Երեկ Երեւան է ժամանել ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուն: Նա երեկ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչների հետ: Խորհրդարանական կուսակցությունների անդամների (բացի ՀՅԴ-ից) հետ Չավուշօղլուի հանդիպումները նախատեսված են այսօր: Ընդ որում, խորհրդարանի թե կոալիցիոն խմբակցությունների, թե «Ժառանգության» ներկայացուցիչները հայտարարել են, որ Չավուշօղլուի հետ քննարկելու են հիմնականում վերջինիս նախաձեռնությամբ ԵԽ ԽՎ կազմում ենթահանձնաժողով ստեղծելու հարցը եւ խոսելու են այդ կառույցի կողմից ղարաբաղյան խնդրին չմիջամտելու անհրաժեշտության մասին: Անշուշտ, շատ կարեւոր է, որ Հայաստանի քաղաքական ուժերը մտահոգվում են այդ խնդրով, եւ իսկապես պետք է ամեն ինչ անել` նման հնարավորությունը բացառելու համար: Չավուշօղլուի` ազգությամբ թուրք լինելու հանգամանքը դարձել է նրա այցի ամենաքննարկվող դետալը, եւ երկրորդ պլան է մղվել այն, որ, այդուհանդերձ, նա ներկայացնում է ԵԽ ԽՎ բարձրագույն մարմինը: Դա հնարավորություն է տալիս իշխանություններին գոնե հրապարակավ խուսափել Չավուշօղլուի հետ Հայաստանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վիճակի մասին քննարկումներից: Այդուհանդերձ, երեկ ՀԱԿ ներկայացուցիչները նրա հետ հանդիպման ժամանակ բարձրացրել են այդ հարցերը: Թե ինչպիսին է եղել Չավուշօղլուի արձագանքը, պարզ կդառնա այսօր կայանալիք նրա ասուլիսի ընթացքում: