Լղոզված հաստատում

16/05/2010

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը ստացել է ապրիլի 10-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված ու բաժնում սպանված Վահան Խալաֆյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Ըստ ՀՔԾ տարածած հաղորդագրության, Վ.Խալաֆյանի մահը վրա է հասել «ներքին սուր արյունահոսությունից` որովայնի առաջնային պատի աջ կեսի ծակված-կտրված թափանցող վիրավորման` զստաղու միջընդերքի անոթների` զարկերակի եւ երակի վնասումների հետեւանքով»: Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված երկրորդ «ծակած-կտրած թափանցող վիրավորումը որովայնի առաջնային պատի աջ կեսին` առանց ներքին օրգանների վնասմանգ մահվան պատճառի հետ չի գտնվում պատճառական կապի մեջ»: Դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են այլ մարմնական վնասվածքներ (ճանկռվածքներ, արյունազեղումներ, քերծվածքներ), ըստ հաղորդագրության, «եւ՛ միասին, եւ՛ առանձին-առանձին վերցված իրենց սովորական ընթացքի դեպքում կենդանի անձանց մոտ առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում եւ մահվան պատճառի հետ չեն գտնվում պատճառական կապի մեջ»: «Հաշվի առնելով դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված որովայնի առաջնային պատի շրջանի ծակած-կտրած վերքերի եւ փորձաքննությանը ներկայացված սուր ծակող-կտրող գործիքի` դանակի շեղբի չափային տվյալները, հնարավոր է այդ վնասվածքների առաջացումը ներկայացված գործիքով` դանակով: Հաշվի առնելով վնասվածքների՝ ծակած-կտրած վերքերի բնույթը եւ նրանց անատոմիական տեղակայությունները, ինչպես նաեւ վերքերի եւ փորձաքննությանը ներկայացված դանակի չափային տվյալները, հնարավոր է դրանց պատճառումը Վ.Խալաֆյանի կողմից` ինքն իրեն, փորձաքննությանը ներկայացված դանակով»: Ակնհայտ է, որ նման լողոզված ձեւով փորձ է արվում հիմնավորել Ոստիկանության այն վարկածը, թե իբր Վ. Խալաֆյանը ինքնասպան է եղել: