Համակարգիչը պետք է ճիշտ ընտրել

12/05/2010

Վերջին տարիներին համակարգիչը մասնագետներին անհրաժեշտ սարքից վերածվել է պարտադիր պայմանի: Մարդկությունն իր ողջ պատմության ընթացքում դեռեւս նման ծանրաբեռնվածություն չի կրել իր վրա, ինչպես համակարգչի հետ աշխատանքն է: Պետք է մտածել, թե ինչպես ճիշտ ընտրենք համակարգիչը եւ աշխատանքային ծրագրերը, որպեսզի չվնասենք առողջությունը: Հաճախ ենք լսում, որ պետք է գնել մեծ հիշողությամբ ու հզորությամբ անգերազանցելի պրոցեսոր: Բայց դա այնքան էլ այդպես չէ: Պետք է այն համապատասխանի լուծելիք խնդրին: Չարժե վճարել այնպիսի ֆունկցիաների համար, որը դուք չեք էլ օգտագործելու: Իսկ ահա մոնիտորի ու համակարգչային սեղանի վրա չարժե խնայել: Հենց դրանք են ավելի շատ ազդում առողջության վրա: Պետք է գնել ամենալավ մոնիտորը, եթե նույնիսկ պատրաստվում եք աշխատել միայն տեքստերի վրա: Շատ կարեւոր է կարգավորել համակարգչով աշխատելու տեղը` սեղանը, աթոռն ու լուսավորությունը: