Ակրամ Խանի հիպնոսացնող պարը

27/09/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Գրեթե ողջ 20-րդ դարում Եվրոպան Արեւելքում բարձագույն իմաստնություն
եւ նոր արտահայտչամիջոցներ էր որոնում։ Վեհ եւ ինքնաբավ արեւելյան
մշակույթն արվեստի յուրաքանչյուր ճյուղին խորհրդավոր իմաստ է հաղորդում։
Անգլիայում ծնված, ազգությամբ բանգլադեշցի պարող եւ խորեոգրաֆ Ակրամ Խանը՝
դասական բալետը ուսումնասիրելուց հետո, հայացքն ուղղել է հնդկական պարային
ուղղությանը՝ կատակին։ Խանը ստեղծել է իր պարային խումբը, որի
ներկայացումները շրջում են ողջ աշխարհում եւ հիացնում դասական բալետային
եղանակներով հագեցած եվրոպացիներին։

Բազմաթիվ փառատոների մասնակցած, տարբեր պարգեւների արժանացած այս խումբը
Բրիտանական խորհրդի հրավերով երկու օր հանդես եկավ Երեւանում։ Ակրամ Խանի
«Ma» ներկայացումը տեսած հայ հանդիսատեսը հիացած էր։ «Ma»-ն ոչ իսկական
հնդկական կատակ է, ոչ էլ դասական եվրոպական բալետ։ «Ma»-ն սինթեզ է, երկու
մշակույթների խառնուրդ, կատակի բացահայտում։

Կատակը հնդկական ծիսական պար է, որը թարգմանաբար նշանակում է՝ «պատմել
պատմություն»։ Ակրամ Խանը պատմում է իր պատմությունը՝ օգտագործելով եւ
շարժումը, եւ խոսքը։ Կենդանի երաժշտությունը եւ խոսքը այս պարային
ներկայացման անբաժանելի մասն են։ Կատակը երկխոսություն է պարի եւ
երաժշտության միջեւ։ «Ma» ներկայացման մեջ` երկխոսություն է նաեւ Արեւելքի
եւ Արեւմուտքի միջեւ։ Աջից անգլուհի թավջութակահարուհին է, ձախից՝
պակիստանցի պերկուսիոնիստն իր էկզոտիկ հարվածային գործիքներով։ Ֆլեյտա եւ
արեւելյան թմբուկներ։ Դանդաղ, ձգվող, մեդիտացիոն մեղեդիները հորդորում են
պարողներին, արագություն հավաքելով՝ ստիպում են արագացնել պարի տեմպն ու
բարդացնել շարժումները։ Պարը անկանխատեսելի է, սիմետրիան կառուցվում եւ
անընդհատ խախտվում է, շարժումները հոսում են մի պարողից մյուսը։ Պարի
էստաֆետը մեկմեկու փոխանցելով, պարողները կարծես նախշեր են հյուսում,
պատմում իրենց վիճակը։ Պարի հզոր էներգետիկան եւ լուսարձակների սառը ու
«ցրված» լույսը լիցքավորում է հանդիսատեսին։ Մերթ մոնոտոն, մերթ
խելապտույտ պարը գրեթե հիպնոսացնում է։ Հարցազրույցներից մեկում Ակրամ
Խանն ասել է. «Կատակը յուրահատուկ պարային լեզու է։ Հանդիսատեսին չի
պարտադրում վերլուծություններ անել եւ գործի դնել բանականությունը։
Հանդիսատեսը պետք է զգա»։ Թուլացած մարմինները նմանվում են քամուց
տարուբերվող մետաքսների, եւ հանկարծ վերակերպվում-դառնում են ձգված
երկաթյա լարեր, որոնք կարծես մեկ ավել պտույտ անելուց հետո կարող են
ուղղակի կտրվել։ Պարը նախշ է, պարային տարրերում կան եւ կոբրաների
օձագալար շարժումներ, եւ կապկանման թռիչքներ, եւ մարտարվեստի շարժումներ։
Պարն ընդհատվում է, Խանը պատմում է իր մանկության մասին։ Այն մասին, որ
մայրը հաճախ իրեն տարել է հարազատ գյուղ, որ մեծահասակները երբեք ժամանակ
չեն գտել իր մանկական, հիմար հարցերին պատասխանելու համար։ Եվ նա,
ստիպված, ականջը հողին է դրել, սպասելով, որ իրեն կպատասխանի Մայր հողը։
«Ma»-ն մայրն է, աստվածային ուժ ունեցող հողը։ Սակայն հողն էլ է լռել, եւ
համառ տղան շարունակել է իր հարցերի տարափը։ Պարողները հաճախ հատակին
(հողին) էին հպվում, սահելով բեմահարթակով, կարծես ցանկանում էին ձուլվել
հողի հետ։ Կամ էլ` քարանալով շատ անհարմար դիրքերում, ծառերի էին նմանվում
եւ պատմում մեկ այլ պատմություն։ Փոքրիկ աղջկա մասին, ով փոքրիկ տուն
ուներ, որի առաջ փոքրիկ այգի կար։ Աղջիկը մեծացավ, ամուսնացավ եւ
հասկացավ, որ անպտուղ է։ Խնդրեց Աստծուն` իրեն երեխա պարգեւել, սակայն
Աստված նրան ծառեր տվեց, եւ այդ բաոբաբները դարձան երիտասարդ կնոջ
երեխաները։ Եվ կինը սկսեց սիրել այդ ծառերի յուրաքանչյուր տերեւը։
Այլաբանական այս պատմությունը վերափոխվում է սրընթաց պարի։ Միանման
դարչնագույն զգեստներ հագած պարողները՝ հետեւելով շուտասելուկ հիշեցնող
երգին, խելահեղ եւ գիշատիչ պար են պարում։ Ակրամ Խանը Երեւանում ասել է,
որ իր ներկայացումը «պարզության եւ քաոսի եզրին է»։ Եվ այդ երկու
բեւեռները մի կյանքում միշտ առկա են։

Անգլիական «Akram Khan Company» պարախմբի անդամների պկնթարթային մարմնական
ռեակցիաները՝ հյուսվելով լուսարձակների բեմականացված լույսի եւ մեդիտացիոն
երաժշտության հետ, անմոռանալի տպավորություն են թողնում։ Սա շատ
ժամանակակից ներկայացում է, որը, սակայն, հնագույն արվեստի ոգի ունի։ Սա
ժամանակակից ծես է, որի մասնակիցը դառնալով՝ հանդիսատեսը հաստատ մի նոր
բան է բացահայտում իր ոգում, կամ էլ՝ ոգում պարզություն գտնում։ Էներգետիկ
լիցք է ստանում։ Նշենք, որ Ակրամ Խանը հայտնի ռեժիսոր Պիտեր Բրուկից
«Համլետի» նոր կինոտարբերակում նկարահանվելու հրավեր է ստացել։