Չավուշօղլուն սկզբում հանդիպել է ՀԱԿ-ին

12/05/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Այսօր ԱԺ չորս խմբակցությունները հանդիպում են ունենալու ԵԽ ԽՎ նախագահ Մովլութ Չավուշօղլուի հետ:

ՀՅԴ խմբակցությունը, ինչպես արդեն հայտնի է, հայտարարել էր, որ չի հանդիպելու ազգությամբ թուրք ԵԽ ԽՎ նախագահի հետ, որովհետեւ վերջինս հրաժարվել է Հայոց ցեղասպանության հուշարձան արարողակարգային այցելությունից: Եվ ՀՅԴ գործիչները պնդում են, որ այդպիսով Չավուշօղլուն Հայաստան է գալիս ոչ թե որպես միջազգային կառույցի ղեկավար, այլ որպես թուրք քաղաքական գործիչ: Ի տարբերություն ՀՅԴ խմբակցության, այսօր Չավուշօղլուի հետ հանդիպելու են ԱԺ մյուս 4 խմբակցությունները: Նախ կեսօրին հանդիպելու են կոալիցիոն 3 խմբակցությունների ներկայացուցիչները: Ավելի ուշ նրա հետ հանդիպելու են «Ժառանգության» պատգամավորները: Արտախորհրդարանական ընդդիմության` ՀԱԿ-ի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը, Ավետիս Ավագյանը եւ Վլադիմիր Կարապետյանը երեկ են հանդիպել ԵԽ ԽՎ նախագահի հետ: Հանդիպումից հետո Լ.Զուրաբյանը տեղեկացրեց, թե իրենք Չավուշօղլուին 2 ուղերձ են հայտնել: «Առաջինը վերաբերում էր ընդհանրապես ԵԽ-ի գործունեությանը: Մենք համարում ենք, որ ԵԽ հաստատությունների գործունեությունը ադեկվատ չէ ստեղծված իրավիճակին: Բավական խիստ քննադատության ենթարկեցինք ԵԽ կառույցն ամբողջությամբ, ԵԽ ԽՎ-ին, Մոնիտորինգային հանձնաժողովին, ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարին, համազեկուցողներին, ինչպես նաեւ՝ ՀՀ-ում ԵԽ ներկայացուցչությանը: Քննադատեցինք նաեւ ԵԽ-ի կողմից ուղարկվող առաքելություններին, որոնք դիտարկում են ՀՀ-ում տեղի ունեցող ընտրությունները: Մենք համարում ենք, որ այդ հաստատությունների աշխատանքը բացարձակ ապարդյուն է անցնում: Որպես կարեւորագույն ապացույց, մենք բերեցինք այն հանգամանքը, որ ԵԽ ԽՎ 1677 վերջին բանաձեւը թեեւ ընդունվել է 1 տարի առաջ, բայց այդ օրվանից ոչինչ չի փոխվել»,- ասաց Լ.Զուրաբյանը: ՀԱԿ-ի երկրորդ ուղերձը վերաբերում է ԵԽ-ում ԼՂՀ հարցի քննարկումներին: Ընդդիմադիր գործիչները Մ.Չավուշօղլուին ասել են, թե Մինսկի խմբի համանախագահությամբ անցկացվող բանակցություններն ամենաարդյունավետն են: Եվ խնդրի առնչությամբ այլ ձեւաչափով բանակցություններ կամ քննարկումներ կազմակերպելու ցանկացած փորձ միայն ապակառուցողական արդյունք է ունենալու, թույլ է տալու կողմերին շեղվել բանակցային պրոցեսից, զբաղվել ավելի շատ քարոզչությամբ: Լ.Զուրաբյանը, սակայն, չասաց, թե այս մտահոգություններին ինչ պատասխան է տվել Մ.Չավուշօղլուն: Իսկ վերջինս հանդիպումից հետո չցանկացավ խոսել լրագրողների հետ` պատճառաբանելով, թե այսօր ասուլիս է հրավիրելու: Կոալիցիայից ՕԵԿ խմբակցության քարտուղար Արծրունի Աղաջանյանն ասաց, թե հանդիպման ժամանակ իրենք ասելու են, որ Չավուշօղլուն պետք է հանդես գա միայն ԵԽ ԽՎ նախագահի դիրքերից: Իսկ ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցում կա պաշտոնական ձեւաչափ` Մինսկի խումբը, եւ ԵԽ-ն գործընթացին օգուտ կտա, եթե չմիջամտի: «Ինձ թվում է, որ նա հանդիպումների ընթացքում կզգա, որ միջամտություններն այդ գործընթացին օգուտ չեն բերելու»,- ասաց Ա.Աղաջանյանը:

Եվ ընդհանրապես մեր ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները նշեցին, որ ԵԽ ԽՎ նախագահի հետ խոսելու են ԵԽ-ի կողմից ԼՂՀ հակամարտության կարգավորմանը չմիջամտելու կարեւորության եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Միայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն ասաց, թե չի կարծում, որ Չավուշօղլուն այն գործիչն է, ում հետ պետք է քննարկեն ԼՂՀ կամ հայ-թուրքական խնդիրներին առնչվող հարցեր: Նա նաեւ ավելացրեց, թե իրենք առանձնապես լարված չեն այդ հանդիպման համար, որ Չավուշօղլուին հարցեր ներկայացնեն: «Այն խնդիրները, որոնք կապված են ԵԽ-ի մեր պատվիրակության հետ, բոլոր խոսակցություններն արդեն տեղի են ունեցել ԵԽ-ում»,- ասաց Գ.Սահակյանն ու ավելացրեց, թե «մեկին կուղարկի այդ հանդիպմանը»:

ԲՀԿ-ից Մ.Չավուշօղլու հետ կհանդիպեն Նաիրա Զոհրաբյանն ու Արամ Սաֆարյանը: Վերջինս ասաց, թե իրենց տարակուսանքն են հայտնելու այն կապակցությամբ, որ հայ-թուրքական արձանագրությունների կասեցման պայմաններում ԵԽ ԽՎ նախագահը` Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ակտիվ գործիչներից պարոն Մովլութ Չավուշօղլուն, ձեռնամուխ է եղել ԼՂ հարցով ենթահանձնաժողովի ակտիվացմանը: «Ես իմ տարակուսանքն եմ հայտնելու, որ Թուրքիայի իշխող էլիտայի ներկայացուցիչ քաղաքական գործիչը արհամարհում, անտեսում է այն հանգամանքը, որ ՀՀ-ն սկզբունքային առարկություն ունի Թուրքիայի միջնորդությանը ԼՂՀ հարցում: Մեր կուսակցությունը տարակուսանք, զայրույթ եւ դժգոհություն է հայտնելու այն կապակցությամբ, որ Թուրքիան այս անգամ էլ փորձում է ԵԽ-ում իր ներկայացուցիչների միջոցով մեծացնել ճնշումը Հայաստանի վրա եւ գործել հօգուտ Ադրբեջանի»,- ասաց Ա. Սաֆարյանը:

Ի դեպ, մեր երեք զրուցակիցներից եւ ոչ մեկը չասաց, թե Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ կխոսեն նաեւ ներքին խնդիրներից: Գրեթե նույն հարցերն է բարձրացնելու նաեւ «Ժառանգություն» խմբակցությունը: Անահիտ Բախշյանն ասաց, թե այսօր պետք է ԵԽ ԽՎ նախագահին հարցնի` ինչպե՞ս է նա վերաբերվում այն հանգամանքին, որ ԵԽ անդամ Թուրքիան ու Հայաստանն ունեն փակ սահման: «Հանդիպման ժամանակ մենք նաեւ ուզում ենք ԵԽ ԽՎ նախագահի՝ իր վարքագծի հարցը բարձրացնել, թե ԼՂ-ի հետ կապված այդ ենթահանձնաժողովի ջանքերը ինչքանո՞վ են բարոյականության շրջանակներում, երբ ինքը ակնհայտորեն Ադրբեջանի շահերն է պաշտպանում»,- ասաց տիկին Բախշյանը:

Արդյո՞ք «Ժառանգությունը» ԵԽ ԽՎ նախագահի հետ ներքին խնդիրների մասին չի խոսելու, հատկապես, երբ այդ խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը զրկվել է ԵԽ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության հիմնական անդամ լինելու հնարավորությունից: «Ես կարծում եմ, որ կխոսենք»,- պատասխանեց Ա.Բախշյանը: