– Արա՛քս, դավանաբանական ինչ-ինչ խնդիրներից անկախ` իսլամը պիտի որ միավորեր իսլամադավան երկրները: Սակայն իրականությունն այն է, որ Ադրբեջանում քանդվում են հարեւան Իրանի մզկիթները: Հետաքրքիր է` ի՞նչ հիմնավորմամբ:
– Մզկիթներն Ադրբեջանում փակվում են գրանցման, անվտանգության կամ վերանորոգման խնդիրներ ունենալու` թերեւս ոչ այնքան փաստարկված հիմնավորումներով: Նշված գործընթացի համար օրենսդրական հենք դարձավ 2009թ. Ադրբեջանի խորհրդարանի կողմից «Կրոնի դավանման ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելը, համաձայն որի` մինչեւ 2010թ. հունվարի մեկը կրոնական կառույցները պետք է գրանցվեն, իսկ գրանցված լինելու դեպքում` վերագրանցվեն: Սակայն կրոնական կառույցների գրանցումը շատ բարդ գործընթաց է, որը ոչ բոլոր դեպքերում կարող է հաղթահարվել:
– Ադրբեջանում, ուր 70 տոկոսը շիաներ են, միայն 30-ը` սուննիներ, իշխանությունների թիրախ են դարձել թե՛ շիա, թե՛ սուննի մզկիթները:
– Այս պարագայում, կարելի է ասել, որ Ադրբեջանում առհասարակ մուսուլմաններն ունեն խնդիրներ: Վերջին շրջանում փակվել են Բաքվում գտնվող սուննիական (սալաֆիական) Աբու Բաքրը, թուրքական պետության միջոցներով կառուցված Շեհիդլարն ու Իլլահիյաթը (ինչը, ի դեպ, համընկավ հայ-թուրքական հարաբերությունների սկզբնավորմանը), նաեւ` Գյանջայի միակ սուննիական ջումաա մզկիթը: Քանդվել են շիական Մուհամեդ մարգարեի մզկիթը, Կասպից ծովի ափին գտնվող «Նավթային ժայռերի» մզկիթը: Բացի այդ, ապրիլի վերջերին տնտեսական դատարանի որոշմամբ քանդվելու որոշում է կայացվել շիական Ֆաթիմա-Զահրա մզկիթի վերաբերյալ: Վերջերս իշխանությունները որոշել են փակել նաեւ պատմամշակութային արժեք ներկայացնող Լեզգիական մզկիթը, եթե մզկիթի անունը չփոխվի:
– Ի՞նչ եք կարծում, Իրանի հոգեւոր վերնախավի այս բավական կոշտ արձագանքին կոնկրետ գործողություններ կհետեւե՞ն: Այաթոլլան, հիշենք, խոսում էր դիմադրության եւ անգամ դիմադրության ընթացքում հնարավոր զոհերի` «սրբազան նահատակների» մասին:
– Այաթոլլա Նասիր Մաքարեմ Շիրազին (Կումից) բարձրագույն շիա հոգեւորական է (մուջթահիդ, մարջիա աթ-թակլիդի), այսինքն` իսլամական դոգմաների եւ սկզբնաղբյուրների մեկնող, ում ֆետվաները բացարձակ օրենքի նշանակություն ունեն շիա հավատացյալների համար, այդ թվում` Ադրբեջանում: Խնդրի վերաբերյալ նրա արձագանքը կարող է մոբիլիզացիոն նշանակություն ունենալ: Ի վերջո, Իրանից ունեցած աջակցությունը եւ սրբազան նահատակության մասին այաթոլլայի դիտարկումը կարող է նպաստել շիաների շրջանում կրոնական ծայրահեղականության աճին, որը, ըստ ամենայնի, կարժանանա իշխանության հակազդեցությանը:
– Ամեն դեպքում, կրոնական այս վեճը քաղաքական ենթատեքստ ունի: Ի՞նչ է ուզում ասել Ադրբեջանը` քանդելով շիական մզկիթները, որ իր հայացքն ուղղված է ոչ թե Իրանին, այլ Թուրքիայի՞ն:
– Նախ` նշեմ, որ Իրանը Ադրբեջանի անկախանալուց հետո զգալի ջանքեր է գործադրել Ադրբեջանում իր քաղաքական եւ կրոնական ազդեցությունը տարածելու համար, ինչը հիմնականում իշխանությունների կողմից կանխվել է: Թեհրանի կողմից շիականության իրանական տարբերակի արտահանումը Ադրբեջանում գիտակցվում է որպես սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը: Կարծում եմ` իրանցի այաթոլլայի ուղերձն արտացոլում է ադրբեջանա-իրանական արդի հարաբերությունների ոչ այնքան հարթ պատկերը, եւ, ըստ էության, ավելի շատ կապված է Ադրբեջանի արտաքին քաղաքական կողմնորոշումների հետ:
– Ի՞նչ սպառնալիք են կրոնական տարբեր հոսանքներն Ադրբեջանի աշխարհիկ իշխանությունների համար: Դրանք, որքան հասկանում եմ, ընդդիմադիր շարժումներ են հիշեցնում:
– Իշխանություններն ամեն կերպ ձգտում են պահպանել աշխարհիկությունը, որն, ի դեպ, նաեւ հասարակության լայն շրջանակների պահանջարկն է: Նրանք վտանգ են տեսնում ոչ միայն կրոնական արմատականությունից եւ ծայրահեղականությունից, Դաղստանից Ադրբեջան ներթափանցող վահաբականությունից, այլեւ առհասարակ կրոնական ակտիվությունից, թե՛ շիա եւ սուննի շրջանակներում աչքի ընկնող երիտասարդ խարիզմատիկ կրոնական գործիչներից, որոնց շուրջ հավաքված են նաեւ երիտասարդ ակտիվիստներ: Այդ կրոնական գործիչներից շատերը (որոնք գործում են պաշտոնական իսլամից դուրս) կրթություն են ստացել իսլամական աշխարհի տարբեր աստվածաբանական կենտրոններում եւ դասական իսլամի գիտելիքների կրողներ են` ի տարբերություն Ադրբեջանի խորհրդային շրջանի կիսագրագետ կրոնավորների: Կարծում եմ` իշխանությունները մտահոգված են, որպեսզի իսլամը չդառնա հասարակական գիտակցության բաղկացուցիչ, որպեսզի կրոնական դաշտը զերծ մնա հասարակական-քաղաքական նշանակություն ունեցող հարցերի քննարկումներից, որպեսզի չմեծանա կրոնի դերը, կրոնական գործիչների հեղինակությունը: Բացի այդ` իսլամը կարող է ապակայունացնել ոչ միայն ներքաղաքական իրավիճակը, այլեւ խթանել էթնոքաղաքական շարժումների ակտիվացմանը նույն լեզգիների, ավարների կամ թալիշների շրջանում:
– Չե՞ք կարծում, որ հավատացյալներին հոգեւոր դաշտից բռնի դուրս թողնելու հետեւանքը կարող է լինել հակազդեցությունը: Նման հեռանկարը որքանո՞վ է հավանական:
– Ընդհանրապես, խորհրդրային մեթոդներով իրականացվող գործողություններն Ադրբեջանում հազիվ թե արդյունավետ լինեն: Մզկիթի փակվելու դեպքում կրոնական գործառույթը պարզապես կտեղախոխվի դրանից դուրս, իսկ հավատացյալները կարող են աղոթել այլ վայրերում, կամ, ասենք` իմամի, ախունդի տանը, ինչն ընդունված պրակտիկա է իսլամում: Փոխարենը, հնարավոր է` նոր լիցքեր ստանա կրոնական ակտիվությունը, ձեւավորվեն սոցիալական հուզումների ալիքներ: Իսլամիզմը լուրջ ռեսուրս ունի լցնելու Ադրբեջանում առկա գաղափարախոսական վակուումը:
– Իսլամական համերաշխության գաղափարը, փաստորեն, ոչ միշտ է գործում: Ինչպե՞ս են արձագանքում մզկիթների փակմանը իսլամադավան մյուս երկրները, մասնավորապես՝ «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունը:
– Կարելի է ասել` որեւէ կերպ չեն արձագանքում, քանի որ այլ կերպ դա կդիտվի միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին, ինչպես դա ընկալվեց այաթոլլա Շիրազիի պարագայում: Նույն «Իսլամական կոնֆերանսի» հետ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է, աջակցություն ստանում ղարաբաղյան հարցում, իսկ 2009թ. «Իսլամական կոնֆերանսը» Բաքուն հայտարարել էր իսլամական աշխարհի մայրաքաղաք:
– Պատմությունը ցույց է տալիս, որ եկեղեցին եւ պետությունը, որպես կանոն, գործում են ձեռք ձեռքի: Ադրբեջանի իշխանություններն ու հոգեւոր դասը համագործակցության ո՞ր աստիճանում են:
– Ադրբեջանում թե՛ աշխարհիկ, թե՛ հոգեւոր ընտրանիները սերտորեն համագործակցում են միմյանց հետ: Փաշազադեն իր հեղինակությամբ չի կարողանում կանխել մզկիթների փակման եւ քանդման գործընթացը, ինչը, ըստ էության, մեծ հարված է նրա հեղինակությանը: