Նախկին ԽՍՀՄ-ում Ռուսաստանի մենատիրական ազդեցության դագաղի վերջին մեխը
կխփվի այս տարվա նոյեմբերին, երբ կսկսի գործել Արեւմուտքի միջոցներով
կառուցված «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը եւ դրա խողովակաշարը
բերնեբերան կլցվի սեւ ոսկով։ Կասպիական նավթի հորձանքը կշրջանցի
Ռուսաստանը։ Ի դեպ, մասնագետների գնահատմամբ, Կասպից ծովում է կենտրոնացած
նավթի համաշխարհային պաշարի հինգ եւ գազի տասը տոկոսը։ Ինչո՞ւ են
ինքնավստահ եւ հետխորհրդային իրականությանը ոչ լավ ծանոթ յանկիները մեզ
լավ ծանոթ տարածքում պարբերաբար հաղթում Մոսկվային։ Այցելելով Ադրբեջան,
դրա պատճառները կարելի է տեսնել անզեն աչքով։
Իներցիայի վերջը
Ռուսաստանը քաղաքական շիզոֆրենիայի վառ արտահայտություն դրսեւորեց, երբ
արեւմտյան ընկերություններն 1994 թվականին ադրբեջանական նավթահանքերն
ուսումնասիրելու պայմանագիր էին կնքում։ Ռուսաստանի էներգետիկայի այն
ժամանակվա նախարար Յուրի Շաֆրաննիկը Բաքվում ողջունեց այդ գործարքը, իսկ
Մոսկվայում արտաքին գործերի այն ժամանակվա նախարար Անդրեյ Կոզիրեւը
ներկայացրեց իր վճռական բողոքը։ Առաջին հայացքից Կոզիրեւի կոշտ արձագանքը
լիովին համապատասխանում էր մեր ազգային շահերին։ Բայց այսօր արդեն
վերջնականորեն պարզ է, որ Մոսկվայի վարքն այս հարցում հենց սկզբից պետք է
լիներ առավել ճկուն եւ ռազմավարորեն մտածված։
1990-ականների սկզբին Մոսկվան դեռ կարողանում էր իներցիայով վճռել
նորաստեղծ որոշ պետությունների իշխանությունների բախտը։ Օրինակ՝ 1993
թվականին Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովը մահացու
վիրավորվեց Ադրբեջանի այն ժամանակվա կառավարիչ, «Ազգային ճակատի» առաջնորդ
Աբուլֆազ Էլչիբեյից։ Գյանջայում տեղակայված նախկին սովետական ռազմաբազայից
զրահատեխնիկան տրամադրվեց տեղի տեքստիլ ֆաբրիկայի ուրախ տնօրեն, գնդապետ
Սուրաթ Հուսեյնովին։ Սա էլ ճամփա ընկավ դեպի մայրաքաղաք եւ ստիպեց
Մոսկվայի հետ լավ հարաբերություններ չունեցող նախագահին հրաժարական տալ։
Բայց ցանկացած իներցիա վաղ թե ուշ ավարտվում է։ Իսկ այս դեպքում այն
ավարտվեց չափազանց արագ, քան շատերը կարող էին պատկերացնել, քանի որ
Ելցինի վաղ շրջանում մեր ռազմական եւ քաղաքացիական իշխանությունները
վարում էին բացարձակ տարբեր արտաքին քաղաքականություն, իսկ այդօրինակ
տարբերության համար միշտ էլ պետք է շատ թանկ վճարել։
Երբ արդեն չկա զրահապատ բռունցքը, հանրապետություններից նախկինի պես
լիակատար ենթակայություն պահանջել կարելի է միայն ու միայն կարոտախտի կամ
հին սովորույթների վրա հիմնվելով։ Իսկ դրանով շատ հեռու չես գնա։ «Ես
սիրել եւ սիրում եմ Սովետական Միությունը,- ասում է Ադրբեջանի Պետական
նավթային ընկերության առաջին փոխնախագահ Խոշբախտ Յուսիֆ-զադեն՝ հիշելով
անգամ ստալինյան ժամանակների Կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովին,- բայց
հիմա այստեղ տերը մենք ենք եւ ինքներս պետք է որոշենք ինչ անել»։ Իսկ
Ադրբեջանի շահերին, ցավոք, համապատասխանում էր Արեւմուտքի հետ դարի
պայմանագրի ստորագրումը։ Անցած բոլոր տարիներին մեր քաղաքական գործիչները
մանտրայի պես կրկնում էին՝ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը» կառուցում են ոչ թե
տնտեսական, այլ՝ քաղաքական պատճառներով։ 90-ականներին սեւ ոսկու ցածր
գների պայմաններում այդ կարծիքը գոյության իրավունք ուներ։ Պատահական չէր,
որ համաշխարհային նավթահսկաներ «Էքսոնն» ու «Բիթիշ Փեթրոլիումը» նախապես
հրաժարվեցին այդ նախագծին մասնակցելուց։ Բայց հեռանկարում այդ նավթամուղի
շինարարությունը տնտեսապես լիովին արդարացված էր։
«Ռուսական «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթամուղով նավթ տեղափոխելու տարիֆները
հինգ անգամ բարձր են, քան թուրքերի եւ վրացիների առաջարկածն է,- ինձ հետ
զրույցում ասաց Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը։
Նովոռոսիյսկում մեր նավթին հաճախ խառնում էին առավել ցածրորակ նավթ եւ
մենք վնասներ էինք կրում։ Բացի այդ, ռուսական խողովակաշարի
թողունակությունը սահմանափակ է։ Այն չէր կարող մեր ամբողջ նավթը
յուրացնել։ Եվ վերջապես՝ ամենակարեւորը. «Բաքու-Ջեյհան» նավթամուղը մեզ
հնարավորություն կտա շրջանցել Դարդանելի նեղուցը եւ դուրս գալ
Միջերկրականի խորջրյա նավահանգիստներ։ Դա ցանկացած նավթագործի երազանքն
է»։ Այս հարցում, իհարկե, չես վիճի։ Խոշբախտ Յուսիֆ-զադեն ասում է, որ Սեւ
ծովում կարողանում են նավարկել միայն 120-130 տոննանոց տանկերները, իսկ
Միջերկրականում կարելի է օգտվել 500-600 տոննանոց հսկաների
ծառայությունից։ Այստեղ իհարկե նաեւ քաղաքական մոտիվ կա։ «Մեր տիպի փոքր
երկիրը պատռվում է աշխարհաքաղաքական հսկաների միջեւ, այդ իսկ պատճառով մեր
արտաքին քաղաքականության մեջ կարեւոր է դառնում ոչ մեկի տակ չմտնելը։ Եթե
մտնես՝ կճզմեն»,- այսպիսի կարծիք ես լսեցի ադրբեջանական իշխանության
կուլիսներում։ Ի՞նչ կարող ես անել, չափազանց բացահայտ է ասված։ Էլչիբեյից
հետո Ադրբեջանի նոր նախագահ, Քաղբյուրոյի նախկին անդամ եւ քաղաքական
խաղերի վարպետ Հեյդար Ալիեւն իդեալական ապահովագրություն գտավ՝ Արեւմուտքի
հովանավորությամբ կառուցել սուպերնավթամուղ։ Նման հզոր հովանավորի
առկայության դեպքում ոչ մի Գրաչովի մտքով չի անցնի խցկվել Ադրբեջան։
«Աստված իմ, ուժ տուր ինձ փոխելու այն, ինչը կարող եմ, եւ հաշտվելու նրա
հետ, ինչն իմ ուժերից վեր է»,- շատ դարեր առաջ ասել է Ֆրանցիսկ Ասիզացին։
Ռուսաստանը շատ վաղուց պետք է գիտակցեր, որ «Բաքու-Ջեյհան» նավթամուղը
երկրորդին է վերաբերում։ Ցանկացած քաղաքական գործիչ գիտե, որ եթե չես
կարողանում հակազդել որեւէ գործընթացի, պետք է փորձես գլխավորել այն։ Այս
դեպքում Ռուսաստանին դժվար թե հաջողվեր, բայց մենք կարող էինք առավել
ակտիվ մասնակցություն ունենալ այս գործընթացում՝ ներսից ազդելու համար։
Ինչ-որ բան այս ուղղությամբ իհարկե կատարվել է։ ԼՈՒԿՕՅԼ-ն, օրինակ,
Ադրբեջանի խոշոր նավթարդյունաբերող երկու ընկերություններից մեկի
բաժնետոմսերի տասը տոկոսի փայատեր է, բայց սա ավելի շուտ օրենքը հաստատող
բացառություն է։ Թվում է, ռազմավարական տեսակետից Ադրբեջանում Ռուսաստանի
համար դեռ ամեն ինչ չէ կորած։ Քաղաքական հարթությունում Բաքուն ամենեւին
էլ չի ուզում Վաշինգտոնի հետ դեմ առ դեմ մնալ։ Եվ դա մեր օգտին է։ Բայց
եթե Մոսկվայում մի քիչ շուտ զարթնեին, մեր դիրքերը կովկասյան նավթային մեծ
խաղում անհամեմատ ուժեղ կլինեին, քան հիմա են։
Խաղ` երկու ճակատում
Ադրբեջանական ընդդիմության գրասենյակներն արտաքուստ խրճիթ են հիշեցնում։
Նախկինում նախագահի պաշտոնակատար, խորհրդարանի խոսնակ, «Մուսաֆաթ»
կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը տեղավորվել է Բաքվի արվարձանում
գտնվող Շինվարչության կիսաքանդ շենքում։ Այսուհանդերձ, արեւմտյան
քաղաքական գործիչների եւ դիվանագետների հետ ունեցած հարաբերություններով
«խրճիթային ընդդիմադիրները» քիչ են տարբերվում երկրի բարձր պաշտոնյաներից։
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը, ներկա պետքարտուղարի տեղակալ
Փոլա Դոբրյանսկին, Բաքու այցելող ամերիկացի այս եւ այլ բարձրաստիճան
հյուրերն անպայման հանդիպում են ընդդիմության առաջնորդների հետ։
Իշխանության ընդդիմախոսների հետ մշտական կապի մեջ է նաեւ Ադրբեջանում ԱՄՆ
դեսպան Ռինո Հարնիշը։ Ընդ որում, Իլհամ Ալիեւի ընդդիմախոսների հետ
ամերիկացիների զրույցներն ամենեւին էլ դատարկ թեյըմպումներ չեն։
Վաշինգտոնը մշտապես ճնշում է գործադրում պաշտոնական Բաքվի վրա՝ պահանջելով
չնեղացնել ընդդիմությանը, պահանջելով «անցկացնել արդար ընտրություններ եւ
ժողովրդավարական իրական բարեփոխումներ»։ Այս գործելակերպը յանկիներին
արդեն զգալի արդյունքներ է տվել։ Փաստորեն, Վաշինգտոնին հաջողվում է
երկրում ապահովագրել սեփական շահերը։ Ինձ հետ զրուցելիս Ղամբարը կոշտ
քննադատության էր ենթարկում Իլհամ Ալիեւի գործունեության համարյա բոլոր
կողմերը, բայց նրա վարած արտաքին քաղաքականության մասին ոչ մի խոսք
չասվեց։ Իսա Ղամբարը նույնիսկ հպարտորեն ասաց. «Ալիեւները ստիպված են
շարունակել արտաքին քաղաքականության մեր կուրսը»։ Ընդդիմությանն
աջակցելով` Վաշինգտոնն ամենեւին չի օտարել իրենից գործող իշխանությանը։
Պաշտոնական Բաքուն ամեն առիթով ցույց է տալիս, թե նեղացած է յանկիներից։
«Մեզ շատ հետաքրքիր է ժողովրդավարություն կառուցելու ամերիկյան փորձը,-
ասում է ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը։ -Դրանից ամեն ինչ չէ ընդունելի,
բայց ինտենսիվ երկխոսությունն օգտակար է»։
Իսկ Ռուսաստանն իրեն այլ կերպ է պահում։ Ընդդիմության առաջնորդների
ասելով, ռուսների հետ բոլոր կապերը սահմանափակվում են Անկախության օրվան
նվիրված հյուրասիրությամբ եւ նախկին դեսպանի հետ հազվադեպ զրույցներով
(անհասկանալի պատճառներով Բաքվում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչի
աթոռն արդեն մեկ տարուց ավելի դատարկ է)։ «Ամբողջ աշխարհում հասկանում են,
որ այսօրվա ընդդիմությունը վաղվա հնարավոր իշխանությունն է,- ասում է Ալի
Քերիմլին։ -Ամերիկացիներին ոչ մի բան չի խանգարում, որ միաժամանակ
բարեկամություն անեն եւ իշխանությունների, եւ ընդդիմության հետ։ Ձեզ ի՞նչն
է խանգարում։ Ի դեպ, վերջերս Թուրքիա կատարած այցի ընթացքում այնտեղ ինձ
ընդունել է փոխվարչապետը»։ Պարոն Քերիմլին գուցե գերագնահատում էր
ադրբեջանական ընդդիմության վաղը իշխանության գալու հնարավորությունը, բայց
ռուսական ազգային շահի տեսանկյունից ի՞նչն է մեզ խանգարում մշտական
երկխոսության մեջ լինել Ադրբեջանի իշխանության ընդդիմախոսների հետ։
Ընդդիմությունն ավելի ամերիկամետ է, քան իշխանությունը։ Դա այդպես է։
Տարբեր զրույցների ընթացքում բարձրաստիճան պաշտոնյաները կամ կտրականապես
դեմ էին Ադրբեջանում ամերիկյան ռազմական բազաների հայտնությանը, կամ էլ
խուսափում էին պատասխանից. «Դուք ամերիկացիներին հարցրեք, իրենք ուզո՞ւմ
են բազաներ ունենալ»։ Իսկ ընդդիմության պատասխաններն ավելի որոշակի էին՝
իբր եթե Վաշինգտոնը դիմի նման առաջարկով, այն կքննարկվի՝ կառուցողական
ոգով։ Բայց գուցե ընդդիմադիրների նման մոտեցման պատճառներից մեկն էլ մեր
անուշադրությո՞ւնն է։ Երբ ներկա ընդդիմադիրներն իշխանություն ունեին,
նրանք երկիրը վատ էին կառավարում։ Դա անկասկած այդպես է։ 90-ականների
սկզբին «ժողովրդական ճակատի» իշխանության մեկ տարին Ադրբեջանի արդի
պատմության ամենամռայլ ժամանակաշրջանն էր։ Հասարակությունը կաթվածահար էր։
Ավտոմատներով զինված մրցակից ավազակախմբերը Բաքուն բաժանել էին
ազդեցության գոտիների։ Փողոցներում անօրինություն էր։ Թալանն ու
գողությունն ուղղակի տրագիկոմիկական ձեւեր էին ընդունել։ Օրինակ՝
տրոլեյբուսները որոշ գծերով դադարել էին երթեւեկել, որովհետեւ ինչ-որ մեկը
կտրել ու վաճառել էր բոլոր լարերը։ Ներքին գործերի նախարար Իսկանդեր
Համիդովն առանց ամաչելու ուղիղ եթերում ծեծում էր լրագրողներին։ Բայց
անցած տասնամյակի սկզբում նման իրավիճակ կար նախկին խորհրդային գրեթե
բոլոր հանրապետություններում։ Իսկ քաղաքական գործիչները փոխվելու եւ
տարբեր իրավիճակներում տարբեր վարք դրսեւորելու սովորություն ունեն։
Ընդդիմությունը հնարավորություն չունի՞ իշխանության գալու։ Իլհամ Ալիեւի
համար գլխավոր վտանգը ոչ թե պաշտոնական ընդդիմությունն է, այլ կառավարող
վերնախավի պառակտման հնարավորությունը։ Բաքվի քաղաքական կյանքում շշուկներ
կան չինովնիկների հին ու նոր սերունդների միջեւ ընթացող գաղտնի պայքարի
մասին։ Կրեմլը վախենում է նեղացնե՞լ ադրբեջանական իշխանության իր
գործընկերներին, ովքեր համեմատաբար հավասարակշռված արտաքին
քաղաքականություն են վարում։ Պաշտոնական Բաքվի հետ ջերմ
հարաբերությունները մեզ համար անշուշտ կարեւոր են։ Չի կարելի մոռանալ այն
փաստը, որ ադրբեջանցիները Մոսկվային թույլ են տվել պահպանել ռուսների
համար կենսական կարեւորություն ունեցող Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը։
Մեծ ռեսուրսներ ունեցող ամերիկացիներն իրենց կարող են թույլ տալ կրկնակի
խաղ, իսկ մենք՝ ոչ։ Մենք միայն կգժտվենք ադրբեջանական իշխանության հետ եւ
փոխարենը ոչինչ ձեռք չենք բերի։ Բաքվի կառավարական շրջանակներում գիտեն,
որ ամերիկացիներն անկեղծ չեն, բայց Ռուսաստանից, հին սովորությամբ,
անկեղծություն են պահանջում։ Կա մի ներքաղաքական պատճառ, որը ստիպում է
Մոսկվային այսպես մտածել։ Մեր իշխանության մեջ շատերն են գտնում, որ
«նարնջագույն հեղափոխությունը» սպառնում է ոչ միայն ԱՊՀ մյուս երկրներին,
այլեւ՝ հենց Ռուսաստանին։ Եվ այդ պատճառով իրենց սրբազան պարտքն են
համարում «նարնջագույն վարակի» դրսեւորումների դեմ պայքարելը։ Այսօրինակ
տրամաբանությունը մի մեծ թերություն ունի։ Իսկական ժողովրդավարական
երկրում «գունավոր հեղափոխություն» հնարավոր չէ։ Դրա համար պետք է
պայքարել ոչ թե հետեւանքների, այլ պատճառների դեմ։
շարունակելի
«Մոսկովսկի կոմսոմոլեց»