«Պայքար» աղքատության դեմ

27/09/2005 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Վանաձորի քաղաքապետարանում օրերս ստեղծվել է նոր բաժին՝ սոցիալական:
Թերեւս, բաժնի ստեղծման անհրաժեշտությունն առաջացել է այն բանից հետո, երբ
քաղաքապետարանում սոցիալապես անապահով քաղաքացիների դիմում-խնդրանքների աճ
է նկատվել (վերջերս, օրինակ, քաղաքապետարանից դրամական օգնություն
ստացածների հերթական խումբը տեղական հեռուստատեսությամբ շնորհակալություն
էր հայտնում քաղաքապետից` ինչը կարելի էր ընկալել իբրեւ նախընտրական
անուղղակի գովազդ): Ի դեպ, Վանաձորում միաժամանակ կա նաեւ Սոցիալական
ծառայությունների գործակալություն, որը սպասարկում է Վանաձորին ու
Գուգարքի տարածաշրջանի 21 գյուղերին: Բացի դրանից, կա նաեւ Լոռու
մարզպետարանի կազմում գործող Սոցապահովության եւ առողջապահության
վարչություն, որն էլ զբաղվում է մարզի տարածքի 8 քաղաքների եւ 105
գյուղերի սոցիալական հարցերով: Չենք կարծում, թե սոցիալական հարցերով
զբաղվող մարմինների թվի ավելացումը կնպաստի չքավորության նվազեցմանը, ինչի
ապացույցը քաղաքում աղբ քրքրողների մշտական առկայությունն է: «Շներն ու
մարդիկ հերթ են կանգնում աղբարկղի մոտ»,- ցավով նկատում է վանաձորցիներից
մեկը: Թերեւս, այդ երեւույթի դեմ «պայքարելու» նպատակով է, որ քաղաքային
իշխանություններն այնքան էլ շահագրգիռ չեն բակերում աղբարկղեր տեղադրելու
հարցում (եւ անգամ՝ որոշ վայրերում եղածներն էլ «օպտիմալացվել» են, ինչն
էլ նպաստում է փողոցներում անմաքուր վիճակի առաջացմանը): Չէ՞ որ
աղբարկղերը, բացի իրենց «բուն մասնագիտական կոչումից», նկատելի են
դարձնում չքավորության ստորին աստիճանում հայտնվածների առկայությունը: