«Մտնելով գործընթացի մեջ, Թուրքիան չէր պատկերացնում՝ ուր է գնում»

12/05/2010

«Հայաստանի եվրոպական ընկերներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեկի հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը` հատուկ «168 Ժամի» համար

– Ապրիլի 22-ին Հայաստանի նախագահը հայտարարեց Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացի փաստացի դադարեցման մասին մինչ այն պահը, երբ Անկարան կցուցադրի առաջ շարժվելու պատրաստակամություն եւ կվավերացնի 2009 թվականին ստորագրված արձանագրությունները: Արդյո՞ք դա նշանակում է գործընթացի ավարտ, թե՞ որոշ ժամանակ անց կարելի է սպասել դրա վերսկսմանը:

– Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումն անխուսափելի է: Դա բխում է երկու երկրների շահերից, եւ դա տեղի կունենա, սակայն, ցավոք, ոչ կարճաժամկետ հեռանկարում: Թուրքիան բաց թողեց պահը, եւ «հնարավորությունների պատուհանը», հավանաբար, փակվել է: Հուսով եմ, որ նախաձեռնությունը կվերականգնվի, հավանաբար, Շվեյցարիայի կողմից, սակայն մտավախություն ունեմ, որ մենք ստիպված կլինենք սպասել Թուրքիայում, ապա նաեւ Հայաստանում կայանալիք ընտրություններին: Հուսով եմ, որ ով էլ ղեկավարի Թուրքիան, 5 տարվա ընթացքում Երեւան կայցելի բաց սահմանով եւ 100 տարի անց կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Դա կնշանակի, որ թուրքական պետությունը հասունացել է մինչեւ այն մակարդակը, որին հասնելու համար նրանից ժամանակ էր պահանջվում: Նույնիսկ այսօր թուրքական հասարակությունն իր զարգացմամբ արդեն զգալիորեն գերազանցում է իր պոպուլիստական կառավարությանը:

– Հայ-թուրքական արձանագրություններում ոչինչ չի ասվում Լեռնային Ղարաբաղի մասին, սակայն վերջին ամիսների ընթացքում Թուրքիայի ղեկավարության ներկայացուցիչները բացահայտ եւ համառորեն խոսում էին այն մասին, որ առանց ղարաբաղյան կարգավորման գործում առաջընթացի՝ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն անհնար է: Այդ հայտարարությունները հնչում էին հարաբերություններն առանց նախապայմանների բարելավելու ԱՄՆ բազմաթիվ կոչերի ֆոնին:

– Ակնհայտ է, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը կրում է ոչ այնքան ռազմավարական եւ համակարգված բնույթ, քան մեզ հաճախ թվում է: Դրա ապացույցն է հանդիսանում Թուրքիայի արտաքին գործերի եւ վարչապետի հակասական արձագանքը ապրիլի 24-ին Բարաք Օբամայի հղած ուղերձին: Կարծում եմ, որ մտնելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ` Թուրքիան չէր պատկերացնում` ուր է գնում: Միաժամանակ, թուրքական իշխանությունները չէին ցանկանում հանդես գալ որպես ապակառուցողական կողմ եւ գնալ իրենց իսկ «զրո խնդիրներ հարեւանների հետ հարաբերություններում» քաղաքականության դեմ: Նախագահ Սերժ Սարգսյանը դա անվանեց բլեֆ: Նա նաեւ Հայաստանը հստակ ներկայացրեց որպես հուսալի եւ կառուցողական միջազգային դերակատար: Միաժամանակ, այդ ողջ գործընթացը ներառեց Հայաստանը, հայ-թուրքական հարաբերություններն ու Ցեղասպանության ճանաչումը միջազգային քաղաքական օրակարգում: Թուրքիան պատրաստ չէր դրան եւ ձգտում էր իր դիրքորոշումը որոշել անմիջապես գործընթացի ընթացքում: Ի վերջո, պարզ դարձավ, որ ազգայնականները սկսում են գերակայել, եւ Թուրքիան նախընտրում է, որպեսզի իր արտաքին քաղաքականությունը որոշվի Ադրբեջանի կողմից, այլ ոչ թե սեփական աշխարհաքաղաքական շահերից ելնելով: Ոչ ԵՄ-ն, ոչ ԱՄՆ-ը, ոչ Ռուսաստանը պատասխանատվություն չեն կրում Անկարայի ներքին քաղաքական կլիմայի համար:

– Կարծիք կա, որ հայ-թուրքական գործընթացի դադարը պակաս ցավագին է Ռուսաստանի, քան Վաշինգտոնի համար, քանի որ, ի տարբերություն թուրք-ամերիկյան հարաբերությունների, Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունները վերջին տարիներին աննախադեպ վերելք են ապրում:

– Ռուսաստանը գերադասում է տարաձայնություններ չունենալ թե Հայաստանի` Կովկասում իր առանցքային դաշնակցի, թե Թուրքիայի` Մերձավոր Արեւելքում իր խոշորագույն գործընկերոջ հետ: Ոչ ոք չգիտի` որքան կշարունակվի ռուս-թուրքական նոր բարեկամությունը, քանի որ նրանք մրցակցում են երկու երկրների համար ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ ոլորտում: Միջազգային բոլոր գործընկերները շահագրգռված են Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատմամբ: Ռուսաստանն իրականացրել է խոշորագույն ներդրումները տարածաշրջանում եւ կախված Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների զարգացումներից` կտուժի կամ կշահի մնացածից առավել: Ներկայումս Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ գոյություն ունի կոնսենսուս այն մասին, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կծառայի բոլոր կողմերի շահերին: Հենց այդ պատճառով հատկապես ցավալի է, որ Թուրքիան չցանկացավ վավերացնել արձանագրությունները «ողջամիտ ժամկետներում»` չնայած դա անելու՝ Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի կողմից բազմիցս հնչեցված կոչերին: Ամենայն հավանականությամբ, «հնարավորությունների պատուհանը» ներկայումս փակ է, եւ մնում է սպասել` կպահպանվի՞ արդյոք այդ կոնսենսուսը համաշխարհային խոշոր դերակատարների միջեւ առաջիկա 3-5 տարիների ընթացքում:

– Ակնհայտ է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը մանեւրելու շատ ավելի մեծ հնարավորություններ կընձեռի Հայաստանին եւ կբացի «Արեւմուտքի դուռը»: Ակնհայտ է նաեւ, որ Թուրքիան չի պատրաստվում զոհաբերել իր շահերը հանուն այդ գործոնի: Արդյո՞ք դա նշանակում է, որ ԱՄՆ-ը եւ Արեւմուտքը չեն կարող արդյունավետ միջնորդի դեր խաղալ տվյալ փուլում:

– Թուրքիան պետք է գիտակցի կարգավորման նկատմամբ իր շահը, այն չի կարող նրան պարտադրվել: Նույն իրավիճակն է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների դեպքում: Անհնար է ողջամիտ գործել եւ միջնորդ լինել մի իրավիճակում, երբ կողմերից մեկն իր բնակչությանը նախապատրաստում է բացառապես առճակատման: ՀՀ ոչ մի կառավարություն, բացի ներկայիս կառավարությունից, չի ունեցել ողջամիտ եւ խիզախ ռազմավարություն` իր բնակչությանը պատրաստելով լավագույն ապագայի: Նման քաղաքականությունը Հայաստանին տվել է շատ առավելություններ, քանի որ միջազգային հանրությունը գիտակցել է, թե ով է հուսալի գործընկերը, իսկ ով` ոչ: Մասնավորապես, Եվրոպական Միությունը հոգնել է այն բանից, որ Թուրքիան փաստաթղթեր է ստորագրում եւ չի կատարում դրանք, ինչպես Կիպրոսի դեպքում:

Պատահական չէ, որ Հայաստանն այսօր լուրջ առաջընթաց է արձանագրում Արեւելյան գործընկերության քաղաքականության շրջանակներում Գործողությունների ծրագրի իրականացման գործում, իսկ Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Էշթոնի վերջերս արած հայտարարությունները եւ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների կատարած մի շարք այցերը Երեւան վկայում են այն մասին, որ ԵՄ ղեկավարության օժանդակությունը Հայաստանին երբեք չի եղել այնքան ուժեղ, որքան այսօր: