Չավուշօղլուի հետ «բարիշել են»

16/05/2010

ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուի Հայաստան կատարած այցից հետո քննարկվող հիմնական հարցը այդ կառույցում ԼՂ հարցով ենթահանձնաժողով ստեղծելու հնարավորությունն է: Հայկական կողմը, ըստ էության, չի բացառում, որ նման ենթահանձնաժողով կարող է ստեղծվել, ինչպես ասել է ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը, այդ հարցով խորհրդակցությունների ավարտից հետո: «Մինչ այդ մենք հանձնաժողովի ձեւավորմանը ձեռնամուխ չենք լինի: Հենց խորհրդակցությունների նպատակը դա է` որպեսզի փորձենք հասկանալ՝ ինչ ենք մենք անելու, ինչքանով ենք մենք օգնելու գործընթացին, ինչ պետք է անենք` գործընթացին օգնելու համար»,- ասել է Դ. Հարությունյանը: Նա ընդունում եւ անգամ ողջունում է ԵԽ ԽՎ նախագահի տեսակետը, թե պետք է «պրագմատիկ մոտեցում ցուցաբերվի, այսինքն` ֆիքսվի ենթահանձնաժողովի նպատակը, աշխատանքային ձեւերը»: Այսինքն` չնայած հայկական կողմի առարկություններին, Չավուշօղլուի հետ, այդուհանդերձ, որոշակի համաձայնություն ձեռք բերվել է: Հետաքրքիր է, սակայն, որ նման «կառուցողականություն» իշխանությունները չեն ցուցաբերում քաղբանտարկյալների ազատ արձակման եւ Մարտի 1-ի 10 զոհերի սպանությունների պատասխանատուներին բացահայտելու հարցում: Ինչպես հայտնի է, նույն Չավուշօղլուն իր հայաստանյան հանդիպումների ժամանակ «անընդունելի» էր համարել, որ առ այսօր որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել 10 սպանությունների համար: Նա ասել էր, որ ԵԽ ԽՎ-ին մտահոգում է նաեւ այն, որ ամբողջությամբ լուծված չէ հետընտրական իրադարձությունների հետեւանքով ազատազրկված անձանց հարցը: Ընդ որում, Չավուշօղլուն հատուկ շեշտել էր «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անազատության հանգամանքը: Ի տարբերություն ԼՂ հարցով ենթահանձնաժողով ստեղծելու շուրջ «խորհրդակցությունների», այս հարցում Դ. Հարությունյանը, մեղմ ասած, շահագրգռված չէ: «Այս հարցով ես, ճիշտն ասած, իրավական լուծումներ այս պահին չեմ տեսնում: Հնարավոր իրավական լուծումը, միակ գործիքը, որ մնացել է այս պահին, դա ներման իրավունքն է, որը դիտարկվում է համապատասխան դատապարտված անձի դիմումի պարագայում: Ինչքանով ինձ հայտնի է, նման դիմում չկա, եւ ես այլ իրավական լուծումներ այս պահին չեմ տեսնում»: Եթե սա ձեւակերպենք ավելի հասկանալի լեզվով, ապա կարելի է ասել, որ ՀՀ իշխանությունները համաձայն են անգամ Չավուշօղլուի նախագահությամբ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ստեղծմանը` դրանից բխող բոլոր հետեւանքներով, միայն թե Հայաստանում քաղբանտարկյալների առկայության եւ Մարտի 1-ի զոհերի սպանությունների չբացահայտման վրա ԵԽ ԽՎ-ն շարունակի աչք փակել: Եվ ամենեւին պետք չէ զարմանալ, եթե առաջիկայում ԵԽ ԽՎ-ում Հայաստանում ժողովրդավարության հարցը կրկին երկրորդական, երրորդական պլան մղվի: Քաղաքակիրթ լեզվով դա կոչվում է գործարք: