Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց իր այն հայտարարությունը, թե կուսակցությունները վերածվել են աշխատանքի տեղավորման բորսաների: «Խոսքս ուղղում եմ կոալիցիոն կուսակցությունների գործընկեր նախարարներին: Դուք ինձանից լավ գիտեք, թե ինչ թեկնածուներ են առաջարկում ձեզ, եւ դուք էլ ամեն գնով ուզում եք նրանց պետական կառավարման համակարգ մտցնել»,- ասաց Մ. Բադալյանը: Երեկ լրագրողները փորձեցին ճշտել, թե կոնկրետ ո՞ր կուսակցության ղեկավարն է դիմել իրեն` քաղծառայողի պաշտոնին կուսակցական ընկերոջն աշխատանքի ընդունելու համար, եւ թե առավելապես ո՞ր կուսակցության ներկայացուցիչներից են աշխատանքի տեղավորման «դիմումները»: Սակայն Մ. Բադալյանն այդպես էլ որեւէ անուն չհնչեցրեց: Ի պատասխան, նա ասաց, թե իշխող կոալիցիա կազմող բոլոր կուսակցությունների ղեկավարներն ու այլ պաշտոնատար անձինք էլ նման խնդրանքով դիմել են իրեն: «Չեմ չափել՝ որն է ավելի շատ: Կոալիցիոն կուսակցություններն ունեն ներկայացուցիչներ գործադիրում, եւ ես, ցավոք, նկատում եմ, որ յուրաքանչյուրը գերակա խնդիր է համարում իր կուսակցության անդամներին ներգրավել ոչ այնքան իրենց ցանկությամբ, ինչքան` կուսակցությունների ղեկավարների հանձնարարականով»,- ասաց Մ. Բադալյանն ու ավելացրեց, թե «զանգել-խնդրել ու միջնորդելը միշտ էլ եղել եւ լինելու է, բայց գոնե պետք է առաջնորդվել տարրական այնպիսի նորմերով, որ նման միջնորդությունները չարվեն ի վնաս համակարգի»: Մ. Բադալյանն, անշուշտ, նկատի ուներ քաղծառայության համակարգում այս կամ այն կուսակցության կողմից առաջադրված ոչ պրոֆեսիոնալ մասնագետների առկայության խնդիրը. «Մենք չենք ունենալու որակյալ հանրային ծառայություն այնքան ժամանակ, քանի դեռ չունենք որակյալ հանրային ծառայողներ»: Նա գտնում է, որ խնդիրը կլուծվի այն դեպքում, եթե օրենքում ամրագրվի, որ պետական ծառայողները կուսակցական պատկանելություն չպետք է ունենան: Մ. Բադալյանն անդրադարձավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությանը, թե առաջիկա ամիսներին նախարարություններում առկա ավելորդ աշխատատեղերը կրճատվելու են: «Որ նախարարություններում բալաստ կա, ես չեմ հերքում, եւ կրճատումները պետք է տեղի ունենան այնպես, որ հեռացվի հենց այդ բալաստը, ոչ թե որակյալ մասնագետները»,- ասաց նա:
Իսկ Քաղծառայության խորհուրդն անկա՞խ է իր գործունեության մեջ եւ նախագահի կամ այլ պաշտոնյաների կողմից ճնշումների չի՞ ենթարկվում` հարցին ի պատասխան, Մ. Բադալյանն ասաց. «Նման բան չկա, քանի որ երկրի քաղաքական ղեկավարությունը ցանկանում է, որ քաղծառայության համակարգը կայանա եւ զարգանա, ու պետական համակարգում աշխատեն միայն պրոֆեսիոնալներ»: