«Ինքնախոստովանական» ցուցմունքներ

12/05/2010

Մերձդնեստրի լրատվամիջոցները տարածել են չճանաչված հանրապետության Անվտանգության նախարարության պատրաստած տեսանյութը, որում հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանը ինքնախոստովանական ցուցմունքներ է տալիս` ընդունելով իր համագործակցությունը Մոլդովայի հատուկ ծառայությունների հետ: Մերձդնեստրի անվտանգության նախարար Վլադիմիր Անտյուֆեեւի վկայությամբ` լրատվամիջոցներով հայտարարությամբ հանդես գալու հնարավորություն ընձեռելու խնդրանքով իր հետ անձնական հանդիպման ժամանակ դիմել է հենց լրագրողը: Մերձդնեստրի հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութը տեղադրված է նաեւ տեղական կայքէջերում, մասնավորապես` Dniester.ru-ում: Լրագրողի` Հայաստանում բնակվող հարազատները, այդուհանդերձ, հիշեցնում են Է. Վարդանյանի անունից դեռ ապրիլին տարածված հայտարարությունը, համաձայն որի` նրան ենթարկում են ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների եւ ստիպում ինքնախոստովանական ցուցմունքներ տալ: «Հանուն ընտանիքիս անվտանգության պատրաստ եմ ինձ մեղավոր ճանաչել ու նստել այնքան, որքան պետք կլինի իշխանություններին»,- ասված էր լրագրողի անունից LiveJournal կայքէջում տեղադրված հայտարարությունում: «Կոչ ենք անում Ռուսաստանյան Դաշնության, բոլոր համաշխարհային տերությունների, աշխարհի իրավապաշտպան, փաստաբանական եւ լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին` միջամտել Է. Վարդանյանի դեմ Մերձդնեստրի իշխանությունների սանձազերծած դատաստանին»,- ասված է լրագրողի հարազատների հայտարարությունում, որի հեղինակները Է. Վարդանյանի դեմ գործը որակում են քաղաքական պատվեր, իսկ իրեն՝ լրագրողին` ինտրիգի զոհ: «Մերձդնեստրի իշխանությունների կողմից միջազգային հանրության աչքի առջեւ կատարվում է հանցագործություն, որի մասին չեն կարող եւ չպետք է լռեն քաղաքական գործիչները եւ իրավապաշտպանները»,- հայտարարում են Է. Վարդանյանի հարազատները: Հիշեցնենք, որ ծնունդով գյումրեցի Է. Վարդանյանը անազատության մեջ է ապրիլի 7-ից: Նրան Մերձդնեստրի իշխանությունները մեղադրում են լրտեսության ու հայրենիքի դավաճանության մեջ: Վարդանյանի ձերբակալությունը դատապարտել են միջազգային տարբեր լրագրողական ու իրավապաշտպան կազմակերպություններ եւ Մերձդնեստրի իշխանություններից պահանջել ազատ արձակել լրագրողին: