Քոչարյանի վերադարձի վտանգ չի տեսնում

11/05/2010

Շուշիի ազատագրման 18-րդ տարեդարձի առիթով Ռոբերտ Քոչարյանի այցը Արցախ` Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին հիմք է տալիս ասել, որ Քոչարյանը առիթ եւ ջանք չի խնայում իշխանության վերադառնալու համար: «Այդ գործչի իշխանատենչության հիվանդագին մարմաջը որեւէ մեկի համար նորություն չէ: Նրա այցը ԼՂՀ եւ նախօրեին կատարած նրա հրապարակային քայլերը մեկ բանի վկայություն է` նա ցանկանում է վերակենդանանալ»,- «Ա1+»-ին ասել է Սէֆիլյանը: Սակայն, ըստ նրա` այլ հարց է` դա Ռ. Քոչարյանին կհաջողվի՞, թե՞ ոչ: «Ես համոզված եմ, որ գերտերությունները չեն ցանկանում Քոչարյանին օգտագործել եւ ապահովել նրա վերադարձը: Աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնները համոզված են, որ Քոչարյանն իր ժողովրդի մոտ ունի ոճրագործի համբավ: Նա ինքն է իրեն առաջարկում: Միաժամանակ ես վստահ եմ, որ նա չի համարձակվի հրապարակային հակադրվել Սերժ Սարգսյանին, քանի որ դա կլինի նրա վերջը»,- ասել է նա:

Ի պատասխան «Ա1+»-ի դիտարկման` մինչ Ռ. Քոչարյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԲՀԿ անդամների ԼՂՀ այցելելը լուրեր էին պտտվում, թե այցի հիմնական առիթը ոչ թե Շուշիի ազատագրման տոնակատարությանը մասնակցելն է, այլ այն, որ Ռ.Քոչարյանն ու իր համակիրները ԼՂ հարցում ցանկանում են ոտքի կանգնեցնել ԼՂ բնակչությանը, Ժ. Սէֆիլյանն ասել է. «Եթե ԼՂՀ-ում Քոչարյանն այդ թեման շոշափած լիներ, ապա որեւէ մեկը չէր համարձակվի «Հ1»-ով եթեր հեռարձակել Քոչարյանի այցը: Քոչարյանը շատ լավ գիտի, թե ինչ կարգավիճակում են կրիմինալ հարուստները բռնատիրական ռեժիմի օրոք: Նա այսօր կրիմինալ հարուստի կարգավիճակում է: Երբ ՀՀ նախագահի գրիչը ոչ թե իր մոտ է, այլ մեկ այլ անձի` Սերժ Սարգսյանի, նա ոչինչ չի կարող անել: Ես Քոչարյանի վերադարձի վտանգ չեմ տեսնում: Քանի որ նա հոգեպես հիվանդ է, պարզապես վերակենդանացման համար տարբեր հնարքներ է գտնում»:

Ինչ վերաբերում է ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հայտարարությանը, թե ՌԴ-ն կարող է կարգավորել եւ ԼՂ հիմնախնդիրը, եւ հայ-թուրքական հարաբերությունները, ապա` Սէֆիլյանն ասել է. «Շատ վատ է, որ Թուրքիան եւ ՌԴ-ն քննարկում են մի հարց, որը մեզ է վերաբերում»: