Սեպտեմբերը՝ ծորացող գույներով

27/09/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Ցուցադրվեցին Վարդան Թովմասյանի թրթռուն գույներով պատկերված լիրիկական
կտավները, Վահան Ռումելյանի կրակից եւ պայքարից ծնված վառ աշխատանքները,
Կամո Նիգարյանի հեգնական եւ միեւնույն ժամանակ մանուկներին վախեցնող
էակներ հիշեցնող սարսափ-պատկերները, Արա Հայթայանի վիտրաժների նմանվող եւ
աշխարհը դանդաղ զննող եւ կերպարանափոխող աշխատանքները, Կանադայում ապրած,
սակայն Հայաստան տեղափոխված քանդակագործ Ջորջ (Գեւորգ) Կասաբյանի մաքուր
ֆորմաների աբստրակտ կտավները։ Բոլոր հինգ նկարիչներն էքսպերիմենտներ են
անում եւ փորձում հասկանալ մարդ արարածի ստեղծագործելու կարողությունները,
նորն ընկալելու սահմանները։ Անշարժ գեղանկարչությանը շարժում եւ միտումներ
է փոխանցում բեմականացված պարային պերֆորմանսը, որը ցուցադրվեց
պատկերասրահի բակում՝ կենդանի երաժշտության ուղեկցությամբ։ «Այսօրվա մարդը
խողովակներով եւ լարերով կապված է համակարգչին եւ մոռացել է, որ
իդեալականը միայն բնությունն է»,- ասաց Վահան Ռումելյանը։ Իսկ պերֆորմանսի
սցենարի հեղինակ Արա Հայթայանը պարզաբանեց. «Պերֆորմանսի գաղափարը ծագեց
Վարդան Թովմասյանի մոտ, իսկ ես բեմականացրեցի։ Պարային ներկայացումը ես
ուզում էի ցուցադրել Սեւանի ափին՝ Շորժայում, պարող աղջիկները պետք է ջրի
մեջ մտնեին եւ մաքրեին իրենց վրայի ներկը։ Գույնը պետք է ծորեր իրենց
վրայից»։ Սեւանը չկար եւ գույնը ծորաց ծառերին փակցված պաստառին՝
արթնացնելով մեր օրերին բնորոշ ասոցիացիաները՝ մաքուր վայրագ բնության եւ
տեխնիկական առաջընթացի կոնֆլիկտը։ Ջուրը պետք է լիներ այն տարերքը, որի
մեջ սուզվելով, պերֆորմանսի մասնակից աղջիկները կմաքրագործվեին եւ
կվերադառնային իրենց ակունքներին։ «Երեք պարուհիներն էլ մեր այսօրվա
կյանքն են խորհրդանշում։ Կա ճշգրիտ երկրաչափական աղջիկ՝ պարտադիր բջջային
հեռախոսը ձեռքին, կա անկանոն, էքսպրեսիվ շարժումներ անող եւ տեխնիկական
լարերից ազատվել ցանկացող աղջիկ, եւ կա այսօրվա հոգեբանությունն ունեցող
երիտասարդ եւ սեթեւեթ 14-ամյա աղջիկ, ով նոր մտածելակերպ ունի»,- ասաց Ա.
Հայթայանը։ Երիտասարդ աղջիկը պերֆորմանսի վերջում պաստառին գրում է
երջանկության բանաձեւը, որի մեջ սակայն հեղինակները խնդրում են իմաստ
չփնտրել։ Բանաձեւը պայմանական է, այն միայն ճանապարհ է։ Ինքնարտահայտվելու
մղումը հինգ նկարիչներին ստիպում է այլաբանությանը դիմել։ Բնականի եւ
արհեստականի հակադրությունը բոլորս սկսել ենք շատ սուր եւ ցավոտ զգալ։
Կարոտում ենք մի բան, որը մեր կյանքում այլեւս չկա եւ ուզում ենք ազատվել
եղածից։ Ազատվել` նշանակում է` կոտրել բջջային հեռախոսը եւ պոկել
խողովականման լարերը, որոնք կապում են տեխնիկայի աշխարհի հետ։ Մշուշոտ
գաղափարով եւ գեղեցիկ ու յուրահատուկ այս պերֆորմանսն «Արվեստը
սեպտեմբերին» խորագիրն ունեցող այս ցուցահանդեսի սկիզբն էր։ Այն հուշում
էր, որ ստեղծագործելու սահմաններն անսահման են։ Միջոցներն են տարբեր։