով արդեն գրել ենք, որ նա ընդամենը իր վրա է վերցնում ամսական 140-150 հազար դրամ կազմող վարձավճարի 20-25 հազարը։ Այն էլ՝ շատ քիչ թվով ընտանիքների համար։ Իրականում, ծրագրի շրջանակներում 8.5-9 տոկոսով տրամադրվող վարկն էլ ոչ այլ ինչ է, քան անխղճություն։ Իհարկե, եթե համեմատում ենք հայաստանյան շուկայում գործող տոկոսադրույքների հետ, դա բավականին ցածր է։ Սակայն զարգացած աշխարհում, որի հետ սիրում ենք համեմատվել, նման բան չկա։

Չգիտենք՝ որքանով է անկեղծ կառավարության սրտացավությունը առ սեփական ընտանիքները, սակայն մի բան հստակ է՝ ծրագիրը հընթացս փորձում է մեկ այլ խնդիր էլ լուծել՝ ապահովել շինարարության ոլորտի աճը եւ թույլ չտալ, որ կառուցապատողների բնակարաններն առանց գնորդի մնան։ Ֆինանսատնտեսական ճգնաժամից Հայաստանում առավել շատ տուժողներից մեկը հենց կառուցապատողների խավն էր։ Անգամ պաշտոնական վիճակագրությամբ, անշարժ գույքի գները նվազեցին 8-10%-ով։ Իրականում գնանկումն ավելի մեծ էր, ինչը փորձում էին թաքցնել՝ ավելորդ խուճապ չառաջացնելու եւ սպասողական տրամադրությունները ցրելու համար։ Այժմ վիճակը կարծես կայունանում է։ Անշարժ գույքի գները սկսել են աճել։ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ Երեւան քաղաքում 2010թ. առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2009թ. չորրորդ եռամսյակի համեմատ, աճել են 2.6%-ով: Այսպես, եթե նախորդ տարվա չորրորդ եռամսյակում Երեւան քաղաքում 1քմ-ի գինը միջինում կազմում էր 264.400 դրամ, ապա այժմ՝ 271.400 դրամ։ Կադաստրի կոմիտեն նաեւ որոշակի աշխուժացում է արձանագրել անշարժ գույքի շուկայում։ Երեւան քաղաքում 2010թ. առաջին եռամսյակում, 2009թ. առաջին եռամսյակի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը աճել է 51.4%-ով։ Սակայն չորրորդ եռամսյակի համեմատ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 31.1%-ով։ Սրան գումարենք այն հանգամանքը, որ շինարարության անկման տեմպերը սկսել են թուլանալ եւ այս տարվա առաջին 4 ամիսների տվյալներով՝ շինարարության ծավալը գրեթե հավասարվել է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշին։ Թեեւ շահագործման հանձնված բնակելի շենքերի ընդհանուր մակերեսի հաշվարկով արձանագրվել է 22.2% անկում (29.888քմ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 38.393քմ-ի դիմաց), Երեւանում բնակարանաշինությունը ոչ միայն չի նվազել, այլեւ աճել է 3.5%-ով (16.497քմ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 15.939քմ-ի դիմաց)։ Եվ քանի որ Երեւանին բաժին է ընկնում բնակարանաշինության ծավալների կեսից ավելին, իսկ գները մի քանի անգամ գերազանցում են մարզերի ցուցանիշները՝ հետաքրքրությունն այստեղ մեծ է։ Եվ վերջապես չպետք է մոռանալ շինարարության շղթայի վերջին բաղադրիչի՝ հիպոթեքային վարկավորման մասին։ Չնայած կառավարության հորդորներին, ազգային հիպոթեքային ընկերության գործունեությանը եւ «Մատչելի բնակարան» ծրագրին՝ հիպոթեքային վարկավորման ծավալները ՀՀ-ում ըստ էության չեն աճել։ Այսպես, Կենտրոնական բանկի տվյալներով՝ դրամով տրված հիպոթեքային վարկերի ծավալը 2009թ. դեկտեմբերի վերջի դրությամբ կազմում էր 51.9 միլիարդ դրամ, իսկ 2010թ. մարտի վերջի դրությամբ՝ 51.4 միլիարդ։ Արտարժույթով տրամադրված վարկերի մասով որոշակի աճ է արձանագրվել (32 միլիարդից՝ 33.7 միլիարդ դրամ), սակայն այստեղ մեկնաբանություններից զերծ կմնանք, քանի որ հստակ չգիտենք՝ այդ աճը որքանո՞վ է պայմանավորված դրամի արժեզրկմամբ։

Մի խոսքով, շինարարությունը (այդ թվում՝ բազմաբնակարան շենքերի) սկսել է նորից թափ հավաքել։ Սակայն առուվաճառքի գործարքները նվազել են նախորդ եռամսյակի համեմատ, իսկ հիպոթեքային վարկավորման ծավալները չեն աճում այնպես, ինչպես կցանկանային ոլորտի պատասխանատուները։ Իսկ նման պայմաններում ամենեւին չի բացառվում, որ «Երիտասարդ ընտանիք» ծրագրում երիտասարդության տարիքային շեմը սահմանվի, ասենք, 50 տարեկան՝ ներկայիս 35-ի փոխարեն։ Կարեւորը՝ մարդը հոգով երիտասարդ լինի եւ նպաստի հայրենի բնակարանաշինության զարգացմանը։