«Հայաստան-2020»-ը դեղատոմս է առաջարկում

27/09/2005 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Սեպտեմբերի 20-ին Armenia Marriott հյուրանոցում տեղի ունեցած
«Հայաստան-2020» ծրագրի համաժողովի ընթացքում ներկայացված Հայաստանի
կայուն զարգացման ռազմավարությունը, կազմակերպիչների կարծիքով, իրատեսական
է եւ կնպաստի մեր տնտեսությունում արտադրողականության եւ մրցունակության
աճին:

Հիշեցնենք, որ 2001թ. հիմնադրված «Հայաստան-2020» ծրագիրն անհատների
միավորում է, որի գերնպատակը Հայաստանի ապագան կերտելն է: Նախեւառաջ,
զեկուցողներն անդրադարձան մեր տնտեսական աճի երկնիշ թվերին:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ՀՆԱ աճի տարեկան 1%-ը զարգացած
երկրներում հավասարազոր է Հայաստանում նվազագույնը 20-25%-ի: Դեռ ավելին,
այդ «երազային» ցուցանիշի ապահովման դեպքում տասը տարուց ավելին
կապահանջվի, որ Հայաստանը դառնա զարգացած երկիր: Ուստի պետք չէ բավարարվել
ձեռք բերած հաջողություններով եւ շարժվել առաջ:

ՄաքՔինզիի համաշխարհային ինստիտուտի Խորհրդատվական հանձնաժողովի անդամ,
սլովենացի դոկտոր Պետեր Կրալիչն իր ելույթում անդրադարձավ
գլոբալիզացիային, վերափոխմանը եւ մրցունակությանն առնչվող խնդիրներին: Ըստ
Կրալիչի, գլոբալիզացիան միաժամանակ նոր հնարավորությունների եւ նոր
ռիսկերի առջեւ է կանգնեցրել անցումային շրջանի երկրներին, այդ թվում`
Հայաստանին: «Եթե չհասկանանք, թե ինչ ենք անելու, ապա մենք` փոքր
երկրներս, կդառնանք ոչ թե գլոբալիզացիայի սուբյեկտ, այլ` օբյեկտ, եւ մեր
փոխարեն որոշումները կընդունեն մեծ երկրները: Այդ իսկ պատճառով մենք կարիք
ունենք մասնագիտացված լիդերների ինստիտուտի»,- համոզված է Կրալիչը:
Զեկուցողը ողջունեց այն փաստը, որ «Հայաստան-2020» ծրագիրն ուսումնասիրում
է տնտեսության ոլորտները, քանի որ հենց այնտեղ է «ծնվում»
մրցունակությունը, իսկ վերջինս տնտեսության զարգացման անկյունաքարերից
մեկն է: Հայաստանը փոքր երկիր է եւ ծավալների հաշվին չի կարող
համաշխարհային շուկայում մրցակցությանը դիմակայել, ուստի հայկական
ընկերությունները պետք է կարողանան շեշտը դնել նորարարությունների վրա:
Կրալիչն առաջ քաշեց նոր տերմին` «ազգային» ձեռնարկություն, որը կարող է
մրցունակ լինել արտասահմանում (օրինակ, Nokia-ն Ֆինլանդիայի համար), եւ
տնտեսության զարգացման անհրաժեշտ պայման համարեց այդ ձեռնարկությունների
պահպանումը: Կրալիչի կարծիքով, ներդրում անել` չի նշանակում` գնել եւ
վաճառել ձեռնարկությունները, իսկ «ազգային» ընկերություններն ընդհանրապես
չպետք է «տալ ուրիշին», ինչպես վարվեցին, օրինակ, Խորվաթիան եւ
Հունգարիան: Հետեւողական չլինելու դեպքում նույն ճակատագիրը սպասվում է
նաեւ Հայաստանին:

«Հայաստան-2020» ծրագրի խորհրդի անդամ Պիեռ Լ. Գյուրջյանն օպտիմիստ է: Նրա
կարծիքով, եթե ուզում ենք բարգավաճ Հայաստան տեսնել, ապա կտեսնենք:
Բարգավաճման հիմքում Գյուրջյանը դնում է միկրոէկոնոմիկան, այսինքն`
ձեռնարկությունը, դրա արդյունավետ կառավարումը, որի համար անհրաժեշտ է
ստեղծել մասնագետների ինստիտուտ. չէ՞ որ Հայաստանը մրցունակ է հենց իր
մարդկային ռեսուրսներով: Տնտեսության զարգացումը հնարավոր է մրցունակ
արտահանող ճյուղերի զարգացմամբ: Այդպիսիք, ծրագրի վերլուծաբանների
կարծիքով, կարող են լինել ինֆորմացիոն տեխնոլոգիաները, տուրիզմը,
առողջապահությունը: Սակայն, Պ. Գյուրջյանի համոզմամբ, միաժամանակ պետք է
զարգացնել տնտեսության ավանդական ճյուղերը (գյուղատնտեսություն, տեքստիլ
արդյունաբերություն եւ այլն), որոնք էլ «կսպասարկեն» մրցունակ
ձեռնարկություններին:

«Հայաստան-2020» ծրագրի խորհրդի անդամ Նուբար Աֆեյանն իր ելույթում նշեց
Մրցունակության հիմնադրամի ստեղծման անհրաժեշտության մասին: Վերջինս դեռ
միայն գաղափար է, մոտեցում, որը կիրականանա, երբ տնտեսության զարգացման
երկարաժամկետ ռազմավարությունը պատրաստ լինի: Հիմնադրամի ստեղծման համար
«Հայաստան-2020»-ի կազմակերպիչներն ակնկալում են ՀՀ կառավարության
աջակցությունը թե՛ ֆինանսապես, թե՛ բյուրոկրատական դաշտի մեղմացման
տեսանկյունից: Բայց միայն կառավարության ֆինանսավորումը բավարար չի լինի:
Աֆեյանի կարծիքով, անհրաժեշտ է ներգրավել տարբեր ֆինանսական դոնորների:

Իսկ ներդրումների դերը, որպես ֆինանսավորման աղբյուր, Հայաստանում
կբարձրանա միայն այն դեպքում, երբ վստահություն ձեւավորվի բաժնետիրական
ընկերությունների նկատմամբ: Ծրագիրն իր առջեւ խնդիր է դնում՝ օգնել հայ
բիզնեսմեններին հասկանալ, որ բաժնետոմսերը պետք է վաճառել, եւ վստահեցնել
ներդրողներին, որ դառնան հայկական ընկերությունների բաժնետերեր:

Մեր կարծիքով, «Հայաստան-2020» ծրագրի վերլուծությունները եւ առաջարկած
հայեցակարգերն իսկապես իրատեսական են, եւ ՀՀ կառավարությունը պարտավոր է
լուրջ քայլեր ձեռնարկել դրանց իրագործմանը նպաստելու համար: