Քելբաջարը եւ Ֆիզուլին

17/05/2010

Երեկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ժամանել է Բաքու: Էրդողանը Բաքու պետք է ժամաներ նախօրեին, սակայն նրա ժամանակացույցում փոփոխություններ կատարվեցին, եւ նա նախ մեկնեց Թեհրան, որտեղից էլ` Ադրբեջանի մայրաքաղաք: Թուրքիայի վարչապետի` Բաքվում կայանալիք հանդիպումների օրակարգում հիմնականը, ըստ ադրբեջանական աղբյուրների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ էներգետիկ հարցերն են:

Էրդողանի այցի շրջանակներում նախատեսվում է Ադրբեջանից գազի ձեռք բերման մասին նոր պայմանագրի ստորագրումը: Ակնկալվում է նաեւ Ռեջեփ Էրդողանի մասնակցությունը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանի բացման արարողությանը: Թուրքական «Hurriyet» օրաթերթի տեղեկություններով, Էրդողանն Ադրբեջանի իշխանություններին է ներկայացնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր ծրագիր, ըստ որի` Հայաստանը ազատելու է Ղարաբաղը շրջապատող եւ ներկայումս հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող 7 շրջաններից 2-ը` Քելբաջարը եւ Ֆիզուլին, ինչի դիմաց Ադրբեջանը բացելու է Հայաստանի հետ սահմանը: Ըստ թուրքական թերթի` այդ բանաձեւը մշակվել է Հայաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հետ Վաշինգտոնում եւ Ռուսաստանի նախագահի հետ Անկարայում Թուրքիայի վարչապետի ունեցած հանդիպումների արդյունքում: «Եթե անգամ Բաքվի վարչակազմը հանրությանն ուղղված իր հայտարարություններում ընդգծում է, թե «5+2» բանաձեւից հետքայլ չի անելու, այնուամենայնիվ, 2 շրջանների հարցի առնչությամբ շարունակվում են քննարկումները: Նշվում է, որ այդ երկու շրջաններն են Քելբաջարը եւ Ֆիզուլին: Անկարան հայ-թուրքական սահմանը փակել է 1993 թվականին, երբ Քելբաջարն անցավ Հայաստանի ձեռքը: Այդ պատճառով հայերի` Քելբաջարից դուրս գալու հարցը կենսական նշանակություն ունի Անկարա-Երեւան հարաբերությունների տեսանկյունից: Եթե ընդունվի այդ առաջարկությունը, կիրականանան Թուրքիայի` Քելբաջարի հարցում ակնկալիքները, ինչպես նաեւ կբացվի հայ-ադրբեջանական սահմանը, ինչն էլ իր հերթին կհեշտացնի Անկարայի կողմից սահմանի բացումը: Սակայն 2 շրջանների հետ կապված առաջարկության հարցում առայժմ իրենց խաղաքարտերը չեն բացում ոչ Երեւանը, ոչ էլ Բաքուն»,- գրել է «Hurriyet»-ը` նշելով, որ եթե Հայաստանը հրաժարվի ընդունել Ղարաբաղի հարակից շրջանների հետ կապված նոր առաջարկությունը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է շատ երկար ժամանակ սառեցված մնալ:

«Գործընթացի կարեւոր տարրերից է համարվում շրջանների թվի նվազեցման հարցը: Անկարան նուրբ դիվանագիտությամբ աշխատում է այն ուղղությամբ, որ Երեւանն ազդանշան տա շրջաններից դուրս գալու հարցում: Իսկ սրա շնորհիվ պարարտ հող կնախապատրաստվի Արձանագրությունները Թուրքիայի Ազգային մեծ ժողովում վավերացնելու եւ Հայաստանում առկախված գործընթացը վերսկսելու համար: Իշխանական աղբյուրները նշում են, որ եթե հայկական կողմը շրջանների հետ կապված նոր առաջարկության հարցում դրական մոտեցում չցուցաբերի, Անկարան, հնարավոր է, շատ երկար ժամանակով սառեցնի հարաբերությունների կարգավորման գործընթացը»,- գրում է «Hurriyet»-ը: