Լեզվակռիվ

11/05/2010

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի մամլո ասուլիսը վերածվել է լեզվակռվի: Պատճառը` Կրթության եւ գիտության նախարարության կողմից ասպիրանտուրայի եւ մագիստրատուրայի տեղերը 50 տոկոսով կրճատելու որոշումն էր: Ավագյանի պնդմամբ` իր մրցունակ ուսանողները կարող են ընդունվել ասպիրանտուրա եւ որեւէ խնդիր չեն ունենա` ասելով. «Չափանիշ առաջարկեք, խստացրեք: Գնացեք, նստեք, տեսեք ո՞նց է անցնում, ոչ թե նստեք ձեր սենյակներում եւ ասեք, թե կոռուպցիոն ռիսկերը շատ մեծ են»,- ասաց Կ. Ավագյանը` պատասխանելով իր գործընկերոջ դիտարկմանը, թե կրթական համակարգում տարածված է կաշառակերությունը:

Ս. Սաֆարյանը հանրապետականներին մեղադրեց երկիրն այսպիսի վիճակի հասցնելու համար, որտեղ բանակի հույսը մնացել են 10, 20, 100 կամ 200 ասպիրանտները: Դրանից հետո Կարեն Ավագյանը Ստեփան Սաֆարյանին անվանեց «կարիերիստ», եւ հավելեց, թե բանակում ծառայելը շատ օգտակար է եւ շատ ավելի ճիշտ կլինի, որ երիտասարդները բանակում իրենց սահմանադրական պարտքը կատարելուց հետո շարունակեն գիտությամբ զբաղվել: «Ինչո՞ւ չեք վերացնում ձեր թերությունները»,- ասաց Ստեփան Սաֆարյանը, ինչին հետեւեց Ավագյանի պատասխանը. «Ես ընդամենը բժիշկ եմ, պարոն Սաֆարյան, բժիշկ»: «Այո, մեռելների»,- շեշտեց Սաֆարյանը: «Ցավոք սրտի, քեզ չեմ կարող բուժել, դու հետմահու ես հայտնվելու…»,- արձագանքեց մասնագիտությամբ դատաբժիշկ, ՀՀԿ-ական Ավագյանը: