Բայքալը հրաժարական տվեց

11/05/2010

Երեկ հրաժարական է տվել Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ թուրքական «Vakit» թերթի համացանցային տարբերակում հեռարձակվել էր Դենիզ Բայքալի եւ նույն կուսակցության անդամ, կին պատգամավոր Նեսրին Բայթոքի միջեւ սեռական հարաբերությունների տեսագրությունը, որ նկարահանվել էր թաքնված տեսախցիկով: Դենիզ Բայքալն իր հրաժարականի առնչությամբ հայտարարել է, որ դրա պատճառն իր դեմ կազմակերպված դավադրությունն է:

«Այդ դավադրությունը կազմակերպվել է վերջին երկու շաբաթվա ընթացքում եւ դրվել շրջանառության մեջ: Ես անձնատուր չեմ լինի այդ կեղտոտ արշավին եւ անբարոյական դավադրությանը: Եթե դրա գինը Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավարի պաշտոնից իմ հրաժարականն է, ապա ես պատրաստ եմ վճարել դա»,- հայտարարել է նա: