Բուժիչ նամակներ

16/05/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Արյան չորս խմբերը առողջության չորս բանաձեւերն են

Ինչպես նկատում է Բուլգակովյան Վոլանդը. «ԽՐՏՉՖ-ՉպսՌՍՏպ ՊպսՏ»: Եվ իսկապես մինչ օրս արյունը հանելուկ է թե գիտնականների, թե բժիշկների համար: Այն իր մեջ առեղծվածային տարր ունի: Օրինակ` ճապոնացի գիտնականները հստակ հայտնաբերել են, թե, ըստ արյան խմբի` մարդիկ ինչ հիվանդություններով կարող են հիվանդանալ: Իսկ ահա ամերիկացի բժիշկ Պիտեր Դ`Ադամոն նույնիսկ, ըստ արյան խմբերի, դիետա է կազմել: Մարդկանցից շատերն էլ` հավատալով հետեւում են այդ դիետաներին: Իսկ արդյո՞ք արյան խմբով հնարավոր է դիետա նշանակել: Ըստ Պիտեր Ադամոյի աշխատության` արյան առաջին խումբ ունեցողները համարվում են «որսորդներ», այսինքն՝ մսակերներ: Արյան առաջին խումբն ի հայտ է եկել մոտ 40.000 տարի առաջ, երբ մարդիկ վարել են վայրի կյանք, զբաղվել որսորդությամբ ու սնվել հիմնականում մսով: Սա ամենատարածված ու ամենաբարձր դիմադրողականություն ունեցող խումբն է: Արյան երկրորդ խումբն ի հայտ է եկել մոտ 15-20.000 տարի առաջ, երբ մարդիկ որսորդությունից բացի՝ սկսել են զբաղվել նաեւ հողագործությամբ: Այսինքն` բացի մսից, մարդը սկսեց օգտագործել նաեւ հաց ու բանջարեղեն:

Իսկ ահա մեր օրերի դիետոլոգներից ոմանք գտնում են, որ ոչ թե սնվելու կարգն է ժառանգականորեն փոխանցվում, այլ` ժառանգականորեն ստեղծված է մեր մարսողական համակարգը, թե ինչ սնունդ է ընդունակ յուրացնելու օրգանիզմը: Իսկ օրգանիզմը տրամադրված է մարսելու ամեն ինչ` մսեղեն, ձավարեղեն, բանջարեղեն` ուղղակի չափավոր քանակությամբ:

Իհարկե, մարդիկ ամեն դեպքում հավատում են արյան խմբով դիետաներին եւ առաջարկում, օրինակ` արյան առաջին խումբ ունեցողների համար հետեւյալ բաղադրատոմսը. մսաղացով անցկացնել 200գ տավարի անյուղ միս, ընկույզ ու լոբի, չափաքանակն` ըստ ճաշակի: Այս ամենին կարելի է ավելացնել կանաչի` մաղադանոս, սամիթ: Հետո այս ամենը խառնել իրար ու այդ ֆարշը լցնել նախապես միջուկը հանած բազուկի մեջ: Հետո սա դնել ջեռոցում ու թողնել 20 րոպե: Իհարկե, այս տիպի սնունդով կարող է նիհարել ցանկացած արյան խումբ ունեցող մարդը, քանի որ առաջարկվող սնունդը չի պարունակում ոչ օսլա, ոչ էլ ճարպեր:

Արյան առաջին խմբի մարդիկ ոչ միայն ֆիզիկապես են ամուր, այլ նաեւ սթրեսադիմացկուն են, եւ նրանց մոտ ավելի քիչ կարելի է հանդիպել այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են` փսիխոզն ու նեւրոզը: Ապրելով վաղ դարաշրջանում ու ծանր պայմաններում` կարծես նրանց դիմադրողականությունը բարձրանում է: Նրանք գրեթե չեն հիվանդանում շիզոֆրենիայով: Արյան երկրորդ խումբ ունեցող մարդիկ ավելի սթրեսադիմացկուն են` ապրելով հենց միայն մեծ քաղաքներում ու մեգապոլիսներով:

Արյան երրորդ խմբի մարդիկ շատ հեշտ են ընդունում ամեն նորն ու անսպասելին: Այս մարդիկ ունեն կրեատիվ մտածողություն, այդ պատճառով էլ, օրինակ` Ճապոնիայում, որտեղ մեծ ուշադրություն են դարձնում արյան խմբերին, գտնում են, որ հենց այս տիպի մարդիկ են ստեղծված ղեկավար պաշտոնների համար: Իսկ ահա արյան չորրորդ խումբը ստեղծվել է երկրորդ եւ երրորդ խմբի արյունների միախառնումից: Արյան այս խմբին պատկանող մարդիկ հուզականության տեսակետից շատ խոցելի են ու զգայուն: Այս տիպի մարդիկ ավելի շատ ղեկավարվում են հույզերով, քան ուղեղով:

Մասնագետները գտնում են, որ բացի սննդակարգից, բուժական ֆիզկուլտուրան եւս տարբեր է արյան տարբեր խմբերի համար: Օրինակ` արյան առաջին խումբ ունեցողների համար նախընտրելի են հանգիստ վարժությունները, քանի որ նրանք հաճախ են ունենում խնդիրներ` կապված հոդերի հետ: Արյան երկրորդ խումբ ունեցող մարդիկ ավելի շատ պետք է կատարեն ձգումներ, քանի որ նրանց, այսպես ասած, թույլ օրգանը ստամոքսն է: Արյան երրորդ խումբը պետք է ուշադրություն դարձնի այնպիսի վարժություններին, որոնք օգնում են երակների վարիկոզ լայնացման ժամանակ: Իսկ չորրորդ խմբի համար շատ կարեւոր են պարային շարժումները: Նրանց համար պարելը միշտ դրական ազդեցություն է ունենում: Իհարկե, բացառությունները պետք է հաշվի առնել: Օրինակ` եթե մարդը գեր է եւ սրտի հետ կապված խնդիրներ ունի, ապա արյան ցանկացած խմբի դեպքում հակացուցված են կտրուկ ու արագ ֆիզիկական շարժումները: Իսկ ընդհանրապես պետք է քիչ ուտել ու շատ շարժվել` արյան ցանկացած խմբի դեպքում:

Արյունը մաքրող միջոց. Վերցնել 15գ եղինջի, 50գ գնարբուկի թերթիկներ, 50գ սեւ թանթրվենու բողբոջներ եւ խատուտիկի արմատ: Մեկ թեյի գդալ այս խառնուրդից լցնել 200գ եռացրած ջրի մեջ, 3-5 րոպե թրմել: Խմել օրը 2 անգամ` ուտելուց մեկ ժամ առաջ: Կարելի է այն խմել մեղրով: