Մերժեցին

16/05/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մի քանի անգամ հետաձգելուց հետո երեկ մերժեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հեղինակած` «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Պատգամավորի խոսքերով՝ ինքն առաջարկում էր այնպիսի փոփոխություններ, որոնք ավելի վերահսկելի կդարձնեին ընտրական պրոցեսը եւ ավելի արդար քարոզարշավ կապահովեին: Բացի այդ, Ա.Մարտիրոսյանն առաջարկում էր անցնել ամբողջությամբ համամասնական ընտրակարգին: Նրա կարծիքով՝ մեծամասնական ընտրակարգը մեզանում արդեն ամբողջությամբ սպառվել է: «Կարծում եմ, որ դա արդեն ամբողջովին քաղաքականապես հիմնավորված է, որովհետեւ, եթե մենք դիտարկենք այսօրվա Ազգային ժողովը, ըստ էության, մեծամասնական ընտրությամբ ընտրված պատգամավորների գերակշիռ մասը որեւէ խմբակցության անդամներ են: Իսկ այն պատգամավորները, ովքեր մինչեւ վերջին ժամանակներս անկախ էին, այսօր կամ ստորագրություն են տվել, որ համագործակցում են «Հանրապետական» խմբակցության հետ, կամ արդեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ են»,- ասում է Ա.Մարտիրոսյանը: Եվ իսկապես, ընդամենն անցած շաբաթ, անկախ պատգամավոր Սամվել Բալասանյանն անդամակցեց ԲՀԿ-ին: Իսկ անցած տարվա աշնանը չորս այլ անկախ պատգամավորներ ստորագրել էին ՀՀԿ-ի բաժանած դիմումի տակ, ըստ որի՝ այլեւս իրենց դիրքորոշումները համընկնելու են այդ խմբակցության դիրքորոշումներին: Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը երեկ Ա. Մարտիրոսյանի օրինագծի մերժումը պատճառաբանեց նրանով, թե նմանատիպ օրինագծերը պետք է մշակվեն քաղաքական ուժերի համաձայնությամբ: Թեեւ նա նաեւ ավելացրեց, թե չի կարծում, որ հնարավոր է «լիակատար կոնսենսուս» ձեռք բերել: Ի դեպ, Ընտրական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ է մշակում նաեւ Դ.Հարությունյանը: Այդ աշխատանքը նա անում է ԵԽ ԽՎ-ի պահանջած ճանապարհային քարտեզի շրջանակում: Այդ աշխատանքի համար նաեւ աշխատանքային խումբ էր ստեղծվել նորից Դ.Հարությունյանի ղեկավարությամբ: Բայց վերջերս ԲՀԿ խմբակցության եւ այդ աշխատանքային խմբի անդամ Նաիրա Զոհրաբյանը դժգոհել էր, թե Դ.Հարությունյանը միայնակ է աշխատում այդ օրինագծի վրա, եւ աշխատանքային խմբի նիստ չի հրավիրվում: Փաստորեն Դ.Հարությունյանը միայնակ է որոշում Հայաստանի ընտրական համակարգի ապագան: Թեեւ հայտարարում է, թե Ընտրական օրենսգիրքն այն ոլորտն է, որը պետք է կոնսենսուսի միջոցով ենթարկվի փոփոխության, սակայն չի ընդունում խորհրդարանական ընդդիմության առաջարկությունները, չի ընդունում նաեւ կոալիցիոն գործընկերների հետ համագործակցությունը: Ինչո՞ւ: «Նախ՝ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր աշխատանք պահանջում է նաեւ անհատական աշխատանքի ներդրում: Ընդհանրապես խմբային օրենք ստեղծելը բավականին դժվար պրոցես է: Մենք ունեցել ենք աշխատանքային խումբ, որը մշակել էր հայեցակարգային մոտեցումներ: Որոշ մոտեցումներ ժամանակի ընթացքում մերժվել են արդեն, մերժվել են հենց աշխատանքային խմբի անդամների կողմից: Որոշ մոտեցումների վերաբերյալ միջազգային փորձագետներն են առաջարկել մեխանիզմներ: Այնպես որ, այն, ինչ ես արել եմ ինքս, դա առաջին քայլն է եղել, որ լինի հիմք քննարկման համար: Հիմա արդեն նյութը գրեթե մոտենում է իր ավարտին, եւ դա հնարավորություն կտա այլոց եւս մասնակցել աշխատանքին»,- ասում է Դ.Հարությունյանը:

Արդյո՞ք Ա.Մարտիրոսյանի հեղինակած նախագծում չկային օգտակար դրույթներ, որոնք նույն «կոնսենսուսի» տրամաբանությամբ կարող էին տեղ գտնել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ցանկում: «Պարոն Մարտիրոսյանի մշակած նախագծում կային օգտակար բաներ, սակայն մեր հանձնաժողովը միշտ որդեգրել է մեկ մոտեցում` Ընտրական օրենսգրքի վերաբերյալ բոլոր արմատական մոտեցումները պետք է քննարկման առարկա լինեն միաժամանակ: Սկզբունքորեն միշտ չէ հնարավոր հասնել քաղաքական կոնսենսուսի, բայց պետք է անել առավելագույնը, որ այն լինի»,- պատասխանեց Դ. Հարությունյանը: