Գաղտնիք չէ, որ ընթերցողներին շատ են գրավում այն լուրերը, որոնք սկսվում են հետեւյալ կերպ. «ինչպես հաղորդում են գ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները»։ Հետո շարունակվում են «խիստ կոնֆիդենցիալ» զրույցի մասին մանրամասներ հաղորդելով։ Ընթերցողների մեծ մասն, իհարկե, նման լուրերին մեծ տեղ չի տալիս։ Բայց «նստվածքը», ամեն դեպքում, մնում է։
Կարդացողն, իհարկե, հասկանում է՝ «խիստ կոնֆիդենցիալ» հանդիպումը հենց նրանով է կոնֆիդենցիալ, որ կողմնակի ականջներ չկան։ Երբ գրում են, որ, ասենք, Պողոսը եւ Պետրոսը փակ դռների հետեւում գաղտնի հանդիպում են ունեցել, դրան դեռ կարելի է հավատալ, քանի որ հնարավոր է ինչ-որ մեկը (մոտ կանգնած աղբյուրը) նկատել է, թե նրանք ինչպես են միաժամանակ մուտք գործում այդ սենյակ։ Բայց երբ նշվում է, որ հանդիպումը գաղտնի է եղել, մասնակցել են միայն Պողոսն ու Պետրոսը, եւ հետո էլ գրեթե բառացի մեջբերում են, թե Պողոսը Պետրոսին ինչ ասաց՝ դա արդեն կասկածելի է։ Բայց կասկածելուն զուգահեռ, ամեն դեպքում մտածում են՝ որ գրում են, ուրեմն մի բան կա։ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի, նրա՝ վարչապետ նշանակվելու, Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան ներքին հակասությունների մասին խոսակցությունների մեծ մասը հենց այս մակարդակի վրա են ընթանում. խոսակցությունների, շշուկների, «մոտ կանգնած աղբյուրների» եւ պատերի վրա գտնվող ականջների։ Հետո վերաճում են հասարակական լայն քննարկման։ Սակայն, երբ դիտարկում ես վերջին շրջանում ամենատարբեր մարդկանց կողմից արված հայտարարությունները, նկատելի է դառնում, որ ինչ-որ հակասություն, խմորումներ կամ լարվածություն, ամեն դեպքում, կա։ Եվ որքան էլ զարմանալի լինի, այդ հակասությունը առավել ցայտուն երեւում է ոչ թե ինչ-որ մեկի այգում տեղի ունեցած գերգաղտնի հանդիպման մասին լուրերից, այլ տնտեսական դաշտում հնչող հայտարարություններից։
Սկսենք նրանից, որ ճգնաժամի հարվածից հետո, երբ տնտեսությունը աննախադեպ անկում ապրեց, հնչեց ամենաուշագրավ պաշտոնական միտքը՝ ՀՀ տնտեսությունը ունի խոցելի կառուցվածք, դիվերսիֆիկացված չէ։ Ինչպես հիշում եք՝ Տիգրան Սարգսյանը դա ներկայացրեց՝ որպես «ճգնաժամի դաս»։ Նշենք նաեւ, որ վարչապետից բացի, այս մասին հանկարծ սկսեցին խոսել միջազգային ֆինանսական կառույցները, օրինակ՝ Համաշխարհային բանկը։ Ասում ենք՝ հանկարծ, որովհետեւ նույն այդ տնտեսությունը կառուցվել է նրանց աչալուրջ հայացքի ներքո ու նրանց խորհուրդներով։ Քննադատվեց նաեւ շինարարական փուչիկը, որը ջանասիրաբար փչվել էր վերջին տասնամյակի ընթացքում եւ նույնքան ջանասիրաբար էլ պայթեց։ Հասկանալի է նաեւ, որ վարչապետը չէր կարող թեկուզ անուղղակի քննադատել նախկին նախագահին՝ առանց ներկայիս նախագահի համաձայնության։
Այս ամենին հետեւեց Ռոբերտ Քոչարյանի պատասխանը։ Նա հիշեցրեց, որ իր օրոք տնտեսությունն աճում էր երկնիշ թվերով, եւ պետական պարտքի մակարդակն էլ գնալով փոքրանում էր։ Ավելին՝ Ռ. Քոչարյանը «լայթս» քննադատության ենթարկեց կառավարությանը՝ խորհուրդ տալով չանտեսել շինարարության ոլորտը։
Իսկ հետո արդեն սկսեցին խոսել «տնտեսական աճ» կոչվածի ու դրա պատճառների մասին։ Սկսեցին կարծիքներ հայտնել, որ ՀՆԱ-ի երկնիշ աճի ցուցանիշի համար պարտական ենք ոչ թե իշխանավորների փայլուն ուղեղներին, այլ պարզապես դրսից եկող մասնավոր տրանսֆերտներին։ Բոլորովին վերջերս նման միտք հայտնեց Միգրացիայի ծառայության պետ, նախկին սոցապ նախարար Գագիկ Եգանյանը։ Իսկ ամենաթարմ միտքը 2 օր առաջ հայտնել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Ջոն Սեոնգը՝ ասելով. «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը հատկապես Հայաստանին ուժեղ է հարվածել` համեմատած այլ երկրների հետ: Այս ամենից մենք պետք է դասեր քաղենք: Հայաստանը սկսած 2000-ական թվականներից մինչեւ ճգնաժամի սկիզբը հենվել է շատ քիչ արդյունաբերությունների վրա, օրինակ` դրանցից մեկը եղել է շինարարությունը, ֆինանսական վառելանյութը ստացել է հիմնականում փոխանցումների միջոցով, որոնք գալիս էին Ռուսաստանից»: Ուշագրավն այն է, որ Սեոնգը այդ հայտարարությունն արել է մի համաժողովի ժամանակ, որն անցկացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի աջակցությամբ։ Այլ կերպ ասած՝ վարչապետի թիմի հովանու ներքո։
Ինչ-որ տեղ սա նորմալ, անգամ՝ ուրախալի երեւույթ է։ Այսինքն՝ նախկին եւ ներկա իշխանությունները միմյանց քննադատում են գաղափարական հողի վրա, տնտեսական քաղաքականության առումով։ Ընդ որում, քաղաքակիրթ բառերով ու հարգալից ձեւակերպումներով, անհասցե թվացող, բայց շա՜տ կոնկրետ հասցեատեր ունեցող այդ քննադատությունը շատ լուրջ է։ Փաստորեն՝ ներկայիս իշխանությունը նախորդ իշխանությանը մեղադրում է տնտեսական փուչիկ փչելու, տնտեսության «հերն անիծելու» մեջ։ Մեղադրում է հիմնավորված եւ միջազգային կառույցների աջակցությունը վայելելով։ Ինչպես ասում են, ընդդիմադիրների «հացը կտրելով»։
Այս ամենից հետո դժվար է ենթադրել, որ ներկայիս նախագահի օրոք Ռոբերտ Քոչարյանը զբաղեցնի վարչապետի պաշտոնը։ Չէ, իհարկե, այս երկրում ամեն ինչ էլ հնարավոր է։ Պարզապես այս դեպքում դա չի հասկացվի ոչ մեկի կողմից։ Դա կնշանակի՝ վարչապետի պաշտոնում նշանակում են մի մարդու, ում մեղադրում են տնտեսությունը հիվանդացնելու մեջ։ Այսինքն՝ ցանկանում են տնտեսությունը անբուժելի հիվանդ դարձնել։
Այս ամենի մասին գրելով, սակայն, չի կարելի բաց թողնել նաեւ մի կարեւոր հանգամանք՝ անկեղծության բացակայությունը։ Նախ՝ այն մարդիկ, ովքեր այսօր խոսում են տնտեսության հիվանդ կառուցվածքից, սրանից 5 տարի առաջ պարծենում էին մեր տնտեսության «վագրաձեւ աճով»։ Բացի այդ՝ տնտեսության «ամորձատման»՝ արդյունաբերության վերացման եւ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի մեծացման պատճառները թվելիս՝ մոռանում են մի չափազանց կարեւոր գործոնի մասին՝ փոխարժեքի։ Երբ հայկական դրամը արժեւորվում էր՝ դա բացատրվում էր այն նույն «տնտեսական աճով», որն այսօր քննադատվում է։ Իսկ երբ այդ գործընթացի արդյունքում տուժում էր ներքին արտադրողը, նրան խորհուրդ էին տալիս չբողոքել եւ արդիականացվել՝ դիմանալով մրցակցությանը։ Այդ մասին, իհարկե, չի խոսվում, որովհետեւ այսօր տնտեսության կառուցվածքը քննադատողը երեկվա խորհուրդ տվողն էր։
Անկեղծության պակասի մասին է խոսում նաեւ այն, որ շինարարությանը քննադատելով հանդերձ՝ այսօր շարունակում են մեծ ուշադրություն դարձնել այդ ոլորտին։ Ճիշտ է՝ հիմա ավելի շատ «հակառակ ծայրից» են փորձում օգնել՝ մատչելի են դարձնում հիպոթեքային վարկավորումը, որպեսզի դատարկ նորակառույցները վաճառվեն։ Եվ վերջապես՝ արտերկրից եկող տրանսֆերտները այսօր էլ շարունակում են մեծ դեր խաղալ։ Ճիշտ է՝ ճգնաժամային տարում դրանց ծավալը փոքր-ինչ նվազեց, բայց այս տարվա առաջին եռամսյակում, Կենտրոնական բանկի տվյալներով, ներհոսքի ծավալները կայունանում են. բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձինք Հայաստան են փոխանցել 261 միլիոն դոլար (գրեթե նախորդ տարվա առաջին եռամսյակի չափ)։ Ընդ որում, Ռուսաստանից եկող տրանսֆերտներն աճել են շուրջ 12%-ով՝ կազմելով 162.7 միլիոն դոլար։ Եթե այս տվյալները համադրենք արտաքին առեւտրի ցուցանիշների հետ (երբ մեր երկրից հարյուրավոր միլիոն դոլարներ գնում են դրսի ընկերությունների գրպանը), ապա պարզ է դառնում, որ Հայաստանը շարունակում է նստած մնալ «տրանսֆերտային ասեղի» վրա։ Դե, իսկ մնացած առումներով՝ կոռուպցիայի դեմ պայքար, ստվերի կրճատում, մրցակցության ապահովում եւ այլն, ամեն ինչ նույնն է։ Միակ տարբերությունն այն է, որ այժմ այդ մասին ավելի շատ են խոսում ու ավելի վսեմաշուք ձեւակերպումներով։