Մեդվեդեւը` Ղարաբաղի մասին

12/05/2010

Նախօրեին, երեկոյան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Դամասկոսից ժամանել է Անկարա: Թուրքական մամուլի տեղեկություններով` Մեդվեդեւին ուղեկցող պաշտոնյաների, գործարարների եւ լրագրողների ընդհանուր թիվն անցնում է 200-ից: «Ռուսական պատվիրակությունը Թուրքիայի մայրաքաղաք է ժամանել չորս օդանավով»,- գրել է «Hurriyet»-ը: Անկարա ժամանելուց անմիջապես հետո Մեդվեդեւն ու նրա թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլը պաշտոնական ընթրիք են ունեցել: Երեկ Ռուսաստանի նախագահը հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ, այցելել է Թուրքիայի Ազգային մեծ ժողով, մասնակցել է ռուս-թուրքական գործարար համաժողովի եւ երկկողմ համագործակցությունը համակարգող Բարձրագույն խորհրդի աշխատանքներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական կողմը պնդում էր, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի ղեկավարների բանակցությունների հիմնական թեման լինելու է Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը. այս մասին դեռ անցած շաբաթ հայտարարել էր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Պաշտոնական Մոսկվան, սակայն, այցից առաջ ավելի ընդհանուր ձեւակերպումներով էր հանդես գալիս` նշելով, թե «քննարկվելու է իրավիճակը Անդրկովկասում, Կիպրոսում եւ Մերձավոր Արեւելքում»: Արդեն հանդիպումներից հետո Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում Մեդվեդեւը` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, ասել է. «Օգտագործելով բոլոր հնարավորությունները` Ռուսաստանյան Դաշնության հեղինակությունն ու ազդեցությունը, առաջ ենք մղելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը, միեւնույն ժամանակ` այդ հարցում խորհրդակցելով նաեւ մեր թուրք գործընկերների հետ»: Նա եւս մեկ անգամ շեշտել է, որ «եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Թուրքիան շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում»: Ի պատասխան հարցի` արդյո՞ք Ռուսաստանը Հայաստանին առաջիկայում կմղի առավել ակտիվ քայլերի գնալ Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը նաեւ ԵԱՀԿ-ի միջնորդական Մինսկի խմբի անդամ է, Դմիտրի Մեդվեդեւը «հուսադրող» է որակել կարգավորման ուղղությամբ կատարվող քայլերը: Նա հստակեցրել է, որ մի շարք հարցերում ձեռք է բերվել համաձայնություն, սակայն չի կարելի ասել, թե բոլոր հարցերում առկա է փոխըմբռնում: «Բայց բոլոր առանցքային հարցերը նախեւառաջ պետք է քննարկեն հակամարտության կողմերը` մասնավորապես Հայաստանն ու Ադրբեջանը,- ասել է Մեդվեդեւը` եզրափակելով,- Կատարվել է կարեւոր քայլ առաջ, հիմա գլխավորը ձեռք բերվածի վրա կանգ չառնելն է: Ես չէի ցանկանա հիմա մեկնաբանել շրջանների եւ հակամարտության այլ ասպեկտների գծով առանձին պահեր, քանի որ նման հիմնախնդրին պետք է ցուցաբերել նրբանկատ մոտեցում` ավելորդ լարվածություն չստեղծելու համար, հատկապես, որ Ռուսաստանն այստեղ հատուկ առաքելություն ունի: Մենք հակամարտության կողմ չենք, այլ ակտիվ միջնորդ, եւ մենք կշարունակենք աշխատել, եւ մոտ ապագայում հանդիպումներ կանցկացվեն Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ների միջեւ»: Անդրադառնալով հայ-թուրքական հաշտեցման գործընթացին` Ռուսաստանի նախագահը հույս է հայտնել, որ «վերջին հաշվով կողմերը լուծման կհանգեն»: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը համատեղ ասուլիսի ժամանակ թե՛ Ղարաբաղյան հակամարտության եւ թե՛ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման մասին հնչած հարցերին չի արձագանքել: Դմիտրի Մեդվեդեւի այցը Թուրքիա մեկնարկել է երեքշաբթի երեկոյան: Ռուսաստանի նախագահին այցի ընթացքում ուղեկցում են Նախարարների կաբինետի մի շարք անդամներ, տարբեր բնագավառների բազմաթիվ այլ պաշտոնյաներ, ինչպես նաեւ՝ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, որը երկու նախագահների համատեղ ասուլիսին հետեւում էր սրահի առաջին շարքում նստած: Մինչեւ մամուլի ներկայացուցիչների համար հայտարարություններ անելը երկու երկրների միջեւ տեղի էր ունեցել համաձայնագրերի կնքման պաշտոնական արարողություն: Թե՛ Ռուսաստանի եւ թե՛ Թուրքիայի նախագահները կնքված բազմաթիվ համաձայնագրերի շարքում կարեւորել են վիզային ռեժիմի վերացման պայմանավորվածությունը: