Հուլիսի 20-ին հայտարարվելիք մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվելու 28 հեռուստաընկերություններ, որոնցից 9-ը հեռարձակվելու են հանրապետության ողջ տարածքով, 10-ը` մայրաքաղաքում, իսկ 9 հեռուստատեսություն` մարզերից յուրաքանչյուրում: Լիցենզիաները տրամադրվելու են 10 տարի ժամկետով: Նոր լիցենզիաները սկսելու են գործել 2011թ. հունվարի 20-ից: Այս մասին երեկ հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը` հավելելով, թե մայրաքաղաքում լիցենզիա ստացող հեռուստաալիքների թիվը 19-ով սահմանափակելու որոշումը պայմանավորված է տեխնիկական հնարավորություններով. «Դա ամենաօպտիմալ տարբերակն է»,- ասել է նա: «2010 թվականի հուլիսի 20-ին հայտարարվելիք հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթները անցկացվելու են բացառապես նոր կարգով` հաշվի առնելով թվայնացման համար անհրաժեշտ պահանջները»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը: Օրենքում առաջարկվող փոփոխությունների համաձայն, նոր լիցենզիաներ ստացող հեռուստաալիքները պետք է հստակ բովանդակային ուղղվածություն ունենան։ Նախատեսվում է ստեղծել ընդհանուր, մանկական, ժամանցային, երիտասարդական, լրատվական եւ ճանաչողական ալիքներ: Ա. Պետրոսյանի խոսքով, արդեն պատրաստ է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը առաջիկայում ուղարկվելու է կառավարություն եւ Ազգային ժողով: Նախագիծը պետք է ընդունված լինի մինչեւ հուլիսի 20-ը, որպեսզի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը հնարավորություն ունենա մրցույթներն անցկացնել նոր օրենքին համապատասխան: Ի դեպ, թվային հեռարձակման անցումը նշանակում է, որ ներկայումս Հայաստանում օգտագործվող հեռուստատեսային տեխնիկայի մեծ մասը, մասնավորապես` հին մոդելի հեռուստացույցները, չեն կարողանալու ընդունել համապատասխան ազդանշանը: Այս խնդիրը լուծելու նպատակով, կառավարությունը հնարավորություն է տալիս հայտարարվելիք մրցույթում հաղթող ճանաչված հեռուստաընկերություններին մինչեւ 2013թ. իրականացնել զուգահեռ անալոգային եւ թվային հեռարձակում` հեռուստադիտողներին ժամանակ եւ հնարավորություն տալով ձեռք բերել թվային ընդունիչներով նոր մոդելի հեռուստացույցներ կամ թվային ազդանշանը անալոգային ազդանշանի փոխարկող սարքեր: