Եվ այսպես, ԿԲ խորհուրդը երեկ որոշեց հերթական անգամ բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Այս անգամ բարձրացումը 0.25 տոկոսային կետով էր, ինչի արդյունքում վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվեց 7.25%։ Այլ կերպ ասած՝ Կենտրոնական բանկը երեկ հերթական անգամ թանկացրեց դրամական միջոցները։
Ընթերցողներին հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը այն տոկոսադրույքն է, որով Կենտրոնական բանկը վերաֆինանսավորում է բանկերին։ Կարելի է ասել, դա ուղեցույց է ֆինանսական աշխարհում՝ փողի գնի մասին պատկերացում կազմելու համար։ Փողն էլ ապրանք է, որի գինը հենց տոկոսադրույքն է։ Որքան բարձր է տոկոսադրույքը, այնքան թանկ է փողը։ Որքան թանկ է փողը, այնքան դժվարամատչելի է։ Իսկ որքան ցածր է մատչելիությունը, այնքան մարդկանց ձեռքում քիչ է հայտնվում ու հետեւաբար՝ քիչ ապրանք է գնվում շուկայում։ Եվ վերջապես՝ եթե քիչ ապրանք է գնվում, եթե պահանջարկը նվազում է, նվազում է նաեւ ապրանքի գինը։ Սա՝ ըստ տնտեսագիտության դասական օրենքների։
ԿԲ-ն, ըստ էության, առաջնորդվում է հենց այս տրամաբանությամբ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնում է՝ գնաճը վերահսկելու նպատակով։ 2010 թ. ապրիլին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 1.3% գնաճ, իսկ 12-ամսյա գնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 2.0 տոկոսային կետով` կազմելով 6.8%: ԿԲ խորհուրդը, ըստ այդմ, փաստել է, որ 12-ամսյա գնաճի տեմպերը շարունակաբար նվազում են: Ընդ որում, դա տեղի է ունենում դրամավարկային պայմանների աստիճանական խստացման պայմաններում։ Այս դեպքում կարող է հարց առաջանալ՝ գնաճի տեմպերի թուլացման պայմաններում ի՞նչ անհրաժեշտություն կար նորից բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Պատասխանը կարելի է գտնել ԿԲ հաղորդագրության մեջ. «Միաժամանակ սպասվում է, որ համաշխարհային տնտեսության դրական զարգացումների, ամբողջական պահանջարկի վերականգնման, ինչպես նաեւ՝ 2010 թ. ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների սակագների թանկացման պայմաններում գնաճային միջավայրը կանխատեսվող հորիզոնում կպահպանվի, թեեւ 12-ամսյա գնաճի տեմպերը կշարունակեն նվազել»: Ըստ այդմ, ԿԲ խորհուրդը գտել է, որ մակրոտնտեսական վերոնշյալ հեռանկարների պայմաններում դրամավարկային պայմանների խստացումը պետք է շարունակվի ավելի դանդաղ տեմպերով` նպատակ ունենալով ձեւավորել եւ պահպանել դրական իրական տոկոսադրույքներ կանխատեսվող ողջ ժամանակահատվածի ընթացքում:
Շատ տնտեսագետներ, սակայն, գտնում են, որ Հայաստանի պարագայում վերաֆինանսավորման տոկոսադրույքը էական դեր չի խաղում ո՛չ գնաճի, ո՛չ էլ տնտեսական ակտիվության հարցում։ Այսպես, գնաճային երեւույթները Հայաստանում առավելապես պայմանավորված են անառողջ մրցակցությամբ։ Երբ մենաշնորհային կամ օլիգոպոլ դիրքեր ունեցող մատակարարները «վատ երազ տեսնելով»՝ հանկարծ որոշում են բարձրացնել լայն սպառման ապրանքների գները, վերաֆինանսավորման ոչ մի տոկոսադրույք այստեղ չի օգնի։ Այլ կերպ ասած՝ հայաստանյան գնաճով ավելի շատ պետք է զբաղվի ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։
Ինչ վերաբերում է տնտեսական ակտիվությանը, ապա այստեղ էլ վերաֆինանսավորման տոկոսադրույքի ազդեցությունը, ըստ էության, շատ թույլ է։ 2009թ. ընթացքում Կենտրոնական բանկը հետեւողականորեն իջեցնում էր այն՝ հասցնելով մինչեւ 5%-ի։ Այսինքն՝ մատչելի էր դարձնում դրամական միջոցները, որպեսզի բիզնեսը փողի կարիք չզգա։ Բայց տնտեսական անկումը գերազանցեց 14%-ը։ Իսկ այսօր, երբ տնտեսությունը կարծես կայունության նշաններ է ցույց տալիս, դա վերագրում են ամեն ինչին՝ կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին, փոքր եւ միջին բիզնեսի հարկային բեռի թեթեւացման, համաշխարհային տնտեսության դրական տեղաշարժերին, բայց ոչ երբեք՝ Կենտրոնական բանկին։
Մյուս կողմից, այսօր, երբ պաշտոնական վիճակագրությունը առաջին եռամսյակի տվյալներով արձանագրել է 5.5% տնտեսական աճ՝ առաջին եռամսյակի տվյալներով, ԿԲ-ն շարունակում է հակառակ պրոցեսը՝ կոշտացնում է դրամավարկային պայմանները։ Բայց գները, ինչպես նշեցինք, ամենեւին այս կառույցի գործունեությունից կախված չեն, որովհետեւ Հայաստանն ընդհանրապես տնտեսական օրենքների տրամաբանությունից դուրս է գտնվում։ Պատկերավոր ասած, սա նման է այն երեխայի վարքագծին, որը «Թպրպսօպ չՏՐՍՌ» կարուսել է նստել, եւ ինքնամոռաց պտտում է ղեկը՝ վստահ լինելով, որ մեքենաների շարասյունը ենթարկվում է հենց իր ձեռքի շարժումներին։
Ի դեպ, այս «անկապ» վիճակը վերաբերում է ոչ միայն Կենտրոնական բանկին, այլեւ ՀՀ ողջ պետական համակարգին։ Ճգնաժամը փայլուն կերպով ցույց տվեց, որ Հայաստանի իշխանություններից եւ նրանց վարած տնտեսական քաղաքականությունից, ըստ էության, ոչինչ կախված չէ։ Համաշխարհային տնտեսությունը անկում է ապրում, մենք ավելի շատ ենք անկում ապրում։ Աշխուժանում է՝ մենք ավելի շատ ենք աշխուժանում, «երկնիշ թվերով» աճելով։ Սա կարելի է համեմատել բարձր արագությամբ ընթացող մեքենայի կցորդին, որը շրջադարձերի վրա ավելի շատ է այսուայնկողմ թեքվում, քան քարշակը։ Նկատենք նաեւ, որ իշխանություններն՝ իրենք ճգնաժամային շրջանում սկսեցին հաճախակի խոստովանել, որ մեր տնտեսությունը գտնվում է փաստացի կախյալ վիճակում, առաջին հերթին՝ Ռուսաստանից։ Իսկ ամենաթարմ օրինակը ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի հայտարարությունն էր՝ 2 օր առաջ տեղի ունեցած ասուլիսում։ Խոսելով 90-ականներից սկիզբ առած արտագաղթի եւ այդ արտագաղթածների ուղարկած դրամական միջոցների մասին՝ Գ. Եգանյանը ասել էր. «Այս երեւույթի արդյունքում Հայաստան ուղարկվող տրանսֆերտները գերակշիռ դերակատարում են ունեցել երկրի տնտեսական երկնիշ աճի գործում»: Փաստորեն, ճիշտ են նախկին իշխանությունները, երբ կեսկատակ-կեսլուրջ ասում են՝ այն, ինչի համար մեզ մեղադրում են (արտագաղթը), պարզվում է՝ Հայաստանի ամենամեծ ներդրումն է։ Ցավոք սրտի։