Օրերս Հայաստանում կայացած ՀՅԴ Բյուրոյի լիագումար նիստի կապակցությամբ տարածվեց հաղորդագրություն, որտեղ նշվում է, որ ՀՅԴ-ն կարեւորում է հայության տարբեր շրջանակների հետ աշխատելու եւ այդ կերպ Սփյուռքը պառակտելու Թուրքիայի նոր մարտավարությանը հակազդելու կարեւորությունը:
Հաղորդագրության մեջ նշված է նաեւ. «Խնդիր է դրված հնարավոր բոլոր միջոցներով ձախողել հայության որեւէ հատված հերթական ծուղակի մեջ ներքաշելու թուրքական բոլոր փորձերը»: Սա, ըստ էության, ՀՅԴ պատասխան քայլն է` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտնի հայտարարությանը: Հիշեցնենք, որ վերջինս Հյուսիսային Ամերիկայի երկրներում հավատարմագրված թուրք դեսպաններին եւ հյուպատոսներին հրահանգել է երկխոսություն սկսել ու աշխատանք տանել հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ` Ցեղասպանության հարցում նրանց պատկերացումները փոխելու ուղղությամբ: ՀՅԴ այս հայտարարությունը ուշագրավ է այնքանով, որ ինչպես այս, այնպես էլ պաշտոնական Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից հնչող նման հայտարարությունները, կամ սպառնալիքները հայկական կողմից, սովորաբար, մնում են անպատասխան: ՀՅԴ-ն էլ որոշել է պատասխան քայլ անել ու հակազդել Թուրքիայի վտանգավոր նախաձեռնությանը: «Քանի որ Դավութօղլուի խոսքը սփյուռքի մասին է, ապա մեր հասարակությունը պետք է իմանա ու հասկանա, որ դա Թուրքիայի պետության խաղերն են: Դրա միակ նպատակը ընդհանրապես հայությանը պառակտելն է ու Հայաստանի շահերին հարված հասցնելը,- ասում է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` ավելացնելով,- Այդ մոտեցումներին ու ընդհանրապես նման նախաձեռնություններին պետք է համապատասխան, համարժեք կեցվածք ցուցաբերել եւ չընկնել թակարդը: Պարզ է, որ այդ նախաձեռնությամբ Թուրքիան ուզում է հարվածել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին, պառակտել սփյուռքը եւ վնասել Հայաստանի պետական շահերին: Պետք է միշտ նկատի ունենալ, որ Թուրքիան այն նույն պետությունն է, որը ժխտում է ցեղասպանությունը, դա նույն պետությունն է, որը շրջափակման է ենթարկել Հայաստանին, որը Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատել եւ դա պայմանավորում է Ադրբեջանի հետ հայության ունեցած խնդիրներով: Սփյուռքի հետ հարաբերությունների նման մոտեցումներով ու նախաձեռնությամբ Թուրքիան փաստորեն թակարդ է լարում: Մենք պետք է Սփյուռքին խրախուսենք, որ նման խաղերի մեջ չներքաշվեն»: Պարոն Մանոյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպես է վերաբերվում ԼՂՀ Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի այն հայտարարությանը, որով սփյուռքին կոչ է արվում, Ցեղասպանության ճանաչման հետ միասին, քաղաքական առաջնահերթություն դիտարկել նաեւ Արցախի անկախության միջազգային ճանաչումը: «Անկեղծ ասած` ես այդ հայտարարության շարժառիթը չեմ հասկացել: Ինչո՞ւ է Հանրային խորհուրդը անհրաժեշտ համարել հանդես գալու նման հայտարարությամբ: Հայ դատի հանձնախմբերը այդ ուղղությամբ հնարավոր աշխատանք տանում են, սակայն դա հեշտ եւ պարզ գործընթաց չէ: Բանակցային գործընթացում խոսվում է միայն ԼՂՀ ինքնորոշման խնդրի մասին, այն էլ` ոչ թե հանրապետության, այլ` ժողովրդի: Այդ բանակցություններին հավատարիմ մնալով` Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական պաշտոնական ճանաչում չի տվել ԼՂՀ-ին` չնայած այդ ուղղությամբ շատ բաներ արդեն արել է: Այս հանգամանքը արդեն իսկ ինչ-որ տեղ դժվարացնում է, որ այս կամ այն հանրապետության հետ աշխատանք տարվի` ԼՂՀ ճանաչման հարցի վերաբերյալ: Առաջին հակասությունը հենց այստեղից է առաջանում»,- ասում է Կ. Մանոյանը: Իսկ ինչպիսի զարգացումների պարագայում Հայաստանը կարող է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ի պատասխան մեր այս հարցին՝ պարոն Մանոյանն ասում է. «Մեր կեցվածքը այնպիսին է, որ եթե բանակցությունները իսպառ ձախողվեն, եւ դրա դրսեւորումներից մեկը նաեւ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի դրսեւորումն է, ապա դա կլինի հենց այն պահը, երբ Հայաստանը առնվազն դե յուրե պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Ասում եմ՝ առնվազն, որովհետեւ այդ դեպքում կարելի է նաեւ այլ որոշումներ ընդունել»: Կ. Մանոյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից մի քանի անգամ հնչեցրած այն հայտարարությանը, թե Հայաստանը ժամանակ է պահանջում Ադրբեջանից` Լաչինը եւ Քելբաջարը ազատելու համար: «Մենք հաճախ ասել ենք, որ մեր իշխանությունները տարբեր բանակցությունների ու պայմանավորվածությունների մասին պետք է որ հստակ ու ժամանակին իրազեկեն մեր ժողովրդին: Բայց նաեւ պետք է հասկանալ, որ թշնամի կողմերը, այսինքն՝ Ադրբեջանն ու Թուրքիան, հաճախ կարող են սադրանքների գնալ: Իրենց ասածը անհեթեթություն է` այն չի կարող համապատասխանել իրականությանը մի պարզ պատճառով: Եթե դա իրական լիներ, միայն իրենք չէին լինի ասողը, առնվազն պետք է միջնորդներն էլ այդ մասին ասեին: Կարծում եմ, պետք չէ այդ սադրանքներին տուրք տալ եւ թակարդն ընկնել, որովհետեւ հիմնական բանը, որ փորձում են անել այդ երկու պետությունները, մեզ պառակտելն է: Ես չեմ ասում, որ Հայաստանի իշխանությունները շատ ճիշտ քաղաքականություն են վարում թեկուզ Ղարաբաղի հարցով, բայց Ադրբեջանի կողմից թեկուզ պաշտոնական մակարդակով հնչող նման հայտարարությունները համարում եմ չափազանցություն: Մենք Արցախում տեսանք այն ժողովրդի կամքը, որն արդեն ազատագրված է, եւ որին ցանկացած իշխանություն չի կարող ստիպել, որ Ադրբեջանի լծին վերադառնա»:
Մեր այն դիտարկմանը, թե, այնուամենայնիվ, հայկական կողմը պաշտոնապես չհերքեց այդ հայտարարությունը, Կ. Մանոյանը պատասխանեց. «Իմաստ չունի նման հաչոցներին պատասխանել ու այդ կարգի լեզվակռիվների մեջ ընկնել: Մենք պետք է այնքան միասնական զգանք, որ համոզվենք, որ Հայաստանում չի կարող լինել որեւէ ուժ, որ այդքան լկտի լինի: Չնայած դա չի նշանակում, որ չկա քաղաքական ուժ, որը պատրաստ է ինչ-որ զիջումների»: