Նամակ է գրել

11/05/2010

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում ասվում է. «Ապրիլի 27-ին ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվել է «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Համաձայն ՀՀ նախագահի 2007թ. հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 42-րդ կետի` մարդու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող օրենքների նախագծերը նախքան կառավարություն ներկայացնելն ուղարկվում են ՄԻՊ-ին` կարծիքի: Վերոնշյալ նախագիծն անմիջականորեն վերաբերում է մարդու հիմնարար իրավունքներին եւ ազատություններին` աշխատանքի ընտրության ազատությանն ու աշխատանքային իրավունքների ու ազատությունների երաշխիքներին, սակայն չի ներկայացվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին` կարծիքի: Խնդրում եմ միջոցներ ձեռնարկել, որպեսզի նախագծի երկրորդ ընթերցումը ԱԺ-ում տեղի ունենա սույն թվականի հունիս ամսից ոչ շուտ, ինչը հնարավոր կդարձնի մեր կողմից նախագծի վերաբերյալ դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնելը»: