Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը երեկ ՀՀ իշխանություններին մեղադրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացը ձգձգելու համար: Ըստ նրա, վերջին երկու տարիների ընթացքում հակամարտության շուրջ ծավալուն եւ խորը բանակցություններ են ընթացել: Բացի այդ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ամեն ամիս այցելում են տարածաշրջան, 9 անգամ հանդիպել են նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին: «Բայց մինչ օրս Հայաստանը կոնկրետ պատասխան չի տվել: Հենց այդ պատճառով էլ աշխատանքները ձգձգվում են, ինչը բացասական երեւույթ է»,- նշել է Մամեդյարովը` հավելելով, թե համանախագահ երեք երկրները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին են ներկայացրել համապատասխան փաստաթուղթ, որի հիման վրա հնարավոր է ստեղծել խաղաղ համաձայնագիր: «Ներկայացված փաստաթուղթը երկնքից չի իջել: Սկզբունքորեն Ադրբեջանը ընդունում է տվյալ փաստաթուղթը եւ պատրաստ է դրա հիման վրա վերջնական եւ ընդգրկուն խաղաղ պայմանագրի մշակման աշխատանքները սկսել»,- ասել է նա: Ի դեպ, Մամեդյարովը Երեւանի հերթական պատասխանին սպասելու է Վենետիկում` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հունիսի 5-ին նախանշված հանդիպման ժամանակ։ «Համանախագահներն այդ օրն ինձ տեղեկացնելու են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքների մասին»,- ասել է նա: