«Թատրոնից աղքատության հոտ չպետք է գա»

27/09/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Այս թատրոնում իրենց բեմական մկրտությունն են ստացել թատերական բազմաթիվ
ճանաչված գործիչներ՝ Երվանդ Ղազանչյանը, Ռաֆայել Քոթանջյանը: Կապանի
հանդիսատեսը վայելել է նաեւ Մհեր Մկրտչյանի, Գալյա Նովենցի, Գուրգեն
Ղարիբյանի խաղերը: «Մհեր Մկրտչյանը գավառական այլ թատրոններում էլ էր
խաղացել եւ երբ ուզում էր ֆիլմ նկարել՝ «Պաղտասար աղբարը», երեք դերասան
էր ընտրել շրջանային թատրոններից, որոնցից երկուսը մեր թատրոնից էին,-
պատմում է Կապանի թատրոնի դերասան Արտավազդ Սահակյանը,- թատրոնի այժմյան
գեղարվեստական ղեկավար Վազգեն Սարգսյանին` Օգսենի դերի, իսկ տնօրեն Կամո
Արզումանյանին Փայլակի դերի համար էր նախատեսել»:

«Ես թատրոնի երկրորդ սերունդն եմ, հայրս հիմնադիրներից է եղել, տղաս էլ է
դերասան»,- ասում է թատրոնի գեղարվեստական ղեկավար Վազգեն Սարգսյանը:
Թատրոնն այս տարի 70 տարեկան է դառնում: Սակայն Կապանի թատերական երրորդ
սերունդը 70-ամյա հոբելյանը դիմավորում է կենվորի կարգավիճակում:
Հանրապետությունում այսչափ լավ համբավ ունեցող թատրոնը երբեւէ սեփական
շենք չի ունեցել: «Մեր ամենամեծ խնդիրը դա է,- ասում են,- համ էլ մի տեսակ
ամոթ է, որ այսպիսի պատմություն ունեցող թատրոնը մինչեւ հիմա սեփական շենք
չունի»: Դիմել են հանրապետության նախագահին, նամակն անարձագանք չի մնացել,
հատկացրել են նախկին կինոթատրոնի կիսավեր շենքը: «Այնտեղ սակայն անհնար է
որեւէ բան բեմադրել՝ ոչ բեմ կա, ոչ վարագույր, մի կերպ շարժական բեմ ենք
հարմարացրել, լուսային, ձայնային պայմաններն են շատ վատ»,- պատմում են:
Քաղաքաշինության նախարարությանը հանձնարարվել է վերակառուցել շենքը:
Խոստացել են եկող տարի ավարտել: Թեեւ հայտնի չէ՝ խոստումը նշված ժամկետում
կկատարվի՞, թե՞ ոչ, այնուամենայնիվ, թատրոնը սեփական բեմ ունենալու
հեռանկարից ոգեւորված արդեն նոր ծրագրեր է կազմել: Բազմաթիվ նոր
ներկայացումներ են նախատեսում, կվերականգնեն նաեւ Շիրվանզադեի «Պատվի
համար» ներկայացումը: Շիրվանզադեից խաղացանկում այժմ մի ներկայացում կա
միայն՝ «Չար ոգին»: «Ամոթ է, որ Շիրվանզադեի անունը կրող թատրոնն այդ
գրողից ներկայացում չունենա,- ասում են,- բացի այդ՝ տարբեր տարիների
թատրոնի խաղացանկում եղել է «Պատվի համար»-ը, գոնե դա վերականգնենք, հետո
ներկայացման համար լավ դերասաններ ունենք, նրանց պետք է օգտագործել»:

Թատրոնի խաղացանկում այժմ 12 ներկայացում կա: Պետությունն ամեն տարի մեկ
ներկայացում բեմադրելու հնարավորություն է տալիս: «Սակայն մեկ
ներկայացմամբ խաղացանկ չես պահի,- ասում է Վ.Սարգսյանը,- թատրոնն այսօր մի
կերպ է գոյատեւում, մենք անընդհատ դեկորացիաներ ենք վերամշակում,
վերաձեւում. աղքատության հոտն ամենուր է, իսկ թատրոնն աղքատություն չի
սիրում»: Թատրոնի միակ հարստությունը ստեղծագործական կազմն է:
«Հանրապետությունում հայտնի տաղանդավոր դերասաններ ունենք»,- ասում է Վ.
Սարգսյանը: Անցյալ տարի թատրոնի 6 դերասաններ աչքի են ընկել «Հայֆեստ»
փառատոնում: Վազգեն Սարգսյանն ինքը 2003 թվականին արժանացել է Հայաստանի
Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին: «Սակայն բոլորովին
անտեսված ենք»,- բողոքում են: «Երեւանից դուրս հրաշալի դերասաններ կան՝
Հակոբ Ազիզյանը` Լոռիում, Խաչիկ Հարությունյան կա Արցախում, Արտաշատում
կան լավ դերասաններ,- թվարկում է Արտավազդ Սահակյանը,- սակայն նրանց մասին
ո՞վ գիտե: Հեռուստատեսությամբ միշտ նույն դեմքերն են, նույն անալի
հումորը, արդեն հոգնեցնող է, ինչո՞ւ մի քիչ էլ շրջաններին ուշադրություն
չեն դարձնում, այստեղ ավելի հետաքրքիր տղերք կան, բոլորն անուշադրության
են մատնված: Լավագույն դեպքում, եթե քեզ նման մեկի մտքով անցնի, տարին մի
անգամ կարող է անցնելուց մտնեն-հարցնեն, կամ կոնֆերանս եթե լինի, կարող է
մեզ հիշեն, եթե չլինի՝ ոչ մեկի պետքը չենք»:

Թատրոնի առաջատար դերասանը ստանում է 20.000 դրամ աշխատավարձ:
«Մայրաքաղաքում մեկ դերասանը կարող է միանգամից մի քանի թատրոնների հետ
պայմանագիր կնքել ու խաղալ, այստեղ մի թատրոն է, դերասանի հույսն իր
աշխատավարձն ու այն չնչին հնարավորություններն են, որ թատրոնը կարող է
նրան ընձեռել, իսկ դրանք միջոց չեն ապրելու համար»,- բողոքում է
Վ.Սարգսյանը: «Սահմանային գոտու թատրոններին թերեւս շատ ավելի
հոգատարություն է պետք,- շարունակում է թատրոնի գեղարվեստական ղեկավարը,-
չմոռանանք նաեւ՝ այսօր այնպիսի ժամանակահատվածում ենք ապրում, որը
մարդկային շատ հոգիներ փշրեց, նրանց հոգեւոր վերածննդի, վերափոխման,
մտածելակերպի առողջացման մասին էլ թատրոնը պետք է հոգա, պետք է օգնի
մարդկանց` ինչ-որ չափով բուժել վերքերը»:

 Այս թատրոնի հույսին է ողջ Սյունիքի մարզը: «Չի կարելի ասել, թե
մենք հանդիսատես չունենք, պարզապես նրանք շատ են բազմաշերտ,- ասում է Վ.
Սարգսյանը,- պատերազմի ժամանակ նոր-նոր դպրոց հաճախող սերունդն այսօր չի
կարող գալ Շեքսպիր նայել, նա չի ընկալի, նրա ներվը չի դիմանա, մենք
անգրագետ սերունդ տվեցինք այս ժամանակամիջոցում, իսկ ինտելեկտուալները,
ովքեր Կապանում, փառք Աստծո, քիչ չեն, բնականաբար, չեն նայի այն, ինչ
ընդհանուր մասսան է գերադասում, նրանց համար այլ ներկայացում պետք է
դրվի»: Եվ քանի որ մեր թատրոնը նույնիսկ մայրաքաղաքում այնքան հարուստ չի,
որ կարողանա բավարարել բազմաշերտ հանդիսատեսին, ուստի գավառական
թատրոններին կմնա միայն երազելը՝ որքան էլ որ նրանք պրոֆեսիոնալ լինեն: Եվ
որքան պրոֆեսիոնալ են նրանք, այդքան ծանր է նրանց վիճակը գավառում: