Երկրի ուսյալ զավակների բողոքը

12/05/2010 Արա ԳԱԼՈՅԱՆ

Մեր ուսանողները մի թեթեւ զայրացած են: Նույնիսկ փորձում են ցույցեր կազմակերպել: Պատճառը տարկետման իրավունքով ասպիրանտուրայի տեղերի կրճատումն է: Զինվորական ծառայությունից տարկետման իրավունք տվող տեղերի կրճատումը: Ուսանողաց ազնիվ դասը պնդում է, որ Կրթության նախարարությունն իրեն խանգարում է գիտությամբ զբաղվել: Գենետիկան իսկապես ճշգրիտ գիտություն դուրս եկավ: Մեր երեխաները ճիշտ ու ճիշտ մեր կտորն են: Պապերի գործի շարունակողը: Հաց մի տուր: Ջուր մի տուր: Միայն թույլ տուր առավոտվանից իրիկուն գիտությամբ զբաղվել: Հայաստանը Խորհրդային Միությունում առաջինն էր: Սովորողների տեսակարար կշռով: Մինչ մյուս ազգերն աշխատում էին, մենք սովորում էինք: 70-80-ական թվականներին ամեն երրորդ հայաստանցի սովորող էր: Աշակերտ կամ ուսանող: 90-ականներին այդ թիվը մի քիչ փոփոխվեց: Բայց հիմա ամեն ինչ տեղն են դրել: Ազգային տնտեսության երկնիշ աճին վայել աճում է նաեւ բուհերի ու ուսանողների թիվը: Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշներն ուսումնասիրող օտար մասնագետը ոչինչ չի հասկանա: Հանրակրթական դպրոցում սովորող երեխաների թիվը տարեցտարի կրճատվում է: Իսկ բուհերում սովորող ուսանողների քանակն` ավելանում: Բուհ բացելը տոնավաճառներից ու սուպերմարկետներից հաջող բիզնես դուրս եկավ: Մեր Կրթության նախարարությունն առերեւույթ, իհարկե, փորձում է կրճատել օր օրի աճող բուհերի քանակը: Փորձում է դրանց որակական ինչ-ինչ չափորոշիչներ պարտադրել: Բայց բան դուրս չի գալիս: 2007/08 ուստարում Հայաստանում գործում էր 85 բուհ: 2008/09 ուստարում` 90: Հայաստանում 900 գյուղական բնակավայր կա ու մոտ 90 բուհ: Եթե Կրթության նախարարությունն այս տեմպերով շարունակի պայքարել որակի ապահովման համար, առաջիկա 10-15 տարում ամեն գյուղ կունենա իր համալսարանը: Կամ` ակադեմիան: Տարեկան մոտ 46.000 դպրոցական շրջանավարտ ունեցող երկրում բուհ ընդունվողների քանակը մոտ 30.000 է: Հայաստանը մոտ 115.000 ուսանող ունի: Եվ այդ թիվը գնալով աճում է: Անկախ որակյալ կրթություն ապահովելու, կամ ապահովել չկարողանալու փաստից: Անկախ ժողովրդագրական բացասական ցուցանիշներից: Մի քանի տարի առաջ մեր բուհական համակարգը վերականգնեց հեռակա բարձրագույն կրթության համակարգը: Անգամ խորհրդային հեռակա կրթության համակարգին ոչ ոք լուրջ չէր մոտենում: Բայց հիմա մոտ 26.500 ուսանող հեռակա «կրթություն» է ստանում: 25.000 գնողունակ հաճախորդ նույնիսկ ամենամեծ սուպերմարկետը չունի: Հետեւաբար՝ կրթության վկայականի` դիպլոմի վաճառքը Հայաստանում ամենաեկամտաբեր բիզնեսներից է: Ըստ վիճակագրության` ուսանողների աճին հակառակ՝ տարեցտարի պակասում է նրանց դասավանդողների քանակը: Վատանում են նաեւ դասախոսական կազմի ցուցանիշները: Եթե գիտական կոչումներն ու տիտղոսները որակի չափանիշ համարենք, ապա միանշանակ կարելի է պնդել, որ պրոֆեսորադասախոսական կազմը որակի անկում ունի: Տարեցտարի կրճատվում է բուհերում դասավանդող ակադեմիկոսների, պրոֆեսորների, դոցենտների, գիտությունների դոկտորների թիվը: Բուհերում դասավանդողների 60 տոկոսից ավելին իր աշխատանքը համատեղում է: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ուսանողների քանակական աճին հակառակ՝ նվազում է գրադարաններից օգտվողների թիվը: 2005-ին գրադարանների ընթերցողների քանակը 650.000 էր: 2008-ին` 258.000 ընթերցող է արձանագրվել: Սա կարելի է համարել կրթության որակի անկման ցուցանիշ: Բայց կարելի է նաեւ անտեսել: Անտեսել՝ ասելով, որ 21-րդ դարում գրադարաններն ինտերնետի տեսքով տուն են եկել: Նույն այս բացատրությամբ կարելի է արդարացնել հանրապետության գրքային ֆոնդի կրճատման հարաճուն փաստը: Առանց գրքերի ու հատկապես առանց դասագրքերի ոչ մի երկրում ոչ մի դպրոց (հատկապես բարձրագույն դպրոց) չի եղել: Ու հիմա մեր ուսանողները, ում հաջողվել է առանց դասագիրք բարձրագույն կրթություն ստանալ, պայքարում են գիտությամբ զբաղվելու իրենց իրավունքի համար: Նրանց վրդովվեցնում է այն փաստը, որ զինվորական ծառայությունից տարկետում չունեն:

Իսկապես շնորհալի երաժշտի ու շատ այլ մասնագետների պարագային դա հասկանալի է: Բալերոնի համար զինվորական կոպիտ կոշիկը մասնագիտության ավարտ է: Բայց ինչո՞վ է պատմաբանին, գրականագետին, քիմիկոսին խանգարելու երկամյա ծառայությունը, դժվար է փաստարկել: «Գիտնական» բառն իսկապես բարձր է հնչում: Բոլոր նրանց, ովքեր ակնածանք ունեն գիտության ու գիտնականի նկատմամբ, կարելի է խորհուրդ տալ՝ չծանոթանալ վերջին տարիներին պաշտպանված գիտական թեզերին: Հետեւանքներն իսկապես անկանխատեսելի կարող են լինել:

Հ.Գ.
Մեր բարձրագույն կրթությունը լիովին համահունչ է շուկային: 90-ականների սկզբում աճում էր Բժշկականի ուսանողների թիվը: Հետո` իրավաբանների ու տնտեսագետների: Հիմա սերիալների դարաշրջան է: Այս ոլորտի ապագա մասնագետների թիվը երկու տարում աճել է 2,6 անգամ: