Ղրղըզստանի հարավային Ջալալաբադ քաղաքում երկրի ժամանակավոր կառավարության եւ պաշտոնանկ արված նախագահ Կուրմանբեկ Բակիեւի կողմնակիցների միջեւ երեկ տեղի ունեցած բախումների հետեւանքով 1 մարդ զոհվել է հրազենային վերքից: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` ընդհարման եւս 37 մասնակիցներ մարմնական վնասվածքներ են ստացել: Կրակոցները հնչել են, երբ ժամանակավոր կառավարության կողմնակիցների խումբը վերահսկողություն է հաստատել նախօրեին Բակիեւի կողմնակիցների գրաված կառավարական շենքի նկատմամբ: Հաղորդվում է, որ երկու կողմերն էլ զինված են հրազենով: Ավելի վաղ ժամանակավոր կառավարության կողմնակիցներն արդեն ետ էին գրավել կառավարական շենքը Օշում: Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Բակիեւի կողմնակիցները գրավել էին կառավարական շենքերը հարավային այդ երկու, ինչպես նաեւ՝ Բատկեն քաղաքում: