Եկեք ասենք, որ իզուր ենք եկել

17/05/2010

Հեռուստադիտողները թերեւս նկատել են, որ վերջին շրջանում առեւտրային բանկերը աննախադեպ ակտիվությամբ սկսել են գովազդել իրենց կողմից տրամադրվող բիզնես վարկավորումը։ Օրը 100 անգամ կրկնվող հոլովակները բոլորին կոչ են անում զարգացնել իրենց բիզնեսը այսինչ բանկի հետ, լիցքավորել այն՝ այնինչ բանկի վառելիքով, կամ «ռոզիսկ» են տալիս վարկերի կարիք ունեցող բիզնեսմենների։ Հեռուստաեթերից ետ չի մնում նաեւ «փողոցային» գովազդը. լայնաֆորմատ վահանակները ամեն 10 մետրը մեկ պոտենցիալ վարկառուներին հրավիրում են բանկ՝ ստանալու բիզնես վարկեր։ Այս ամենի արդյունքում այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ բանկերը կրակն են ընկել իրենց միջոցների ձեռքն ու ցանկանում են որքան հնարավոր է արագ ազատվել դրանցից՝ վարկեր տրամադրելով։ Սակայն այսպես մտածող ցանկացած բիզնեսմենի (հատկապես փոքր) խորը հիասթափություն է սպասում, եթե նա որոշի բիզնես վարկ վերցնելու համար այցելել որեւէ բանկ։ Այնպիսի պայմաններ են սահմանում վարկ տրամադրելու համար, որ զարմանում ես՝ այդ պայմաններին բավարարելու դեպքում ինչի՞ համար պետք է ընդհանրապես վարկի հայտ ներկայացնել։ Ավելին, մեր տեղեկություններով՝ որոշ բանկեր անգամ ժամանակավորապես սառեցրել են բիզնես-վարկավորումը` անորոշ ժամանակով։ Իհարկե՝ բանկը մասնավոր կառույց է. ինքն է որոշում՝ ում վարկ տալ, ում ոչ, որքան ու ինչ պայմաններով։ Սակայն այս պարագայում անհասկանալի է դառնում վերը նշված գովազդային արշավը։

Ինչի՞ համար են բանկերը մարդկանց հրավիրում վարկեր ստանալու, եթե, այսպես թե այնպես, մերժելու են։ Երեւի հաճույք են ստանում՝ ո՞վ գիտի։ Ի դեպ, երեկ ինտերնետում մի հետաքրքիր լուր հայտնվեց։ Կանադացի գիտնականները ուսումնասիրել են սուտ խոսելու երեւույթը երեխաների շրջանում եւ եկել այն եզրակացության, որ երկու տարեկանում ստելու ունակությունը ուղեղի արագ զարգացման նշան է։ «Համարյա բոլոր երեխաները ստում են։ Ում մոտ լավ է ընթանում ճանաչողական զարգացումը, նա ավելի լավ է ստում։ Հնարավոր է՝ նման երեխաները հետագայում դառնան բանկիրներ»,- ասել է Տորոնտոյի համալսարանից դոկտոր Կենգ Լին։