– Արդեն հայտնի է, որ մարտի 1-ի զոհերի հարազատներին հաջողվեց հանդիպել ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուի հետ: Նախքան հանդիպումը դուք եւս մասնակցել եք հարազատների հետ քննարկմանն ու համակարծիք եղել, որ այդ հանդիպումը կայանա: Ի՞նչ արդյունք եք ակնկալում:
– Ասել, որ քաղբանտարկյալների կամ զոհվածների հարազատների ակնկալիքները ԵԽ ԽՎ-ի կողմից ամբողջությամբ արդարացված են, բնականաբար, ճիշտ չի լինի: Բայց նաեւ հերքել, որ այդ կառույցը չի արձանագրել Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները եւ չի գնահատել դրանք, դա նույնպես ճիշտ չի լինի: ԵԽ ԽՎ-ն ընդունել է 4 բանաձեւ, որտեղ նշված են այսօր Հայաստանում տիրող խնդիրների մասին նրանց մոտեցումները: Հայտնի է նաեւ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի գնահատականը քաղբանտարկյալների հարցերով, երբ նա ուղղակիորեն այդ ամենին տվեց «քաղաքական վենդետա» անվանումը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն արձագանքել է քաղբանտարկյալների նախնական կալանքի մասով: Այդ դատարանը գրեթե արդեն վարույթ է ընդունել 4 գործեր, եւ ակնկալում ենք, որ առաջիկայում դրանց թիվը կավելանա: Այսինքն, այդ կառույցներն, այնուամենայնիվ, արձանագրում են մեր երկրում առկա խնդիրները:
– Մինչ Չավուշօղլուի հետ հանդիպումը, ԵԽ ԽՎ-ում ՀԱԿ-ի ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արման Գրիգորյանը Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում արդեն իսկ ներկայացրել է Հայաստանում տիրող ներքաղաքական վիճակն ու անդրադարձել նաեւ Մարտի 1-ի դեպքերին: Այսինքն, Չավուշօղլուի համար այս հանդիպումներում կարծես թե նոր բան չբացահայտվեց:
– Զոհերի հարազատների հետ հանդիպումից հետո Չավուշօղլուն ասել էր, որ այն անցավ զգայական մակարդակում: Ուրիշ բան է, երբ որ դու լսում ես խնդրի մասին, այլ բան է, երբ որ խնդրի էությանը ծանոթանում ես առաջին ձեռքից: Չավուշօղլուն հնարավորություն ունեցավ լսել զոհվածների հարազատների պահանջները անձամբ իրենցից: Իրավունքի մեջ, ընդհանրապես, գոյություն ունի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հասկացությունը: Ցանկացած բան, երբ ուզում ես քննել եւ հասկանալ դրա էությունը, ապա պետք է կարողանաս այդ երեք տարրերը ապահովել, որպեսզի խնդիրը դիտարկվի ոչ թե դրվագներով, այլ` ամբողջապես: Եվ կարեւոր է նաեւ օբյեկտիվությունը: Կոնկրետ այս պարագայում` Չավուշօղլուի ազգությունը դարձավ քննարկման առարկա: Պետք է ինքը կարողանա մի կողմ դնել իր թուրք լինելը եւ հանդես գա որպես պաշտոնյա:
– Բայց փաստն այն է, որ նա միշտ աչքի է ընկել որպես խիստ ադրբեջանամետ գործիչ, որի կարծիքներն ուղղակիորեն համընկել են ԵԽ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների հետ:
– Ինձ հայտնի է Մարտի 1-ին զոհվածների ծնողների, հարազատների տեսակետը, որն ինձ համար ընդունելի է: Նրանք պնդում են, որ անկախ նրանից՝ ԵԽ ԽՎ նախագահն ինչ ազգության է, փաստ է, որ այդ կառույցը ղեկավարում է նա: Իրենք ունեն խնդիր եւ ուզում են այդ խնդիրը բարձրացնել: Այստեղ էականը անձի ազգությունը չէ, այլ զբաղեցրած պաշտոնը: Տրամաբանական է նաեւ զոհվածների հարազատների այն հարցադրումը, երբ ասում են, թե ինչ է` պետք է սպասեն մինչեւ փոխվի այդ պաշտոնյան, որ կարողանա՞ն իրենց պահանջները ներկայացնել: Միգուցե կա խնդիր բարոյական հարթության մեջ, բայց, ընդհանուր առմամբ, նրանց տեսակետն ինձ համար հասկանալի է, եւ ես ընդունում եմ այդ մոտեցումը:
– Արդյո՞ք սպասելի է, որ ԵԽ ԽՎ-ն ՀՀ իշխանություններից ժամանակացույց կպահանջի` զոհերի սպանությունների բացահայտման համար:
– ԵԽ ԽՎ-ն ոնց կվերաբերվի այս ամենին` դժվարանում եմ ասել, քանի որ խոսքը քաղաքական կառույցի մասին է: Քաղաքականության մեջ որոշիչ հանգամանքները բազմաթիվ են: Միգուցե նրանց ձեռնտու կլինի այս հարցը քննարկել անգամ լիագումար նիստում, միգուցե մոնիտորինգի հանձնախմբում, իսկ միգուցե նախաքննության գործերը արագացնելու կամ վերջնաժամկետ պահանջ կներկայացվի մեր իշխանություններին: Ամեն դեպքում, կարծում եմ, որ ԵԽ ԽՎ-ն անպայման ինչ-որ կերպ կանդրադառնա դրան: Արդեն ավելի քան ակնհայտ է դառնում, որ ոչ թե նախաքննության մարմինը փորձում է եւ չի կարողանում բացահայտումներ անել, այլ հարցը նա է, որ կա իշխանությունների կողմից պատվեր` գործը տեղից չշարժելու համար: Ընդամենը կես ժամվա ընթացքում կարելի է բացահայտել, թե ով է կրակելու հրաման տվել: Պատասխանատուն իշխանության ներկայացուցիչներն են, եւ հենց իրենք պետք է իրենց մեղադրանք առաջադրեն:
– ՀԱԿ-ը դիմել էր մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի վերջինիս միջնորդությամբ Սահմանադրական դատարանում վիճարկվի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի` «արտակարգ դրություն» հայտարարելու մասին որոշումը: Ա. Հարությունյանը, փաստորեն, մերժեց այն: Ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլն այս ուղղությամբ:
– Պարոն Հարությունյանը ոչ միայն հրաժարվեց, այլ այն հիմնավորումները, որ ներկայացրեց, մեղմ ասած` ծիծաղելի էին, վստահ եմ, որ նրան պակասեց քաղաքական կամքն ու խիզախությունը: Երբ մարտի 1-ին բանակի ներգրավվածության վերաբերյալ ԵԽ ԽՎ-ում փաստաթուղթ դրվեց շրջանառության, Արմեն Հարությունյանը հայտարարեց` երբ մեր հարցերը չենք լուծում, դրանցով զբաղվում են ուրիշները: Դրանից հետո մենք նորից դիմեցինք նրան, քանի որ նա խիզախել էր նման միտք արտահայտել: Արդեն մոտ 3 ամիս կլինի, բայց մինչ օրս ենթադրաբար մերժումը չենք ստացել: Այն ստանալուց հետո իրավաբանորեն մի ճանապարհ կգտնենք մեր պահանջը տեղ հասցնելու համար:
– Օրերս ՄԱԿ-ի` Մարդու իրավունքների խորհրդի նիստում, Հայաստանը ներկայացնում էր նաեւ ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը, ով հայտնի է Մարտի 1-ին առնչվող դատավարությունների ակտիվ մասնակցությամբ` որպես մեղադրող կողմ: Նա հայտարարեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, բոլորն էլ դատապարտված են կոնկրետ քրեական իրավախախտումների համար: Որպես ՀԱԿ-ի` քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության անդամ, ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին:
– Արդեն իսկ հանցագործություն է կատարվել, երբ այդ մարդն է գնացել մեր երկրի ժողովրդավարության մասին խոսելու: Նա դրա բարոյական իրավունքը չունի: Սասուն Միքայելյանի մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազը թույլ է տալիս ասելու, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան: Ինքս շատ լավ ծանոթ եմ կոնկրետ Շմավոն Գալստյանի գործին: Ինձ համար մի բան ակնհայտ է, այն մարմնավաճառները, որոնք իբրեւ ցուցմունք էին տվել, դրանք առնվազն իրավաբանի ցուցմունքներ են` գրագետ կառուցվածքով ու տերմինաբանությամբ: Ակնհայտ է, որ նրա դեմ հարուցվեց շինծու քրեական գործ` որպեսզի ճնշում գործադրվի Հակոբ Հակոբյանի վրա: Կգա ժամանակը, եւ այն քննիչները, ովքեր հավաքել են կեղծ ապացույցները, եւ այն դատախազները, ովքեր դատարանում պաշտպանել են այդ շինծու մեղադրանքները` պատասխան կտան օրենքի առջեւ: Եթե այդ պոռնկանոց ստեղծելը այդքան վտանգավոր է, ինչ է` հայտնի չէ, օլիգարխներից քանիսը քանի հատ պոռնկատուն ունեն քաղաքում: Քանի որ այդ հյուրանոցների տերերը Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին չեն կանգնել, ուրեմն նրանց արածը հանցագործություն չէ՞: Կոնկրետ Շմավոն Գալստյանի քրեական գործը ամբողջովին կառուցված է հակասությունների վրա: Բայց նրա հարցը ամենաշուտ ու հեշտ լուծվող հարցերից է, եւ այդ օրը շուտով կգա: