Մուսաները սկզբից լռում են, իսկ հետո՝ անհետանում

12/05/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երվանդ Քոչարը հայ արվեստում բացառիկ տեղ ունի: Նա այն արվեստագետներից է, ով միշտ ավանգարդում է եղել եւ շատ հաճախ կանխագուշակել ու հիմնավորել է այն արվեստի տեսակի գոյությունը, որը դեռ չկա, բայց շուտով գալու է։ Նրա ստեղծած եռաչափ, տարածային նկարներն, օրինակ, այսօրվա համակարգչային լեզվով ասած՝ 3D անիմացիայի նմուշներ են, որոնք ժամանակի ու տարածության մեջ անընդհատ փոփոխվող ու կապակցված մոդելներ են ի հայտ բերում։ «Մարդ գտնում է այն, ինչ որոնում է. պետք է գիտնալ, թե ինչ ես որոնում, որպեսզի գտնես. դրա համար է, որ նախամարդը չէր կարող ինքնաթիռ կամ շոգեկառք գտնել: Ամեն արվեստ արտահայտում է իր ժամանակի իդեալը, ուրեմն` հասկանալու, ճաշակելու համար պետք է հասկանալ այդ ժամանակի իդեալը եւ այդ ժամանակի արտահայտչական տեխնիկան»,- «Ժամանակակից արձանագործություն» ելույթում ասել է Երվանդ Քոչարը։

Քոչարին կարելի է Հայաստանի խորհրդանիշը համարել, քանի որ կամա թե ակամա նրա արվեստի ու նրա մարդկային նկարագրի հանդեպ ունեցած մեր վերաբերմունքը շատ լավ փաստում է, թե ո՞վ ենք մենք, ու որո՞նք են մեր ժամանակի իդեալները։ Չէ՞ որ մենք Քոչարի ստեղծած «շոգեկառքն» ունենք, սակայն, կարծում ենք, որ դրա ժամանակը դեռ չի եկել։ Կամ էլ միգուցե վախենում ենք, որ երբ նրա հայտնագործած «շոգեկառքն» իրականություն դառնա, մենք ստիպված կլինենք ընդունել, որ մնացածը դատարկ ու սին ճիգեր են, որոնք զուրկ են շարժումից ու զարգացումից։ Երբ 1936 թվականին Քոչարն արդեն հասուն տարիքում թողեց արվեստով հագեցած ու արվեստով շնչող Փարիզն ու ճանաչումը՝ տեղափոխվելով Խորհրդային Հայաստան, նա իրականում չէր պատկերացնում, թե ինչպիսի դժվարությունների է հանդիպում։ Նա խորթ էր սովետական էպոխային՝ իր ներքին ազատությամբ, իր տեղեկացված լինելով ու որոնումներով։ Սովետական Հայաստանում նա բանտարկվեց (եւ իրականում, եւ փոխաբերական իմաստով)։ Զարմանալի է, բայց նա «բանտարկված» է մնում նաեւ հիմա, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ մենք այդքան էլ չենք հեռացել խորհրդային համակարգի թելադրած արվեստի ընկալումից։ Քոչարի թողած գույներն ու ֆորմաները, նրա կերպարի հետքն ու մտածողությունն այսօրվա Երեւանում գրեթե չեն նկատվում (բացառությամբ նրա անունը կրող տուն-թանգարանի կղզյակից, որը թեեւ Երեւանի կենտրոնում է գտնվում, սակայն ինքնուրույն, լոկալ ու ինքնամփոփ կյանքով է ապրում, կարծես զգալով, որ Քոչարի ժամանակը դեռ չի եկել)։

«Քոչարն իր էությամբ ավանգարդիստական, հեղափոխական մարդ էր եւ շատ հետաքրքիր կոնցեպցիաներ էր առաջ քաշում: Պտտվող քանդակներն, օրինակ, ֆուրոր հանեցին Փարիզում: Քոչարն առաջինն էր, որ տարածությունը նման հեղափոխական փոփոխության ենթարկեց: Չնայած իր կյանքի բոլոր դժվարություններին, Երվանդ Քոչարը վառ կյանք է ապրել: Նրան անվանում էին քայլող պրոֆեսոր: Նա սիրում էր զբոսնել, շփվել, զրուցել, իսկ նրա լսարանը ողջ քաղաքն էր, փողոցը, պատահական անցորդները: Հանդիպումներն ու զրույցները Քոչարի հետ շատ նման էին Սոկրատեսի ու նրա աշակերտների հանդիպումներին: Փիլիսոփաները զբոսնելով, ճեմելով էին խոսում եւ զրուցելով էին դասավանդում ու սովորում: Նույնը անում էր նաեւ Քոչարը: Նա վառ հետք է թողել մեր քաղաքում: Ես շատ եմ ափսոսում, որ նրա արձանները մեր քաղաքում քիչ են»,- պատմում է գեղանկարիչ Էդուարդ Խարազյանը:

Իսկ նկարիչ Արա Հայթայանը նկատում է, որ Քոչարը նման է դանդաղ ներգործություն ունեցող ռումբի, որը եթե գործի դնես՝ այլեւս չես կարող կանգնեցնել, քանի որ այն, միեւնույն է, պայթելու է։ Նման խորհրդանշական ռումբ կարելի է համարել Քոչարի արձանները, որոնք դառնալով քաղաքային պեյզաժի մասնիկ, կարող են փոխել քաղաքն ու քաղաքացիներին։ Սակայն այսօր հակառակ պրոցեսն է տեղի ունենում. քաղաքն է փոխում ու խեղաթյուրում Քոչարի արձանները կամ էլ գերեվարում է դրանք։ Երբեմնի բանուկ վայրում՝ Երկաթուղային կայարանի հրապարակում գտնվող «Սասունցի Դավիթն», օրինակ, իր օրիգինալ տեսքից շատ է հեռացել։ Եվ բացի այն, որ արձանը շտապ վերականգնման աշխատանքների կարիք է զգում, այն նաեւ՝ զրկվել է իր փիլիսոփայական ուղերձից։ Դադարել է Դավթի հավատարիմ ընկերոջ՝ Քուռկիկ Ջալալիի սմբակների տակից հոսող ջրի ընթացքը։ Անհետացել է նաեւ ժողովրդի համբերությունը խորհրդանշող պղնձե թասը (որը պարզապես գողացվել է ու փոխարինվել է սպիտակ ռետինե խողովակով)։ Իսկ արձանը շրջապատող ողջ ավազանն ու մոտակա տարածքը լցվել են աղբով։

Քոչարը գրել է. «Արձանագործությունը մանրացավ, հասավ նեյտրոնների, ատոմների, էլեկտրոնների, բայց ձեռք բերեց մեծ ստեղծագործական ազատություն»։ Եվ այդ ազատության մեջ ենթագիտակցական, զգայական ընկալումը շատ կարեւոր տեղ են զբաղեցնում։

Արձանագործ Քոչարի համար նյութ են ծառայել ոչ միայն քարը, մետաղը, մոմն ու ձուլվածքները, այլեւ` վաղանցիկ, կայուն ֆորմա չունեցող նյութերն ու հեղուկները: Քոչարը վստահ էր, որ ժամանակակից արձանների մաս են դառնում նաեւ գազերն ու հեղուկները: Ինչպես նաեւ՝ այն ֆոնը, այն քաղաքային պեյզաժը, որտեղ տեղադրվում է արձանը։ Եվ թերեւս հենց ապագա Երեւանի դիմանկարը պատկերացնելով էլ Քոչարը ստեղծել է իր վերջին արձաններից մեկը՝ ներքին մեծ էներգիայով հագեցած, իր բեկված ու այլափոխված լուծումներով՝ չափազանց նրբագեղ ու սլացիկ «Կիբեռնետիկայի մուսան» արձանը։

40 տարի առաջ ստեղծված «Կիբեռնետիկայի մուսան» իր կյանքի առաջին իսկ օրվանից սկսած տեղադրվեց Մերգելյանի անվան գիտահետազոտական ինստիտուտի բակում՝ ավետելով նոր գիտության արշալույսը։ Գիտությունը արվեստի պես բան է, որը պահանջում է ներշնչանք ու նվիրում: Իսկ նորածին գիտությունը, որը խորհրդային տարիներին հետապնդվում ու հակասովետական էր հռչակվում (ինչպես նաեւ՝ գենետիկան), արվեստի պես՝ պետք է իր մուսան ունենար: Եվ Քոչարը կերտեց այդ մուսան։ Ի դեպ, հիմա աշխարհում շատ ընդունված է գենետիկայի մեջ արվեստի գեղեցկություն նկատել։ ԴՆԹ-ի ստրուկտուրան ունեցող բազմաթիվ ճարտարապետական ֆորմաներ են ստեղծվում՝ արձաններ, կամուրջներ, թանգարանային համալիրներ։ Գենը, կարծես, վկայում է առեղծվածային կայունության մասին։ Առեղծվածը հնարավոր դարձավ վերծանել, սակայն այն չդադարեց առեղծված մնալ։ Տարիներ առաջ Քոչարը գեղեցկություն տեսավ մեխանիզմների անխափան աշխատանքի մեջ, եւ երկրային ու տիեզերական իդեաները խաչելով՝ արարեց մուսա։

«Կիբեռնետիկայի մուսան» ճկուն ու փխրուն ֆորմաների ու նորագույն գիտության միաձուլում է: Հանգիստ, թուլացած պոզայում կիսապառկած ու կարծես թե մեդիտացիայի մեջ հայտնված մուսան տեղ-տեղ պատված է շղարշով, իսկ տեղ-տեղ մարմնի միջից դուրս են սողոսկում մեխանիզմների բեկորները, լարերն ու ոլորապտույտ զսպանակները: Մուսան կամ նոր է մաշկ ձեռք բերում, կամ էլ դանդաղորեն քայքայվում ու մաշկափոխվում է։ Նրա կմախքանման մարմնից մնացել է հիմնական առանցքը, եւ այդ առանցքը շատ գեղեցիկ է: Դա խաղաղ, հանդարտ ու սեփական դերն ու նշանակությունը գիտակցող մի էակ է, որը կիսափակ աչքերով դեպի աստղերն է նայում, միաժամանակ՝ սուզված լինելով միայն իրեն հայտնի «լուռ» խոհերի մեջ։

«Հողը պահում է հազարավոր կմախքներ, երբ արդեն վաղուց անէության փոշում կորել է նրանց մսեղեն հագուստը, դա բնության իմաստուն ժառանգությունն է: Մայր հողը սովորեցնում է, որ կարեւորն ու մնայունը կմախքն է` հիմքը, իսկ մնացածը սին է ու կորնչական…»,- ասել է Քոչարը։

Նրա ստեղծած կիսաիրական, կիսաերեւակայական մուսան հենված է շատ կոնկրետ իրի` հայկական կարասի վրա, որից մեղմ շիթով ջուր է հոսում: Ջուրն ընդհանրապես Քոչարի սիրելի էլեմենտներից մեկն է, որը խորհրդանշում է կյանքը, կյանքի անվերջանալի հոսքն ու ինքնամաքրվելու հատկությունը: Հնից ծնվում է նորը։ Ծնվում է կյանքը, միտքը։ Վերջիվերջո` ապագան է ծնվում։ Կես դար առաջ կիբեռնետիկան ապագայի գիտություն էր, իսկ Մերգելյանի ինստիտուտը դիտարկվում էր որպես աշխույժ ու հեղափոխական գործով զբաղված մարդկանց աշխատավայր։ Հիմա այդպես չէ, հիմա ինստիտուտը մարդաշատ չէ, աշխատանքն էլ չի եռում։ Եվ մուսան լռել է։ Ու այդպես լուռ մնացել է արդեն մի քանի տասնամյակ՝ փակ մնալով հայաստանցիների համար։ Նրան լուսանկարելն անգամ բարդ գործ է, քանի որ պարսպապատ տարածքում տեղադրված արձանը շարունակում է ժամանակի ու տարածության մեջ բանտարկված մնալ։ Քաղաքը կարող է «Կիբեռնետիկայի մուսայի» համար ավելի հարմար ու պատշաճ տեղ գտնել, սակայն չի անում, եւ մուսան կամացուկ իր դարն է ապրում Երեւանի լուռ անկյուններից մեկում, որտեղ նրան չեն կարող դիպչել անցորդների հայացքները։ Մուսան զրկվել է երկխոսելու հնարավորությունից եւ ապրում է որպես պատմության թակարդում հայտնված «գերի»։ Իսկ դիալոգը շատ կարեւոր է եղել Երվանդ Քոչարի համար, ով վայրը, ֆորման, ֆակտուրան ու ֆոնը միշտ ամբողջական է դիտարկել, քանի որ ամբողջականության մեջ են երեւում նեյտրոնները, ատոմներն ու ջրի կաթիլները։ Պետք է նշել, որ այսօրվա վիճակում հայտնված «Կիբեռնետիկայի մուսան» «Սասունցի Դավթի» նման ջրազուրկ է։

Քոչարն ասել է. «Եթե փողային օրկեստրը հրապարակում հիանալի է հնչում, ապա նույն օրկեստրն ու նույն երաժշտությունն անտանելի է փոքր սենյակում: Արվեստի գործը չի կարելի տեղից ու ժամանակից կտրել ու դիտել վերացականորեն… Վերացական արվեստ չկա, արվեստը միշտ կոնկրետ է, ուրիշ կերպ չի կարող լինել»։

Հիմա «Կիբեռնետիկայի մուսան», որն իր բովանդակությամբ մեծ օրկեստրի համար նախատեսված սիմֆոնիկ գործ է, վերացական է դիտվում, քանի որ սխալ միջավայրում է տեղադրված ու չի կարող շփվել, զրուցել ողջերի հետ։ Այսինքն՝ չի կարող «հնչել» կիսամեռ ինստիտուտի բակում։

Արվեստը (նաեւ գիտությունը) մեր օրերում կմախքանման ֆորմա է ստացել։ Այն կա, բայց միեւնույն ժամանակ չկա։ Այսինքն՝ կարեւոր չէ, թե արվեստն ինչպե՞ս է հնչում, ինչպե՞ս է երկխոսում մեզ հետ, կարեւորը, որ նրա գոյության մասին հայտարարվում է։ Արվեստն ընկալվում է որպես նշանակովի, հայտարարովի մի միջոցառում։ Այդպես է աշխատում տոտալիտար համակարգը, որը վանում է ինքնաբուխ ծնված հանճարեղ գաղափարներն ու ֆորմաները՝ փոխարինելով դրանք կասկածի տեղ չթողնող գաղափարներով ու ֆորմաներով։ Ներքին ազատության հսկայական պաշար ունեցող, բայց միեւնույն ժամանակ՝ շատ զգույշ ու նրբանկատ Երվանդ Քոչարն ասել է. «Արվեստի ստեղծագործությունը անդրադարձումի, արձագանքի պետք ունի, հակառակ դեպքում կլինի բացականչություն, այլ ոչ թե երաժշտություն…»։

Երբ մի քանի տարի առաջ Մոսկովյան փողոցի ու Մաշտոցի հատման վայրում գտնվող տարածքում արձան տեղադրելու մասին խոսք գնաց, շատերի մոտ ցանկություն եղավ այդ վայրում տեղադրել «Կիբեռնետիկայի մուսան»։ Դա շատ տրամաբանական որոշում կլիներ. ետեւում Քոչարի տուն-թանգարանն է, իսկ առջեւում՝ մարդաշատ խաչմերուկը։ Սակայն քաղաքը որոշեց, որ Քոչարն այդքան սպասել է, կարող է էլի սպասել, եւ այդ վայրում տեղադրեց Սարոյանի անհրապույր արձանը, մի գործ, որը, մեղմ ասած՝ իսպառ զուրկ է ֆորմաների ու ծավալների խաղից։ Եվ այդ պատճառով էլ անբովանդակալից է։

Քոչարն ասել է. «Ինձ համար ձեւը սոսկ կեղեւ է, որից այն կողմ պետք է տեսնել ներքին կառուցվածքը, ներքին շարժումը, մտքի ստվերը… Արվեստագետի համար ստվերը նույնքան նյութական է, որքան առարկան. դրանք հավասարապես նկարչական օբյեկտներ են»։ Իսկ նրա կերտած «Կիբեռնետիկայի մուսան» ոչ միայն տարբեր ռակուրսներից տարբեր կերպ է բացահայտվում դիտողի առջեւ, այլեւ օրիգինալ ստվերային հետք է թողնում: Պետք է հաշվի առնել նաեւ, որ արձանի ցանցային ֆակտուրան տարբեր կերպ է նաեւ արեւի ճառագայթների թողունակությունն ապահովում: Եվ հենց դրա շնորհիվ այդ արձանը հիանալի կդիտվի կլոր հրապարակներում ու շուրջբոլորը կլցնի իր էներգիայով։

Այդ արձանի ապագա ճակատագիրը անհայտ է։ Միգուցե ճիշտ է թողնել այն նույն վայրում ու սպասել այն պահին, երբ քաղաքն ինքը կհասունանա ու կհասնի Քոչարին, որը միշտ իր ժամանակից ու ժամանակակիցներից առաջ է ընկել։ Սակայն մուսան է ափսոս։ Ճիշտ կլինի ասել` մենք ենք ափսոս, քանի որ անմուսա ենք մնացել։

Ի դեպ՝ Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը վստահ է, որ «Կիբեռնետիկայի մուսան» ազատագրել է հարկավոր։ Նա գտնում է, որ նորակառույց Հյուսիսային պողոտան կարող է այդ հանճարեղ արձանի երկրորդ տունը դառնալ։ Քոչարն ասել է. «Իսկական արվեստագետի համար շատ կարեւոր է գոնե մի քիչ մարգարե լինել՝ այսօրվա մեջ տեսնել վաղը, հասկանալ՝ ինչ է ստեղծում, ում է ծառայում, ինչին է խոնարհվում»։ Նա գիտեր, որ այդ հարցերի շարանը մարդուն մարդ է դարձնում, եւ մարդու արարած արվեստը նմանեցնում էր գինուն. «Որքան երկար է այն պահվում նկուղներում ու հնանում, այնքան ուժեղ է ու հարգի»։

Քոչարն իրապես մեր պայթյունավտանգ հայելին է, որի մեջ նայել բնազդաբար վախենում ենք։