Հեռակա ճիպոտահարում

12/05/2010

Իրանի դատարանը «Newsweek» ամսագրի լրագրողին հեռակա կարգով դատապարտել է 13 տարվա ազատազրկման եւ ճիպոտի 74 հարվածի: Նա 2009թ. ձերբակալվել էր հեղափոխական գործունեության մեղադրանքով, սակայն ավելի ուշ կարողացել էր մեկնել Լոնդոն: Այդ մասին հայտնում է «The New York Times»-ը:

Մազիար Բահարին մեղավոր է ճանաչվել ազգային անվտանգությունը վտանգելու նպատակով դավադրության մասնակցելու, պետական գաղտնիքի հրապարակման, ինչպես նաեւ երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիին եւ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին վիրավորելու մեջ: Բահարին ձերբակալվել էր 2009թ. նախագահական ընտրություններից հետո, որի արդյունքում հաղթեց Մահմուդ Ահմադինեջադը: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո երկրում բողոքի ալիք բարձրացավ, ընդդիմությունը մեղադրեց իշխանություններին բազմաթիվ խախտումներ անելու եւ ընտրությունների արդյունքները կեղծելու մեջ: «Newsweek»-ի համար ընտրությունները լուսաբանող լրագրողը ձերբակալվել էր` մեղադրվելով հակակառավարական քարոզչության եւ լրտեսության մեջ, եւ 118 օր անցկացրել անազատության մեջ: 2009թ. հոկտեմբերին իրանական դատարանը 300 հազար դոլար գրավի դիմաց ազատ էր արձակել Բահարիին` հաշվի առնելով, որ նրա կինը հղիության վերջին ամսում է: Ավելի ուշ լրագրողին հաջողվել էր մեկնել Լոնդոն, որտեղ գտնվում էին նրա կինն ու նորածին դուստրը: