Հնարավոր չէ

11/05/2010

Հայ-թուրքական սահմանը փակ է ղարաբաղյան հիմնախնդրի պատճառով, եւ հարկ է հիշել, թե ինչու է այդ սահմանը փակվել: Այս մասին երեկ հայտարարել է Մոսկվայում Թուրքիայի դեսպան Հալիլ Աքընջին: Հարցին, թե ինչպե՞ս է Ռուսաստանը վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, թուրք դիվանագետը պատասխանել է. «ՌԴ-ն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ սահմանների բացմանը: Սակայն, միեւնույն ժամանակ, հայտարարում է, թե ղարաբաղյան հիմնախնդիրը եւ Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները միմյանցից անկախ գործընթացներ են: Այդ մասին հայտարարում են նաեւ Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները: Սակայն մյուս կողմից՝ մենք, հաշվի առնելով Ադրբեջանի հետ սերտ հարաբերությունները, ուղղակի ստիպված ենք հաշվի առնել ղարաբաղյան հիմնախնդիրը: Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է Լեռնային Ղարաբաղի պատճառով: Իսկ մի՞թե հնարավոր է բացել սահմանը` առանց այդ հիմնախնդրում առաջընթացի գրանցման: Պետք է հիշել` ինչի համար է փակվել սահմանը»: Նա անդրադարձել է նաեւ ՀՀ իշխանությունների կողմից արձանագրությունների վավերացումը խորհրդարանում առկախելու մասին որոշմանը` ասելով. «Արձանագրություններն առկախվեցին, սակայն կողմերից եւ ոչ մեկն իր ստորագրությունը հետ չվերցրեց: Քաղաքական համապատասխան մթնոլորտի ձեւավորման դեպքում հնարավոր է գործընթացը վերսկսվի»: