Պատկերապատողը շատ դեպքերում ավելի ազատ ու օբյեկտիվ է, քան լուսանկարիչը

16/05/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մայիսի 14-ին Հայաստանում մեկնարկեց պատկերապատումների 2-րդ միջազգային փառատոնը, որը ներկայացնում ու բացահայտում է գրաֆիկական նովելների` նկարազարդ պատմությունների լայն թափով զարգացող ու նոր շուկաներ գրավող ոլորտը։

Կարելի է նկատել, որ գրաֆիկական նովելները լայն սպառում ունեցող արտադրանք են: Որպես կանոն, նկարազարդ գրքերը հիմք են հանդիսանում անիմացիոն ֆիլմերի ու ինտերնետային ֆորմատ ունեցող գրքերի համար, քանի որ պատկերապատումների ստեղծման սկզբունքն ավելի մոտ է կինոյին, քան գրականությանը: Պատկերապատումներն աշխարհում հսկայական պահանջարկ ունեն (մանկական զվարճալի ու թեթեւ պատմություններից սկսած, դասական ստեղծագործությունների ադապտացմամբ վերջացրած)։ Դասական վեպերը, պատմության դրվագները, երեւակայական սյուժեները, արդիական քաղաքական անցուդարձն ու խիստ անձնական վերապրումները վերածվում են «պատկերային ժապավենի» (հենց այդպես է թարգմանվում «Bande Dessineգe» ֆրանսերեն բառը, որի հայերեն համարժեքը «պատկերային պատումն» է)։ Իսկ թերթվող գրքի էջերը, իրոք, նման են ժապավենի, որի վրա կարելի է ամեն բան ֆիքսել։ Արագ տեմպ ունեցող կյանքով ապրող մարդկանց համար այդ արվեստի տեսակը շատ ակտուալ է, այն կարելի է խտացված գիրք անվանել։ Չէ՞ որ կյանքի արագ ռիթմն արտացոլվում է նաեւ ինֆորմացիա փոխանցելու ձեւերի մեջ։ Պատկերի մեջ խտացվում է նկարագրությունն ու պատմական կամ իրավիճակային ֆոնը, գործող հերոսների խոսքն անձնավորվում է, դյուրին է դառնում ընկալումը։

Աշխարհում իրարից բավականին տարբեր պատկերապատումների դպրոցներ կան՝ ամերիկյան կոմիքսները, ճապոնական մանգան, եւ եվրոպական գրաֆիկական նովելները։ Եվրոպայում պատկերապատումների առաջատարը Ֆրանսիան է, որը մեծ ուշադրություն է դարձնում հեղինակային ոճին եւ նյութի օրիգինալ մատուցմանը (ի տարբերություն ճապոնական դպրոցի, որի համար առաջնայինը կոնվեյերի մեկընդմիշտ ընդունված ոճին հավատարիմ մնալու սկզբունքն է)։ Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում գործում է ամենախոշոր ու հեղինակավոր պատկերապատումների փառատոնը, որի շնորհիվ ընդամենը 50.000 բնակչություն ունեցող այդ փոքր քաղաքը կարողանում է մոտ 200.000 հյուր ընդունել, բարգավաճել, հարստանալ ու զարգանալ։ Եվ զարմանալի չէ, որ Հայաստանի փառատոնը սերտորեն համագործակցում է Անգուլեմի փառատոնի հետ, քանի որ Ֆրանսիայում պատկերապատումների զարգացման գործում մեծ դերակատարություն ունեն ֆրանսահայերը։ 37 տարի առաջ Անգուլեմը «մեռնում» էր, քանի որ փակվել էր քաղաքի թղթի ֆաբրիկան, ու գործազուրկ մարդիկ ստիպված հեռանում էին այնտեղից։ Անգուլեմի լինելու թե չլինելու հարցը հօգուտ լինելու լուծեց փոխքաղաքապետ Ժան Մարդիկյանը, ով ոչ միայն լավ կառավարիչ (մեր լեզվով ասած՝ չինովնիկ), այլեւ արկածախնդիր մարդ է։ Նա հիմնադրեց «Բանդեսինիների փառատոնը»՝ տրամադրելով այդ ձեռնարկին քաղաքի գրեթե բոլոր հարթակները՝ եկեղեցիների տարածքներն ու գործարանների դահլիճները, փողոցներն ու վարչական սրահները, որտեղ ցուցադրվում են գրաֆիկական նովելներն ու ծաղրանկարները։ Արդյունքում՝ Անգուլեմը դարձավ փառատոնային քաղաք՝ բարձրացնելով Ֆրանսիայի հեղինակությունն ու անգուլեմցիների կենսամակարդակը։ Ուշագրավ է, որ փառատոների շարանում են նաեւ հնաոճ մեքենաների ցուցադրություն-մրցարշավներն ու ոստիկանների մասին պատմող ֆիլմերի փառատոնը։ Ֆրանսիացիները հումորի տեր մարդիկ են եւ գիտեն, թե ինչպես է հարկավոր հումորը տեսարանների վերածելով՝ դրամ աշխատել։

Ժան Մարդիկյանը վստահ է, որ արվեստի ուժն ու շուկայի օրենքները շատ լավ միաձուլվում են պատկերապատումների մեջ։ «Եթե արվեստագետը խելք ունի ու պատրաստ է ջանք թափել, անպայման կհաջողի ու շուկայում տեղ կգտնի։ Ոչ միայն ձեռքերը, այլեւ՝ գլուխը պետք է «ոսկի» լինի՝ արվեստի գործը մարդկանց հասցնելու համար։ Պետք է հիշել, որ տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, ու արվեստագետը պետք է կարողանա ետ չմնալ դրանցից։ Պատկերային պատմությունները հիմա ոչ միայն գրքերի տեսքով են հայտնվում, այլեւ տեղ են գտնում կինեմատոգրաֆում, ինտերնետում կամ էլ ուղղակիորեն անձնական հեռախոսներում։ Շուկան շատ մեծ է ու միշտ բաց է։ Հայերը պատկերապատումների ոլորտում կարող են հաջողել, քանի որ ոչ միայն լավ նկարում են, այլեւ բարձր տեխնոլոգիաների գործածումն են կարեւոր համարում։ Գիտե՞ք՝ որքան հայ պատկերապատող է աշխատում Ֆրանսիայում, Ամերիկայում, Ճապոնիայում։ Նրանք շատ-շատ են։ Բայց ես ուզում եմ, որ հայերը իրենց երկրում արվեստ ստեղծեն, դա է ճիշտը։ Կարծում եմ, որ նախեւառաջ հիմա արվեստագետներին ներկայացնել ու արժեւորել է պետք»,- ասաց նա երեւանյան փառատոնի բացման ժամանակ։

Ֆրանսահայեր Ժան Մարդիկյանը, Վարուժան Սիրափյանն ու Լորան Մելիքյանը հայաստանցի պատկերապատող Տիգրան Մանգասարյանի հետ հիմնադրել են Հայաստանում պատկերապատումի զարգացման միությունը, որը, բացի զուտ փառատոնից, կազմակերպում է նաեւ վարպետության դասեր, ցուցահանդեսներ ու փորձում է համատեղ հրատարակել հայ հեղինակների պատկերային վեպերը։

Վ.Սիրափյանը նկատում է. «Հիմա ամենուրեք գրքի վաճառքն անկում է ապրում։ Իսկ պատկերապատումների վաճառքն, ընդհակառակն, ամեն տարի մոտ 10%-ով աճում է։ Շատ հայեր ներգրավված են պատկերապատումների ստեղծման մեջ` որպես նկարիչ, սցենարիստ, հրատարակիչ։ Մենք ցանկանում ենք նաեւ հայաստանցիների համար ճանապարհ բացել։ Երբ, օրինակ, 2 տարի առաջ եկանք Հայաստան ու խոսեցինք Գեղարվեստի ակադեմիայի տնօրենի հետ, հասկացանք, որ նրա համար պատկերապատումը երկրորդական, նույնիսկ երրորդական բան է։ Հիմա իրավիճակը փոքր-ինչ փոխվել է։ Կյանքի ռիթմն արագացել է, եւ մարդիկ գիրք, լրագիր կարդալուց ու հեռատեսիլի առջեւ նստելուց զատ՝ գերադասում են պատկերապատումների միջոցով ինֆորմացիա ձեռք բերել։ Այո, պատկերապատումը նաեւ լուրեր ստանալու աղբյուր է։ Պատկերապատումը նկարչի ինքնարտահայտման ու գումար վաստակելու գործում մեծ տեղ ունի»։

Պատկերապատումը կարող է բեստսելերի, դասագրքի կամ էլ հրատապ ռեպորտաժի ժանրում լինել։ Սահմանափակումներ չկան, խնդիրը միայն այդ արվեստի կառուցվածքին տիրապետելու ու շուկայում տեղ գրավելու մեջ է։ Առանձին գրքեր տպագրելուց բացի, պատկերապատողները Եվրոպայում համագործակցում են ամսագրերի հետ՝ ստեղծելով իրադարձային նկարազարդ պատմություններ։ Պատկերապատումների բարձրագույն դպրոցի ժյուրիի անդամ, լրագրող Լորան Մելիքյանն ասում է. «Պատկերապատողը զգացմունքների ու դեպքերի հարուստ արխիվ է կազմում, քանի որ հնարավորություն ունի լուրի մեջ ներմուծել օբյեկտիվ տեսանկյունը։ Իհարկե, նույնը անում է նաեւ լուսանկարիչը, բայց նա այդքան ազատ չէ, որքան պատկերապատողը։ Երեւի նկատած կլինեք, որ երբ փողոցում ուզում ես մարդկանց լուսանկարել, մարդիկ ակամայից ձգվում են՝ արհեստական կեցվածք ընդունելով, կամ էլ պարզապես փորձում են խուսափել խցիկից։ Իսկ պատկերապատողը կատարվածը «մարսելու», ավելի օբյեկտիվ մոտեցում ցուցաբերելու ժամանակ է ունենում։ Այս տարի մենք Երեւան չենք բերել ռեպորտաժային պատկերապատումները, սակայն հաջորդ տարիներին անպայման կանենք դա»։

Նշենք, որ Երեւանյան փառատոնի մրցույթի մասնակիցները պետք է Երեւանի մասին պատմող մի քանի էջանոց գրաֆիկական նովել պատրաստեին։ Եվ միգուցե ակամա շատերը հրատապ թեմաներ էին ընտրել։ Լեւոն Գյուլխասյանը ընտրել էր մայրաքաղաքային ջիփերի ու երթուղայինների կործանիչ քաոսի թեման, Լուսինե Խանդիլյանի հերոսը դարձել էր կաշառքով ուսում ստանալ ցանկացող այլմոլորակայինը, Տիգրան Առաքելյանի պատումի հերոսը մեր քաղաքի այն անմարդաբնակ հատվածն է, որը կենդանանում է միայն թաղումների ժամանակ, Գագիկ Հակոբյանը ստեղծել էր քաղաքային քանդակների հետ կատարվող մետամորֆոզը, որի արդյունքում Վարդան Մամիկոնյանի արձանը փոխարինվում է դինոզավրի արձանով։ Իսկ փառատոնի կազմակերպիչ Ագաթա Բադալյանը (Հասմիկ Մինասարյանի հետ համատեղ) պատմել էր Երեւանի երեք պատմական խորհրդանիշերի մասին, որոնց մոտ են ուղեւորվում պատանի հերոսները։

Հայաստանում պատկերապատումը լայն հեռանկարներ ունի, քանի որ մենք նկարիչներով հարուստ հանրապետություն ենք, իսկ հետաքրքիր թեմաները ոչ միայն շրջապատում, այլեւ ուղղակի հետապնդում են մեզ։

Փառատոնը փաստեց, որ գլխավոր թեման Հայաստանում եղել ու մնում է ցենզուրան։ Կամ էլ ճիշտ կլինի ասել՝ վախվորած ինքնացենզուրան, որը ստիպում է ենթադրվող «շառից-փորձանքից» հեռու մնալ։ Մրցույթին մասնակցող նկարիչ Գոռ Ենգոյանը, մեր հայրենի չինովնիկների կարծիքով` վտանգավոր բան է արել, իր գրաֆիկական վեպում պատկերելով Երեւանում ապրող մի տղայի, որը «օդնոկլասնիկի» կայքն է մտնում, հետո դուրս է գալիս փողոց, հանդիպում ոստիկաններին, մասնակցում «տղայական» կռիվներին ու զոհվում։ Այս պատկերապատման մեջ ՀՀ Մշակույթի նախարարությունը Մարտի 1-ի դեպքերի հետ զուգահեռներ է տեսել ու «խմբագրել» է փառատոնի կատալոգը՝ հանելով դրա էջերից նկարչի անունն ու աշխատանքը (Գոռ Ենգոյանը չի համաձայնել ինքնակամ փոխել իր ստեղծագործությունը՝ ազատվելով ոստիկանների «վտանգավոր» կադրերից)։

Իսկ հետո էլ նախարարությունը «վետո» է դրել ողջ կատալոգի վրա՝ արգելելով դրա տարածումը, եւ դա՝ այն դեպքում, երբ արդեն իսկ պետական գումարներ են ծախսվել կատալոգի հրատարակման համար։ Մասնակիցների ցանկում չպատճառաբանված փոփոխություն անելուն դեմ են փառատոնի կազմակերպիչները։ «Մենք շատ ենք ափսոսում, որ մեր փառատոնում նման տհաճ բան տեղի ունեցավ։ Հավատացնում եմ Ձեզ, որ եթե նման իրավիճակ ստեղծվեր Ֆրանսիայի քաղաքներից մեկում, ես ուղղակի կթքեի ամեն ինչի վրա ու կհեռանայի, բայց քանի որ մենք այստեղի ներքին իրավիճակը չպատկերացնելով ենք եկել Երեւան ու նպատակ ունենք պատկերապատումները զարգացնել, կփորձենք կոմպրոմիսների գնալ։ Ես խոստանում եմ, որ մի քանի շաբաթ հետո լույս կտեսնի մի գիրք, որտեղ Ենգոյանի պատմությունն ամբողջությամբ տեղ կգտնի»,- մեկնաբանում է Լորան Մելիքյանը, ում ազատ ստեղծագործության ու ցենզուրայի բախումը տարօրինակ է թվում։ Ֆրանսիայում պետական այրերի դիմանկարը շատ ազատ է մեկնաբանվում։ Նիկոլա Սարկոզին, օրինակ, մամուլի էջերում այնպիսի «խիստ» ծաղրանկարների է արժանանում, որ ստիպված է լինում պարզապես ժպտալ, քանի որ բոլորին էլ պարզ է, որ ծաղրանկարները արգելել ցանկացողներն էլ ավելի «թունավոր» ծաղրի են արժանանում։

Թվում է, որ պատկերապատումը՝ լրիվ հեղինակային ստեղծագործություն լինելով, չի կարող փաստաթղթի ուժ եւ ներգործություն ունենալ։ Եվ եթե լուսանկարված կամ տեսագրված նյութը կարող է իրեղեն ապացույց լինել, ապա նկարը չի կարող, քանի որ այն մատիտի շարժումից ծնված մի բան է։ Լ.Մելիքյանը շարունակում է. «Գոյություն ունի հավի ու ձվի առաջնահերթության հավերժ հարցը։ Հաճախ հասարակության ազատությունը ներգործում է պատկերապատողի վրա՝ դարձնելով նրան ավելի ազատ ու ազդեցիկ, սակայն լինում է նաեւ հակառակը. պատկերապատողն ինքն է խթանում ընթերցողի ազատ լինելու մղումը։ Հիմա մենք, օրինակ, մտածելով մեր կատալոգի մասին, նման երկընտրանքի առջեւ ենք կանգնած ու չգիտենք՝ ի՞նչ անել։ Վիճաբանե՞լ, թե՞ սպասել։ Դեռ սպասում ենք»։