Կոռուպցիա կա ամենուր

27/09/2005 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Ռ. Վարդանյանը լայնածավալ ընդգրկում ունի Ռուսաստանի արժեթղթերի
շուկայում: 1992թ. «Տրոյկա դիալոգ» ընկերության գլխավոր տնօրենն է, իսկ
1996թ. ընկերության նախագահն է, 1997թ.՝ նախագահն ու գլխավոր գործադիր
տնօրենը:

Պրն Վարդանյանը «Տրոյկա դիալոգ» խմբի Տնօրենների խորհրդի անդամ է եւ
«Տրոյկա դիալոգ» Հիմնական միջոցների կառավարման (ՏԴՀՄԿ) Վերահսկիչ խորհրդի
նախագահը:

– Շատերը, բարձր գնահատելով ձեր ծրագիրը, այնուամենայնիվ, գտնում են,
որ այն իրատեսական չէ Հայաստանի համար, քանի որ առկա կոռումպացված
համակարգը հնարավորություն չի ընձեռելու իրականացնել այն:

– Կներեք, բայց կոռուպցիան ամենուր է: Ամեն տեղ կա, չկա միայն
Ֆինլանդիայում եւ Բոտսվանայում: Հետո՞: Ի՞նչ է՝ մյուս երկրները չե՞ն
զարգանում: Զարգանում են: Օրինակ, Հարավային Կորեայում նույնպես կոռուպցիա
կա, բայց տեսաք, թե ինչպես այն զարգացավ 20 տարվա ընթացքում: Շատ հարցեր
կան, որոնք չեն թողնում, որ Հայաստանը զարգանա, բայց առանձնահատուկ որեւէ
խոչընդոտ չկա: Ամեն ինչ կախված է նրանից՝ ուզո՞ւմ ենք անել, թե՞ չենք
ուզում: Մենք պետք է կարողանանք մեր միջի պրոցեսը գտնել՝ ի՞նչ ենք անում,
դեպի ո՞ւր ենք գնում եւ ինչպիսի՞ երկիր ենք ուզում կառուցել: Հարավային
Կորեայում տեղի ունեցող զարգացումները շատ լավ օրինակ են նաեւ Հայաստանի
համար:

– Համաժողովի զեկուցողները Հայաստանին, որպես փոքր երկիր, խորհուրդ
տվեցին ոչ թե ներդրումների ծավալները մեծացնել, այլ՝ արտահանման: Ձեր
կարծիքով, ի՞նչ կարող է արտահանվել Հայաստանից, որը կդիմանա դրսի շուկայի
մրցակցությանը:

– Հայաստանում նույն ՏՏ ոլորտում մենք 22 ուղղություն տեսանք, որից
երկուսում Հայաստանը շատ ուժեղ դիրքեր ստանալու հնարավորություն ունի,
որպեսզի շուկայի 30 տոկոսն իրականանա: Հայաստանի շուկան փոքր է, իսկ
շուկայի ամբողջ ծավալը 150 մլն դոլար է, որի 30 տոկոսը 50 մլն դոլար է
կազմում: Հայաստանը նման փողեր աշխատելու հնարավորություն ունի: Մենք չենք
կարող ասել, թե ավտոմեքենայի արտադրության մեջ կարո՞ղ ենք աշխարհում լիդեր
դառնալ, բայց որոշ ուղղություններ կան՝ տուրիզմ, ՏՏ եւ
ադամանդագործություն, որոնցով մենք կարող ենք շատ լուրջ տոկոս զբաղեցնել
շուկայում:

– Պետեր Կրալիչն իր ելույթում խոսեց ազգային ձեռնարկություններն
արտասահմանցիներին չվաճառելու մասին՝ վստահեցնելով, որ այդ դեպքում
պետությունը կարող է այլեւս կորսված համարել որոշումներ կայացնելու իր
իրավունքը: Հայաստանն այսօր իր ռազմավարական նշանակության մի շարք
օբյեկտներ փոխանցել է օտարերկրացիների կառավարմանը: Ինչպե՞ս եք դա
գնահատում:

– Մենք մեր ծրագիրը կազմելիս չենք նայել՝ ճի՞շտ էին այդ
սեփականաշնորհումները, թե՞ ոչ: Կա այն, ինչ կա, եւ մենք խնդիրները
դիտարկում ենք «ինչպես առաջ քայլել» սկզբունքով, որովհետեւ շատ
երեւույթներ կան, որոնք պետք է այլ կերպ արվեին, որպեսզի մենք այսօրվա
փորձը չունենայինք, բայց չեն արվել: Աշխարհը շարժվում է առաջ եւ, այո,
ինչ-որ բաներ արվել են ստիպված, որպեսզի ավելի դժվար իրավիճակի առջեւ
չհայտնվենք, ինչ-որ բաներ էլ ուղղակի ճիշտ են արվել: Մենք ապագայի մասին
ենք ավելի շատ մտածում, քան անցյալի, թե ինչն է սխալ արվել, ինչը՝ ոչ:
Մենք գնահատականներ չենք տալիս: Պարզ է, հիմա, երբ փող կա, Հայաստանի
բյուջեն փոքր-ինչ լավ վիճակում է, ասում ենք՝ ինչո՞ւ են նման բաներ արել,
պետք էր պահել, բայց հիշենք, թե ինչ վիճակ էր Հայաստանում 10 տարի առաջ,
եւ ինչպես են նման որոշումներ կայացվել: Դրա համար մի քիչ բարդ է
պատասխանել «Ճի՞շտ էր, թե՞ ոչ» հարցին: Ուստի չեմ պատասխանի:

– «Գույք՝ պարտքի դիմաց» բանաձեւի շրջանակներում մի շարք գործարաններ
տրվեցին Ռուսաստանին, սակայն դրանք այդպես էլ այս տարիների ընթացքում
չշահագործվեցին: Ինչո՞վ եք բացատրում դա, եւ ինչո՞ւ Հայաստանում նրանք
ներդրումներ չեն իրականացնում:

– Շատ հարցեր կան: Այդ գործարանները Ռուսաստանին տրվել են պարտքի դիմաց,
եւ ստացողը չի կարողանում լեզու գտնել նրա հետ, ով պետք է շահագործի այն:
Այն նախարարությունը, որը ստացել է այս կամ այն գործարանը, ինքը չի կարող
շահագործել այն, եւ պետք է շահագործումը հանձնի մեկ ուրիշին: Այնպես որ,
մի շարք հարցեր կան, եւ նման օրինակները միայն Հայաստանում չեն: Մեծ
ներդրումներ, որքան տեղյակ եմ, եղել են պղնձամոլիբդենի ոլորտում: Ի վերջո,
դժվար է Հայաստանում միլիարդներ ներդնելու մասին խոսել, որովհետեւ չունենք
նավթ, եւ այլն:

– Այսինքն՝ Հայաստանում միայն տուրի՞զմը կարող է զարգանալ:

– Փոքր լինելով՝ դու չես կարող քո ուժերը սպառել ամեն ինչի վրա, դրա համար
Հայաստանի նման փոքր երկրների համար շատ կարեւոր է ճիշտ է ընտրություն
կատարելը՝ թե որ ճյուղերի վրա դնել եղած ուժերը, որպեսզի լուրջ ու ուժեղ
զարգացում լինի: