Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, թե հունվարին Սոչիում կայացած նախագահների հանդիպումից հետո ղարաբաղյան կարգավորման գործընթացում դադար է նկատվում: «Սոչիում նախագահների հանդիպումից հետո Հայաստանի նախագահի դիրքորոշման պատճառով դադար տեղի ունեցավ բանակցություններում, եւ քննարկումներն ու հանդիպումներն այնպես չեն ընթանում, ինչպես նախատեսվում էր»,- ասել է նա` հավելելով, որ գործընթացում բեկում մտցնելու համար պետք է փոփոխություն տեղի ունենա Հայաստանի դիրքորոշման մեջ: «Վերջերս Սերժ Սարգսյանը հրավիրվել էր Վաշինգտոն, Բեռլին, Փարիզ` հանդիպումների մասնակցելու համար: Այս հանդիպումներում քննարկման գլխավոր թեման ղարաբաղյան հարցն է եղել: Տվյալ պահին մենք գտնվում ենք դադարի փուլում, եւ բանակցություններում առաջընթացի հասնելու համար անհրաժեշտ է Հայաստանի դիրքորոշման փոփոխություն»,- նշել է Ազիմովը: Ըստ նրա` Ադրբեջանի դիրքորոշման «կառուցողականությունը» կայանում է նրանում, որ Ադրբեջանը կարծում է, որ մինչեւ կարգավիճակի վերջնական որոշումը կողմերը կարող էին ժամանակավորապես համաձայնության գալ համայնքների կարգավիճակի հարցում, քանի որ Ղարաբաղում կան եւ՛ հայկական, եւ՛ ադրբեջանական համայնքներ։ Նա նշել է, որ երկու համայնքների համար էլ պետք է ապահովվեն մարդու իրավունքները, տեղաշարժվելու ազատությունը: