«Կարելի է ասել, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը թափ է հավաքել»: Երեկ Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչեկի հետ հանդիպումից հետո այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ջանքերով մի քանի հանդիպումներ են կազմակերպվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ։ Նա ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիան ակնկալում է ակտիվ ջանքեր ոչ միայն Ռուսաստանի, այլեւ միջազգային հանրության եւ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Նաեւ հիշեցրել է, որ Մեդվեդեւն իր Անկարա կատարած այցելության ընթացքում ղարաբաղյան հիմնախնդիրը քննարկել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի եւ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, իսկ ինքը` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ. «Այդ թեման թափ է հավաքել եւ այդ կերպ էլ շարունակվում է: Կովկասը մեր ընդհանուր տարածաշրջանն է, որտեղ հարատեւ կայունության եւ խաղաղության հաստատումը բխում է Ռուսաստանի, Թուրքիայի, ինչպես նաեւ՝ միջազգային հանրության շահերից: Մենք ցանկանում ենք, որպեսզի սառեցված հակամարտությունները կարգավորվեն, որպեսզի մեր սահմանները կայուն եւ ապահով լինեն, որպեսզի վերանան փոխադարձ կասկածներն, ու ձեւավորվի վստահության մթնոլորտ»: