Թաիլանդի բանակի նախկին գեներալ Սավասդիպոլ Խաթիան, որն առավել հայտնի էր «Կարմիր հրամանատար» անունով, այն բանից հետո, երբ անցել էր ընդդիմության կողմը, գլխի վնասվածք ստանալուց 5 օր անց մահացել է: Անցյալ հինգշաբթի նա հրազենի վնասվածք էր ստացել այն պահին, երբ հարցազրույց էր տալիս «New York Times»-ի թղթակցին: Խաթիան ցուցարարների անվտանգության ապահովման պատասխանատուն էր: Ավելի վաղ Թաիլանդի կառավարությունը մերժել էր «կարմիրվերնաշապիկավորների» առաջարկությունը` բանակցություններ վարել ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կիրակի Թաիլանդի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել երկրի 5 նահանգներում, որպեսզի զորքերը կարողանան վերահսկողության տակ վերցնել իրավիճակը: Սակայն գիշերը կրկին բախումներ են տեղի ունեցել ընդդիմության ներկայացուցիչների եւ կառավարական զորքի միջեւ, ինչի հետեւանքով մայրաքաղաք Բանգկոկում մեկ զինվոր է զոհվել: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 35-ի: