– Շատ ուրախալի եւ հաճելի է տեսնել Ձեզ Ռուսաստանի եւ հետխորհրդային երկրների համար շատ կարեւոր այս տոնի` Մեծ Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ իրականացվող տոնակատարությունների առիթով այստեղ` Մոսկվայում: Ինչո՞ւ որոշեցիք այցելել Մոսկվա եւ մասնակցել տոնակատարություններին, եւ ի՞նչ նշանակություն ունի Մայիսի 9-ը Ձեզ համար։
– Հաղթանակի օրը լուսավոր տոն է: Ինքս պատկանում եմ այն հետպատերազմյան սերնդին, որն անմիջականորեն իր վրա չի զգացել պատերազմի դառնությունը, սակայն իմ մանկությունն անցել է այն տարիներին, երբ դեռ շատ թարմ էին վերքերը, երբ շատ էին սեւազգեստ կանայք, երբ ողջ ու առողջ էին իսկական հերոսները: Դրանք այն տարիներն էին, երբ իմ փոքր հայրենիքում` Լեռնային Ղարաբաղում, արագ տեմպերով կառուցվում էին Մեծ Հայրենականում զոհվածներին նվիրված հուշակոթողներ: Մենք տարին մի քանի անգամ այցելում էինք զոհված ղարաբաղցիների հուշարձաններին, հանդիպում էինք վետերանների հետ, եւ այնտեղ առաջին անգամ ես հասկացա, որ պետք է պաշտպանել հայրենիքը, որ հայրենիքի պաշտպանությունը նշանակում է` պաշտպանել ընտանիքդ, արժանապատվությունդ, երեխաներիդ ապագան, եւ որ, ցավոք սրտի, այդ պաշտպանությունը զոհեր է պահանջում: Եվ հենց այդտեղ առաջին անգամ, ինձ մոտ հարցեր առաջացան, թե ինչո՞ւ են ժողովուրդները կռվում միմյանց դեմ, ինչո՞ւ են նույն ժողովրդի զավակները` նույն ժողովրդին տրամադրում մյուսների դեմ, ինչպե՞ս է լինում, որ կատարվում են այնպիսի հանցագործություններ, ինչպիսիք են էթնիկ զտումները, ցեղասպանությունները: Այդ պատճառով Մայիսի 9-ը ինձ համար եւ՛ տոն է, եւ՛ անցյալի մասին մտորումների օր:
– Թերեւս նաեւ այնպիսի մշտնջենական հարցի պատասխանի որոնման առիթ, թե ինչպես են մարդիկ դառնում թշնամիներ։
– Այո:
– Շա՞տ են այսօր Հայաստանում Մեծ Հայրենականի հերոսների պատվին կառուցված հուշակոթողները, եւ արդյո՞ք մարդիկ այցելում են այդպիսի տեղեր:
– Այո, իհարկե: Կոնկրետ մայիսի 9-ին բոլոր վետերանները Երեւանում այցելում են «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ գտնվում են Մայր Հայաստանի հուշարձանը, 2-րդ համաշխարհայինի թանգարանը եւ անմար կրակը` անհայտ զինվորի գերեզմանի վրա: Այնտեղ են գալիս հազարավոր երեւանցիներ, գալիս են տոնելու, ուրախանալու եւ ցուցադրելու իրենց խորը հարգանքը՝ առ այն մարդկանց, որոնք պաշտպանել են մեր պատիվն ու արժանապատվությունը:
– Մայիսի 9-ը նշելու ինչպիսի՞ առանձնահատուկ սովորույթներ ունի հայ ժողովուրդը:
– Ես կարծում եմ, ինչպես ամենուր, դա ընդգծված հարգանք է այդ մարդկանց հանդեպ: Իրականում այդ մարդիկ մեծ ջանքերի գնով հնարավոր դարձրեցին հայ ժողովրդի եւ ամբողջ Հայաստանի հետագա զարգացումը:
– Հայերն աչքի են ընկնում իրենց երկարակեցությամբ, հավանաբար, ձեզ մոտ վետերանները շատ են:
– Ցավոք, նրանց թիվը տարեցտարի պակասում է, այժմ Հայաստանում պատերազմի 3625 մասնակից կա:
– Արդյո՞ք պետությունն անում է ամեն ինչ վետերանների բարեկեցիկ կյանքն ապահովելու համար:
– Դժվար է ասել` ամեն ինչ, բայց մենք շատ բան ենք անում: Վերջինն, ինչ արել ենք, ընդունել ենք կառավարության որոշում` բոլոր վետերանների ավանդների վերադարձի մասին, որոնք նրանք կուտակել էին Խորհրդային տարիներին, շատերը, ցավոք սրտի, դեռ չեն ստացել: Սա՝ նյութական տեսանկյունից: Իսկ ընդհանուր առմամբ, իհարկե, այսօր, վաղը, գուցե 7-10 օրվա ընթացքում վետերանները մեզ մոտ կլինեն հատուկ ուշադրության կենտրոնում:
– Հայ զինվորականները մասնակցում են մոսկովյան շքերթին այս տարի: Ի՞նչ նշանակություն ունի դա հայ ժողովրդի համար եւ անձամբ Ձեզ համար:
– Ինձ համար, իհարկե, դա եւ՛ բարձր պատիվ է, եւ՛ պատասխանատվություն, եւ՛ երբեմնի միասնության խորհրդանիշ: Բացի այդ, մենք բոլորս գիտենք, որ հետպատերազմյան առաջին շքերթի ժամանակ Կարմիր հրապարակում մասնակցել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Ես հպարտանում եմ այն փաստով, որ Հատուկ գունդը ղեկավարել է բանակի գեներալ, հետագայում Մարշալ Բաղրամյանը, ինչը մեծ նշանակություն ունի ինձ համար:
– Խորհրդային Միության փլուզումից հետո, վերջին տարիներին, Հայաստանն այն ոչ շատ երկրներից էր, որտեղ չփորձեցին վերաշարադրել Մեծ Հայրենական պատերազմի պատմությունը եւ վիճարկել այն միասնությունը, որի մասին Դուք նշեցիք: Ինչո՞ւմն է ռուսների եւ հայերի այդպիսի միակամության պատճառը: Ինչո՞ւ Հայաստանում, չնայած ծանր տարիներին, չասացին` «իսկ սա այսպես չի եղել, այսպես է եղել»:
– Հայաստանը ծանրակշիռ ներդրում է ունեցել հաղթանակի գործում, հայերի շատ սերունդներ են դաստիարակվել Խորհրդային Միության 119 հերոսների եւ փառքի 3 աստիճանների 27 ասպետների օրինակով: Պատահական չէ, որ իմ այցը Մոսկվա սկսել եմ հայ ժողովրդի հանրահայտ զորավարներ մարշալներ Բաղրամյանի, Բաբաջանյանի, Խուդյակովի եւ ծովակալ Իսակովի շիրիմներին ծաղկեպսակ դնելով: Այդ մեծ պատերազմին մասնակցել է հայերի այն սերունդը, որն իր մաշկի վրա էր զգացել 1915թ. Հայոց ցեղասպանության անմարդկային դաժանությունները: Եվ պատահական չէ, որ հայերը մարտնչել են ֆաշիզմի դեմ, ոչ միայն Խորհրդային բանակի շարքերում, այլ նաեւ հակահիտլերյան կոալիցիայի զորքերում: Մենք այն ժամանակ համարել ենք եւ ներկայում էլ համարում ենք, որ ֆաշիզմը գաղափարախոսություն է, որը բերում է մարդկանց բաժանմանը էթնիկական խմբերի եւ կարող է բերել ցեղասպանության, եւ որ, ընդհանրապես, այդպիսի գաղափարախոսությանն արդարացում չի կարող լինել եւ չի կարող արդարացում լինել դավաճաններին: Հիմա փորձում են արդարացնել այս կամ այն ղեկավարին, զորավարին կամ գաղափարաբանին: Մենք դա չենք հասկանում: Հնարավոր է՝ հենց այդ հաղթանակն, այնուամենայնիվ, թույլ տվեց Հայաստանին զարգանալ, եւ դա հավանաբար ոչ մեկին թույլ չի տալիս կասկածել հայերի իրավացիության մեջ: Եվ ընդհանրապես վրդովվեցնում է, երբ ոմանք փորձում են բացասական երանգներ գտնել հաղթանակին տանող գործողություններում: Իհարկե, մենք բոլորս կուզեինք, որ նախ` չլիներ պատերազմ, երկրորդ հերթին, որ այն լիներ առանց զոհերի: Իսկ ով գիտե, գուցե այդ պատերազմի հետեւանքներն ավելի ծանր լինեին: Այդ պատճառով, փառք Աստծուն, որ հաղթանակ եղավ, եւ հավերժ փառք նրանց, ովքեր իրենց գլուխը դրեցին այդ հաղթանակի համար:
– Ի՞նչ պետք է անեն այսօրվա սերունդը եւ այսօրվա առաջնորդները, որպեսզի արյունահեղությունները չկրկնվեն:
– Հիշել Երկրորդ համաշխարհայինի դասերը, հիշել, որ մարդկանց էթնիկ կամ ռասայական խմբերի բաժանումը միշտ հանգեցնում է վատ հետեւանքների: Հիշել, որ սեփական բարեկեցությունը չի կարելի կառուցել ուրիշների վշտի վրա, հիշել, որ յուրաքանչյուր ժողովուրդ իրավունք ունի ապրել եւ զարգանալ այնտեղ, որտեղ ապրել է հազարամյակներով, յուրաքանչյուր ժողովուրդ ինքը պետք է ընտրի այն ուղին, որով ցանկանում է առաջ ընթանալ: