Հայ Ազգային կոնգրեսը երեկ մեկնաբանություն է տարածել երկու ամիս առաջ արված հայտարարության վերաբերյալ` պատճառաբանությամբ, թե նոր են կարողացել այդ մասին տեղեկանալ: «Ինչպես հայտնի է, մարտի 2-ին, երբ Հայաստանում էր գտնվում ԵՄ նախարարական պատվիրակությունը («Տրոյկան»)՝ Իսպանիայի ԱԳ նախարար Մորատինոսի գլխավորությամբ, կայացավ այդ պատվիրակության հանդիպումը ՀԱԿ ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում բարձրացվեցին Հայաստանում ժողովրդավարական ազատությունների վերականգնման հետ կապված հարցեր, փոխանցվեցին պարոն Մորատինոսին, ինչպես նաեւ՝ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակները, որոնցում ընդգծվել է քաղբանտարկյալների առկայության հետ կապված անհանդուրժելի իրավիճակը եւ կարեւորվել է ԵՄ հրապարակային դիրքորոշումը Հայաստանում ժողովրդավարության վերականգնման հարցում: ԱԳ նախարար Մորատինոսը ինչպես Կոնգրեսի ներկայացուցիչների հետ զրույցում, այնպես էլ Տեր-Պետրոսյանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրեց, որ Եվրոպական Միությունը հետամուտ է լինելու բարձրացված հարցերի լուծմանը: Մարտի 10-ին ԵՄ-ն հանդես է եկել ՀՀ-ում ստեղծված իրավիճակին վերաբերող հայտարարությամբ, որում համոզում է հայտնել, որ 2008թ. մարտի 1-ի դեպքերից առաջ շարժվելու համար անհրաժեշտ է ցուցարարների եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչների ողբերգական մահվան մանրակրկիտ քննություն: ԵՄ-ն նաեւ պահանջել է լուծել այն բանտարկյալների հարցը, որոնք շարունակում են բանտարկված մնալ իրենց քաղաքական գործունեության պատճառով, ինչպես նաեւ վերափոխել արդարադատության համակարգը՝ համաձայն միջազգային ստանդարտների եւ ԵԱՀԿ-ի պարտավորությունների: Մայիսի 6-ին ստացվել է նաեւ Լ. Տեր-Պետրոսյանին ուղղված նամակ տիկին Էշթոնից, որում հայտնվել է, որ ՀՀ-ում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը ԵՄ-ի համար շարունակում է մնալ առանցքային առաջնայնություն Հայաստան-ԵՄ համագործակցության եւ երկխոսության համար, եւ որ ԵՄ-ն Հայաստանի ղեկավարության առջեւ բարձրացրել է մարտիմեկյան իրադարձությունների քննությանը մանրակրկիտ կերպով հետամուտ լինելու եւ միայն իրենց քաղաքական իրավունքները գործածելու համար բանտարկված բոլոր ակտիվիստներին ազատ արձակելու, ինչպես նաեւ խոսքի ազատությանը վերաբերող հարցեր: ՀԱԿ-ը ողջունում է ԵՄ-ի եւ նրա բարձրաստիճան ղեկավարների դիրքորոշումները, որոնք ցույց են տալիս, որ ԵՄ-ի բարձր ղեկավար օղակներում ըմբռնումով են մոտենում Հայաստանյան ժողովրդի եւ հասարակության սպասելիքներին, արձանագրելով երկրում ստեղծված անհանդուրժելի իրողությունները եւ կարեւորելով ժողովրդավարական ազատությունների վերականգնման անհետաձգելի անհրաժեշտությունը: Ցավով պետք է նշենք, որ մարտի 10-ին արված հայտարարության մասին հնարավոր եղավ տեղեկանալ միայն մեծ ուշացումով, մի քանի օր առաջ՝ շնորհիվ Բրjուսելում Կոնգրեսի անձնական շփումների: Կարծում ենք, ՀՀ-ի վերաբերյալ ԵՄ հայտարարության մասին մամլո հաղորդագրություն տարածելը Երեւանում ԵՄ ներկայացուցչության պարտավորությունն է, ուստի, այդ հարցում ներկայացուցչության անգործությունը, որի պատճառով Հայաստանի հասարակության կողմից սպասված դիրքորոշումները անըմբռնելի ուշացմամբ են մատչելի դարձել մեր ժողովրդին, առաջացնում են մեր տարակուսանքը: Այս առթիվ մենք դիմել ենք ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն` բացատրություններ ստանալու նպատակով: Վստահ ենք, որ Երեւանում ԵՄ պատվիրակության աշխատանքը պետք է համահունչ լինի ԵՄ-ի որդեգրած քաղաքական դիրքորոշումներին»,- ասված է ՀԱԿ հայտարարության մեջ: