Շաբաթ օրը ժամը 19:00-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր անկողնում հանկարծամահ է եղել 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը:
Ըստ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի, դիակի նախնական զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ տարվում է քննություն: Դեպքի մասին իրազեկվել եւ իրականացվող աշխատանքներին մասնակցելու է հրավիրվել Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խումբը: Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով («պետական իշխանությունը յուրացնելը»), 305-րդ հոդվածով («պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանություն»), 34-305-րդ հոդվածներով («պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձ»), 217-րդ հոդվածի 2 մասի 2-րդ կետով («ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի գործադրմամբ»), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 6-րդ կետերով («երկու կամ ավելի անձանց ազատությունից ապօրինի զրկելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով»): Հիշեցնենք, որ 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի անդամ Համլետ Ստեփանյանը, որը անմիջականորեն չէր մասնակցել Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած իրադարձություններին, դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Նշենք, որ Ստեփանյանի մահը երրորդն է Հոկտեմբերի 27-ի գործով դատապարտվածների շարքում: 2000 թ. օգոստոսի 29-ին, դեռ գործի նախաքննության փուլում, «Նուբարաշենի» մեկուսարանում մահացավ հոկտեմբերի 27-ի գործով ամբաստանվող Նորայր Եղիազարյանը: Ըստ դատաբժշկական փորձաքննության` նա մահացել էր 220 վոլտ հոսանքից: Թեեւ որոշ այլ պնդումների համաձայն, նրա գլխին եղել էին հարվածի հետքեր: Նա Նաիրի Հունանյանի խմբին զենք վաճառած անձն էր, որն այդպես էլ դատարան չհասավ: Իսկ 2004թ.ապրիլի 16-ին իր խցում կախված գտան ոճրագործների քեռուն` ցմահ դատապարտված Վռամ Գալստյանին, որն իրեն բավականին տարօրինակ էր պահում եւ մահից առաջ սկսել էր հայտարարություններ անել ահաբեկչության հետ կապված: Մահից առաջ նա իբր խնդրել էր իրեն տեղափոխել առանձին խուց, որովհետեւ չէր համակերպվում իր խցակիցների հետ, իսկ մեկուսարանի ղեկավարությունը մեծ սիրով բավարարել էր նրա խնդրանքը: Հաջորդ օրը նրան հայտնաբերել էին կախված, իսկ քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Սամվել Հովհաննիսյանն այն ժամանակ հայտարարեց, թե նա հաճախ է ինքնասպանության փորձեր արել:
Իսկ մայիսի 15-ին հանկարծամահ եղած Համլետ Ստեփանյանը, որն, ի տարբերություն մյուսների, դատապարտվել էր ոչ թե ցմահ, այլ 14 տարվա ազատազրկման, շատ մոտ ապագայում պետք է հայտնվեր ազատության մեջ: Նա անմիջականորեն չէր մասնակցել Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած իրադարձություններին, այլ սպասել էր դրսում: Համլետ Ստեփանյանը միացել էր ահաբեկիչներին 1999թ. հոկտեմբերի 27-ի առավոտյան:
«Այս առումով վստահ եմ, որ իրական կազմակերպիչների մասով Համլետ Ստեփանյանը տեղեկություններ չի ունեցել, սակայն նաեւ համոզված եմ եւ ասել եմ, որ Ստեփանյանը տեղեկություններ ունեցել է այն ուժերի մասին, որոնք պետք է միանային սպանությունները կատարելուց հետո,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է Հոկտեմբերի 27-ի գործով Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը` ավելացնելով,- Այդ առումով Համլետ Ստեփանյանի մահը ձեռնտու էր այն մարդկանց, ովքեր սպասում էին ոճրագործներից Դերենիկ Բեջանյանի զանգին, որպեսզի միանային ոճրագործներին»: Աշոտ Սարգսյանը սպասում է դատաբժշկի եզրակացությանը, թեեւ վստահ է, որ պաշտոնական վարկածը լինելու է ճիշտ այնպես, ինչպես Վռամ Գալստյանի դեպքում: Եվ այս հարցում Սարգսյանը կարեւորում է իրավապաշտպանների դերը, որոնք պետք է հետամուտ լինեն մահվան իրական հանգամանքների բացահայտմանը: Իսկ արդյոք Նաիրի Հունանյանի եւ մյուսների կյանքը եւս վտանգված չէ՞, հաշվի առնելով, որ արդեն 3 հոգի տարբեր հանգամանքներում մահացել են: «Ա1+»-ի այդ հարցին Աշոտ Սարգսյանը պատասխանել է. «Մի օր էլ կարող է Նաիրի Հունանյանին մահացած գտնեն, բայց դա արդեն կխոսի իշխանության հնարավոր փոփոխության մասին»: Ըստ նրա` գործող իշխանությունը չի հեռանա, քանի Նաիրի, Կարեն Հունանյանները եւ Էդիկ Գրիգորյանը ողջ են: «Որովհետեւ նոր իշխանությունը հենց նրանց միջոցով պետք է պարզի Հոկտեմբերի 27-ի իրական կազմակերպիչներին»: