16 տարի առաջ Մոսկվայում կնքվեց զինադադարի պայմանագիրը, որը ստորագրեցին հակամարտող կողմերը` Հայաստանը, Ղարաբաղը եւ Ադրբեջանը: «Դա միակ ստորագրված փաստաթուղթն է, այդ տեսակետից անգնահատելի, ուրիշ փաստաթուղթ չկա, ոչ միայն այնպիսի, որ հակամարտության բոլոր կողմերը ստորագրած լինեն, այլեւ ընդհանրապես միակն է, որը ստորագրվել է: Այլ բան չի եղել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վահան Փափազյանը: «Զինադադարը մենք պարտադրեցինք` մեր դաշնակիցների` ռուսների օգնությամբ, եւ շատ պարզ է, որ այդ զինադադարը շատ անհրաժեշտություն էր ոչ միայն ադրբեջանական կողմի, որը փախեփախ վիճակում էր, այլ մեր համար, որովհետեւ մենք էլ արդեն ուժասպառ լինելու եզրին էինք: Եվ երբ խոսքը գնում է խաղաղության եւ պատերազմի մասին, պարզ է, որ գերադասելի է խաղաղությունը»,- հավելել է նա: Ըստ Վ. Փափազյանի, սակայն, այս տարիների ընթացքում չի հաջողվել ամրապնդել հրադադարը. «Երբ հակառակ կողմը չի ընդունում այն առաջարկները, որ արվում են, ասենք՝ դիպուկահարներին ճակատային գծից հեռացնելու առաջարկը, կամ չի հաջողվում հայ-ադրբեջանական համատեղ հայտարարություն, հռչակագիր ընդունել, որով կողմերը հրաժարվեն ուժի կիրառման գաղափարից, դա նշանակում է, որ զինադադարը խախուտ է, ամրապնդել չի ստացվել»:
Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ ասել է. «Զինադադարի պայմանագիրը ամրապնդեց դե ֆակտո շփման գիծը»: Նա ներկայացրել է նաեւ, թե ինչպես էր ադրբեջանական կողմը «դիմադրում». ըստ նրա` Ադրբեջանը ոչ միայն կտրականապես դեմ էր, որ Ղարաբաղը ստորագրի զինադադարի պայմանագիրը, այլեւ ամեն ինչ անում էր, որպեսզի հայկական զորքերը, ըստ պայմանագրի, վերադառնան ԼՂԻՄ-ի սահմաններ` այս կերպ լուծելով ազատագրված տարածքների հարցը: «Բայց դա Ադրբեջանին չհաջողվեց, եւ ստեղծվեց փաստաթուղթ, որն ամբողջովին համապատասխանում էր հայկական կողմի շահերին: Ադրբեջանը ստորագրեց` չգիտակցելով»,- ասել է նա` հիշեցնելով, որ ստորագրումից մի քանի օր անց Ադրբեջանը փորձել է հրաժարվել իր ստորագրությունից: Պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովի խնդրանքով նիստ է հրավիրվել, որին հայկական կողմից մասնակցել է Վ. Հարությունյանը, Ադրբեջանից` Մամեդրաֆի Մամեդովը, ԼՂՀ-ից` Բակո Սահակյանը: Ադրբեջանը տեղեկացրել է, որ չի կարող կատարել պայմանագիրը, ինչին ի պատասխան՝ ռուսական կողմը հայտարարել է, որ եթե Ադրբեջանը հրաժարվի պայմանագրի կատարումից, ՌԴ-ն կդադարեցնի միջնորդական առաքելությունը: «Այս կտրուկ հայտարարությունն ազդեցություն ունեցավ ադրբեջանական կողմի վրա եւ փաստացի ստիպեց կատարել պայմանագիրը»,- ասել է նա` նշելով, թե հնարավոր եղավ հասնել նրան, որ Ղարաբաղը ստորագրի զինադադարի պայմանագրի տակ՝ հայկական կողմի ընտրած ճիշտ մարտավարության արդյունքում: «Հայկական կողմն ուղղակիորեն հրաժարվեց ստորագրել հրադադարի պայմանագիրը` հիմնավորելով, որ եթե Ղարաբաղն իր վրա պարտավորություններ չվերցնի, ո՞վ պետք է պատասխանատվություն կրի պայմանագրի կատարման համար: Հայաստանն էլ ուներ պայմանագրում պարտավորությունների իր բաժինը` ՀՀ սահմանների առումով, բայց մենք հստակ սահմանազատեցինք ՀՀ-ն Ղարաբաղից, որպեսզի Ղարաբաղը որպես լիարժեք կողմ ստորագրի պայմանագիրը»,- ասել է Պաշտպանության նախկին նախարարը: