«Անկարան ներկա պահին աշխատում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Ցյուրիխում ստորագրված Արձանագրությունների կյանքի կոչման ժամանակացույցի ուղղությամբ»,- այս մասին, թուրքական Milliyet օրաթերթի փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի պետնախարար եւ փոխվարչապետ, նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը: Կարեւորելով տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում Թուրքիայի դերակատարությունը` Ալի Բաբաջանը հայտարարել է. «Թուրքիան այն երկիրն է, որն աշխատանքներ է իրականացնում այն հինգ երկրների հետ, որոնք փորձում են լուծում գտնել Իրանի միջուկային խնդրի առնչությամբ: Մեզ վրա մեծ պարտականություն է դրված, քանի որ մենք լավ ենք հասկանում եւ՛ Իրանին, եւ՛ Արեւմուտքին: Թուրքիան այն երկիրն է, որի շնորհիվ Սերբիայի եւ Բոսնիա-Հերցեգովինայի միջեւ սկսվեց հաշտեցման գործընթացը: Թուրքիան ձեռք է մեկնում նաեւ Հայաստանին: Առաջին անգամ ստորագրվեցին Արձանագրություններ, եւ մենք աշխատում ենք այդ փաստաթղթերի կյանքի կոչման ժամանակացույցի ուղղությամբ»: