Բռնություն են գործադրել

11/05/2010

Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը երեկ հայտարարություն է տարածել` պնդելով, թե ապրիլի 30-ին Վահագն Չախալյանի նկատմամբ բռնություն է գործադրվել: «Ապրիլի 30-ին Վ. Չախալյանի նկատմամբ բռնություն է գործադրվել Վրաստանի Ռուսթավի քրեակատարողական հիմնարկի պահակախմբի կողմից: Ընտանիքի անդամների հետ տեսակցությունից հետո, երբ նրան ուղեկցում էին բանտախուց, պահակախմբի աշխատակիցները հարձակվեցին նրա վրա` հարվածներ հասցնելով իրանին եւ դեմքին: Սա երկրորդ անգամ է, երբ Վ. Չախալյանի նկատմամբ բռնություն է գործադրվում վրացական բանտում»: Ըստ հայտարարության հեղինակների` այս միջադեպը ուղղակիորեն կապված է մայիսի 30-ի Վրաստանում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ: «Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը, խստորեն դատապարտելով տեղի ունեցածը, կոչ է անում միջազգային կազմակերպություններին՝ համապատասխան գնահատական տալ վրացական իշխանությունների այս խայտառակ քայլին, որով նրանք հերթական անգամ ցինիկաբար ոտնահարում են կտտանքների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կանխարգելման ուղղությամբ իրենց ստանձնած բոլոր միջազգային պարտավորությունները: Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը վերահաստատում է Վ. Չախալյանի ազատ արձակման համար պայքարելու իր վճռականությունը»: