«Արվեստ-Արեւելք-Արեւմուտք»

17/05/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Ֆրանսիայի Մարսել քաղաքում գործող «Art Est Ouest»(«Արվեստ-Արեւելք-Արեւմուտք») ասոցիացիայի նախագահ Արտակ Կարապետյանը չափազանց զուսպ եւ մարդու արժեքը գնահատող անհատականություն է: Մասնագիտությամբ լինելով ֆիզիկոս՝ նա մարդկային իր տեսակով ավելի շատ արվեստագետ, ավելի ճիշտ` արվեստասեր ու արվեստի ինքնամոռաց նվիրյալ է: Երկար տարիներ բնակվելով եւ աշխատելով Ֆրանսիայում՝ Ա. Կարապետյանն այնուամենայնիվ Հայաստանի եւ հայ մարդու ինքնության գնահատանքը կարողանում է ներկայացնել առանց «ճոռոմ» պաթոսի: Առհասարակ նա մարդուն գնահատում է իբրեւ բարձրագույն արժեք, լինի մարդը ֆրանսիացի, հայ կամ այլազգի: Հաճախակի օգտագործում «ներողություն» եւ «շնորհակալություն» բառերը, որոնք ոչ միայն ներքին կուլտուրայի արտացոլանքն են, այլեւ` նրա վերաբերմունքը եւ հարգանքը մարդ էակի նկատմամբ: Նա կարողանում է զրուցակցի մեջ արժեւորված լինելու «սերմեր» նետել: Ընդհանրապես զրույցը մեր կյանքում հրաշալի կոնտակտ է, քանի որ այն ֆենոմենալ բացահայտումներ անելու ճանապարհ է: Զրույցը նաեւ մեր լսելու կարողության ստուգատեսն է, որի ընթացքում մեր ներքին ազդակները մեր մասին մեզ կարեւոր ինֆորմացիա են փոխանցում: Հաճախ մենք ինքներս մեր հանդեպ այնքան անփույթ ու անկարեւոր ենք, որ զրույցի բովանդակությունը թերագնահատելով՝ կորցնում ենք ինքներս մեզ կրթելու հնարավորությունը: Լսել կարողանալու մեր դանդաղկոտությունը հաճախ մեզ զրկում է սովորելու, ինֆորմացված լինելու ակտուալությունից: Ասոցիացիայի նախագահ Ա. Կարապետյանը հեղինակություն վայելող մարդ է, ով Ֆրանսիայի եւ Հայաստանի «մեծերի» հետ շփվելուն զուգահեռ՝ սովորելը համարում է մեր կյանքում տեւական, չծերացող ու վաղեմությունը չկորցնող երեւույթ: Հետեւաբար սովորել կարելի է նույնիսկ ամենասովորական զրույցների ընթացքում, նույնիսկ ամենասովորական մարդկանցից: Դժբախտաբար, մեր իրականությունն այնպիսին է, որ մեզ անընդհատ ակամայից ստիպողաբար սովորեցնում են` եթերից, ամբիոններից, հարթակներից ու խոսափողից օգտվելու անսահմանափակ հնարավորություն ունեցողների շուրթերից: Մինչդեռ սովորեցնում են մարդիկ, ովքեր իրենք սովորելու բարդույթը չեն հաղթահարել եւ ուրիշներին դաս տալու պաշարով էլ առանձնապես չեն փայլում: Երբեմն, մասնավորապես եթերի «մշտնջենական» դեմքերի սովորեցնելու մոլուցքը հասնում է «պնդաճակատության»: Իսկ այն մարդիկ, որոնց զրույցների մեխանիզմը կարող էր մեզ ինչ-որ բան սովորեցնել` ստվերում կամ ուրիշ երկրներում էմիգրանտ են:

Մարսելի «Art Est Ouest» ասոցիացիան շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը տարանցիկ ուղեւորափոխադրողի դերակատարում ունի: Տվյալ դեպքում ուղեւորը մշակութային ժառանգությունն է, որը Հայաստանից դեպքի աշխարհի տարբեր երկրներ է պտտվում` տարբեր ազգերի մարդկանց ծանոթացնելով մեր արվեստի հետ: «Մի հրաշալի մարդ կա` Վլադիմիր Մարին, ով հակակոմունիստական գաղափարախոսության կրողը լինելու համար 1980-ականներին Ռուսաստանից արտաքսվել է եւ կնոջ` Մարինա Մարինի (ֆրանսիացի) հետ բնակություն է հաստատել Ֆրանսիայում: Լինելով ֆիզիկոս՝ նկարչության սիրահար է, ի դեպ, մենք ֆիզիկայի բնագավառում միասին աշխատում ենք: Երիտասարդ տարիքում Կիեւում մասնակցել է Հակոբ Հակոբյանի ցուցահանդեսին, հիացել ու սկսել է հետաքրքրվել հայ նկարիչների գործերով եւ իր համար հայ նկարչությունը բացահայտելու ճանապարհներ է որոնել: Ռուսաստանում ապրելու տարիներին բազմիցս այցելել է Հայաստան: 2004թ.-ին ես նրանց հրավիրեցի Հայաստան ինչպես մասնագիտական, այնպես էլ մեր մշակութային կյանքի հետ ծանոթացնելու նպատակով»,- պատմում է Ա. Կարապետյանը, ով Վլադիմիր Մարինին ներկայացրել է Հայաստանի գալերեաներն ու նկարիչներին: Վ. Մարինի երազանքը կատարվել է` անհատական կոլեկցիան համալրել է Հակոբ Հակոբյանի, Ալեքսանդր Գրիգորյանի, Վահան Ռումելյանի, Համլետ Հովսեփյանի, Գարիկ Կարապետյանի եւ այլ նկարիչների գործերով, որոնք մեծ թիվ են կազմում նրա հավաքածուի մեջ: Հայ արվեստը Եվրոպայում ներկայացնելու միտքը ինչպես Ա. Կարապետյանի, այնպես էլ` Վլադիմիր Մարինի մեջ տարիներ շարունակ «եփվել» ու դարձել է իրականություն: 2006թ.-ին Մարսելում հիմնել են «Art Est Ouest» ասոցիացիան` նպատակ ունենալով աշխարհին ներկայացնել նախկին ԽՍՀՄ պետությունների մշակույթը: Համաձայն Ֆրանսիայի 1901թ. ընդունված օրենքի` երկրում գործող ասոցիացիաներն իրավունք չունեն շահույթ հետապնդող գործունեություն ծավալել. դրանք կարող են իրականացնել մշակութային, սոցիալական, մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ ծրագրեր` առանց եկամուտներ հետապնդելու: «Art Est Ouest» ասոցիացիան Ֆրանսիայի կառավարությանը հստակ ծրագիր է ներկայացրել, ըստ որի` ասոցիացիայի հիմնադիր «ինտերնացիոնալ» խումբը միտված է նախկին ԽՍՀՄ պետությունների արվեստը պրոպագանդել Ֆրանսիայում եւ Եվրոպայում: Բացի Ա. Կարապետյանից, Վլադիմիր եւ Մարինա Մարիններից, ասոցիացիայի հիմնադիրներից են նաեւ ֆրանսիական դպրոցներից մեկի տնօրեն Պատրիսիա Մուրացան, Համազգային դպրոցի տնօրեն Սեդա Բիբերյանը, արվեստաբան Ժան-Նոել Բրեթը, գեղանկարիչ Պյոտր Կլեմանսեւիչը, «Astronef» թատրոնի ղեկավար Մարի-Քրիստին Օբելլինքս-Էլլին եւ ճարտարապետ Լիոնել Սէվէանը: Ընդ որում, ասոցիացիայի բոլոր ծրագրերը հաստատվում են խմբի կողմից, իսկ համակիրները տարվա մեջ 1-2 անգամ կազմակերպված համագումարի ժամանակ կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները եւ նախագծերը: Համակիրների շնորհիվ ասոցիացիան կարողանում է բավարարել նաեւ հասարակական պահանջը: Նշենք նաեւ, որ ինչպես ասոցիացիայի հիմնադիրներն, այնպես էլ համակիրներն աշխատում են կամավոր սկզբունքով, առանց վարձատրության: Աշխատելու այս ձեւաչափը պարզ, մարդկային եւ հետաքրքիր նախագծեր ներգրավելու միջոց է: Ասոցիացիան իր նախագծերը ներկայացնում է Ֆրանսիայի կառավարությանը, որը ֆինանսավորում եւ աջակցում է: Լինում են նաեւ հովանավորներ, նվիրատուներ, ինչպես նաեւ՝ անդամավճարների սիմվոլիկ գումարն է որոշակի հարցեր լուծում: 2007թ.-ից մինչեւ օրս «Art Est Ouest» ասոցիացիան իրականացրել է միայն հայկական ծրագրեր: «Մինչ այդ հայկական արվեստը ներկայացվել է հիմնականում հայկական միջավայրում եւ հայկական մշակույթի կենտոններում: Այսինքն` արվել է հայ համայնքի համար եւ, կարծում եմ, պատշաճ չի ներկայացվել ֆրանսիական միջավայրին»,- ասում է Ա. Կարապետյանը` վստահեցնելով, որ ասոցիացիային մեծ աջակցություն է ցուցաբերել Մարսելի 11-12 թաղամասի նախկին ղեկավար, ներկայիս փոխքաղաքապետ, պառլամենտական Ռոլան Բլումը: Նա նաեւ մեծ աջակցություն է ցուցաբերում Հայոց ցեղասպանությանը վերաբերող հայ համայնքի ցանկացած նախաձեռնությանը:

Ֆրանսիական յոթ դպրոցներում ներկայացվել եւ բեմադրվել է «Սասունցի Դավիթ» էպոսը

Մարսելը հայկական մեծ համայնք ունի, որտեղ, ըստ պաշտոնական տվյալների` ապրում են 80.000 հայեր: Գործում են 7 Հայ առաքելական, ինչպես նաեւ՝ կաթոլիկ եւ բողոքական եկեղեցիներ, բացի դա` հայկական մշակույթի մի քանի խոշոր կենտրոններ: Ի դեպ, Ա. Կարապետյանի տվյալներով` հայ գրականությունը շատ ակտիվ տպագրվում է հայ համայնքի կողմից: Չնայած դրան` հայ արվեստի քաղց, այնուամենայնիվ, կա: 2007 թ.-ին «Art Est Ouest» ասոցիացիան իրականացրել է չորս մեծ ծրագրեր. «Առաջինը մանկավարժական ծրագիր էր: Մենք Հ. Մալյանի անվան թատրոնից մեկ դերասան եւ մեկ հայ նկարիչ հրավիրեցինք Մարսել: Ֆրանսիական 7 դպրոցներում եւ Համազգային դպրոցում «Սասունցի Դավիթ» էպոսը ներկայացվեց: Երեխաները պետք է էպոսի երեք մասն էլ վերարտադրեին եւ նկարեին: Նկարելու հարցում մեր նկարիչը նրանց պետք է օգներ, ընդ որում, շատ հետաքրքիր գործեր արեցին դպրոցականները, որոնք պահպանում են իրենց դպրոցներում: Դերասանուհին էլ «Սասունցի Դավիթ» էպոսը բեմադրեց ֆրանսահայ եւ ֆրանսիացի դպրոցականների մասնակցությամբ եւ ներկայացում խաղարկվեց: Ներկայացումը տեղի ունեցավ Մարսելի 11-12 հայտնի «Բոմոն» թաղամասում»: Երկրորդ ծրագրի շրջանակներում ասոցիացիան ներկայացումներով Մարսել է հրավիրել Հ. Մալյանի անվան թատրոնին, որը ներկայացրել է Հովհ. Թումանյանի հեքիաթները եւ Աղասի Այվազյանի պիեսներից մեկը: «Երրորդ ծրագիրը եղավ Հայաստանից հինգ նկարիչների հրավերքը Մարսել: Գործերը ցուցադրվեցին Մարսելի 11-12 թաղամասերի վարչական շրջանի շենքում եւ երեք այլ գալերեաներում: 11-12 թաղամասերի վարչական շրջանում պերֆորմանս եղավ, որը շատ հետաքրքիր ստացվեց, եւ նվիրեցին ասոցիացիային: Ռոման Բլումն այնքան հիացած էր պերֆորմանսով, որ նկարիչներին` Վահան Ռումելյանին, Համլետ Հովսեփյանին, Նարեկ Ավետիսյանին, Արթուր Սարգսյանին եւ Գարիկ Կարապետյանին, առաջարկեց վարչական շրջանի շենքի պատին նույնպես պերֆորմանս իրականացնել` ի հիշատակ Ֆրասիայում հայկական տարվա: Ի դեպ, նշեմ, որ Ռոման Բլումը հայերի մեծ բարեկամն է, շատ մեծ գործ է արել եւ շարունակում է անել: Նա առաջարկեց որմնանկար (ֆրեսկա) անել իր շրջանի դպրոցներից մեկի պատին: Որմնանկարը նույնպես ասոցիացվեց Հայաստանի տարվա հետ. այն հայկական այբուբենն է նկարիչների աբստրակտ պատկերացումներով»: Այդուհանդերձ, Ա. Կարապետյանի գնահատմամբ` վերոնշյալ չորս ծրագրերը, բացի հայ համայնքի ակտիվ մասնակցությունից, մեծ ոգեւորություն են առաջացրել նաեւ ֆրանսիական միջավայրում: Ընդ որում, ասոցիացիայի կողմից լույս տեսած հայ նկարիչների կատալոգն այսօր գտնվում է բազմաթիվ ֆրանսիացի ընտանիքներում. «Անշուշտ այս ծրագրերն իրականացրել են Մարսելի քաղաքապետարանի ֆինանսական եւ ֆրանսիացի երկու հովանավորների օգնությամբ: Ցավով պետք է նշեմ, որ այս ընթացքում մենք չենք ունեցել ոչ մի հայ հովանավոր, բայց դա ինձ համար տրագիկ չէ»: 2008-2009 թթ. ընթացքում «Art Est Ouest» ասոցիացիան դպրոցների մանկավարժական կազմի, ինչպես նաեւ՝ Մարսելի 11-12 թաղամասերի դպրոցներով զբաղվող համայնքային ընտրանու խնդրանքով (2007թ. ծրագիրը շատ մեծ արձագանք է ունեցել) կրկին մանկավարժական ծրագրեր է իրականացրել: Նախագիծը եղել է էկոլոգիական թեմայով, որի համար հայ նկարիչ է հրավիրվել Մարսել` էկոլոգիան այլ հարթությունից դիտարկելու եւ մատուցելու համար. «Հրավիրեցինք նկարիչ Գարիկ Կարապետյանին, ով բոլոր տեսակի թափոնների միջոցով, որպես արտիստ, էկոլոգիայի արժեքը փորձեց մատուցել: Բազմաթիվ ծնողներ երեխաների հետ ուղարկում էին կենցաղային թափոնը, որը նկարիչը երեխաների հետ վերածում էր արվեստի գործի, ասենք` ձի, ընձուղտ եւ այլն: Աշխատանք տարվեց նաեւ ծովի էկոլոգիայի, ծովափնյա թափոնների ուղղությամբ: Այնուհետեւ թափոններից արվեստի գործի վերածած այդ «քանդակները» տեղ գտան Մարսելի քաղաքապետարանի ցուցասրահում»: «Art Est Ouest» ասոցիացիան 2010թ. ընթացքում իրականացվող ծրագրերի իմաստով հագեցած է:

ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի 100-ամյակի շրջանակներում «Art Est Ouest»-ի ծրագրերը

Հայ բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Մարսելի մասնաճյուղի, «Delta Culture»-ի հետ համատեղ Հայաստանի նկարիչների միությունում ներկայացրած ցուցահանդեսը շուտով կտեղափոխվի Մարսել, այնուհետեւ որպես շրջող ցուցահանդես՝ կպտտվի եվրոպական շատ երկրներում: «Ավելի մեծ, խոշոր ներդրում պահանջող եւ հնչեղ ծրագրեր ունենք, որոնք իրագործելու համար անհրաժեշտ է ֆինանսական օժանդակություն: ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի 100-ամյակը կարելի է հայ արվեստի համար շատ արդյունավետ օգտագործել, ինչը, թերեւս, պետական մոտեցում է պահանջում: Անշուշտ, ցանկալի կլիներ, որ Հայաստանում ղեկավարները նախաձեռնող լինեին եւ մեր ծրագրերին միանային, քանի որ հայ մշակույթն ենք ներկայացնում եվրոպացիներին: Մեզ շատ ոգեւորեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի պատրաստակամությունը ծրագրին աջակցելու հարցում: ՀԲԸՄ Մարսելի մասնաճյուղի նոր ղեկավար Սահագ Կարալեկյանը բավականին մեծ ծրագրեր է իրականացնում եւ ընդունում է համատեղ ծրագրեր իրականացնելու մեր առաջարկությունները»,- նշում է Ա. Կարապետյանն` ասելով, որ 100-ամյակի կապակցությամբ մեծ համերգ է ունենալու Միշել Լեգրանը, որին ներկա են գտնվելու աշխարհի բոլոր բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ի դեպ, հրավիրված է նաեւ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նաեւ հավանական է, որ ներկա կլինի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մարսելում շուրջ 2000 հոգուց բաղկացած ռուսական համայնք կա: Ի դեպ, նրանք շատ ակտիվ են եւ լինելով փոքր համայնք, այդուհանդերձ, տարվա մեջ մշակութային միջոցառումներ շատ են իրականացնում: «Art Est Ouest» ասոցիացիան Մարսելում կներկայացնի նաեւ ռուս հեղինակներին. «Լինելու է երկու ռուս նկարչի ցուցահանդես Մարսելի լավագույն` «Espace Ecureuil» («Սկյուռի տարածք») կոչվող սրահում: Դա Մարսելի մեծ խնայբանկի ցուցասրահն է, որը մեկ տարի ներկայացնում է համաշխարհային մեծության արվեստագետի, իսկ հաջորդ տարի` ավելի երիտասարդ նկարչի գործեր: Բացի դա, հրավիրվելու են ռուս ավանգարդ արվեստի տասնյակ ֆրանսիացի գիտակներ` արվեստաբաններ, արվեստի պատմության մասնագետներ՝ երկօրյա կոնֆերանս անցկացնելու համար»,- ասում է Ա. Կարապետյանը` նշելով, որ այնուամենայնիվ ծրագրերն իրականացնելու հարցում հայկական կողմի պասիվությունը վնասում է հայ համայնքին: Հայկական կողմի ակտիվ թիմի մասնակցության պարագայում ասոցիացիայի համար ավելի հեշտ կլիներ ֆրանսիական կողմի հետ համագործակցելը, հակառակ դեպքում ֆրանսիացիների համար հայկական կողմի անտարբերությունը սեփական արվեստի նկատմամբ տարակուսանք է առաջացնում. «Իրենք միշտ հարցնում են` կա՞ Հայաստանի աջակցությունը: Մի տեսակ անհարմարավետություն եմ զգում, ցավոտ բան է: Չնայած Սփյուռքի նախարարը արդեն մեր առաջարկներին արձագանքում է»: